Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Գեղարքունիքում մեղավորներ են փնտրում, թե ով չի հրապարակում ավագանու որոշումները



Գեղարքունիքի մարզի համայնքների ավագանիների որոշումների զգալի մասը կամ չեն տեղադրվում մարզպետարանի կայքէջում, կամ՝ բավականին ուշացումներով: Իսկ համայնքներ էլ կան, որ որոշումները տարիներով հրապարակված չեն: Մարզպետարանը պատճառաբանում է, թե համայնքների աշխատակազմերի քարտուղարները ավագանու որոշումները ժամանակին չեն առաքում մարզպետարան, ճիշտ հակառակն են պնդում քարտուղարները:

Բանն այն է, որ համայնքի աշխատակազմի քարտուղարը պետք է ապահովի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրատարակումը: Աշխատակազմի քարտուղարի վրա է դրված նաև ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների 7-օրյա ժամկետում մարզպետարան առաքելու պարտականությունը:

Ավագանու որոշումների հրապարակայնության ապահովման տարբերակներից մեկն էլ համապատասխան մարզպետարանների պաշտոնական կայքէջի «Համայնքի ավագանու որոշումներ» բաժնում դրանք տեղադրելն է:

Մարզի 91 համայնքից 17-ի՝ Ազատ, Ախպրաձոր, Արծվանիստ, Արեգունի, Զոլաքար, Լիճք, Լճավան, Լուսակունք, Ծովակ, Ծովինար, Կախակն, Մաքենիս, Նորաբակ, Նորակերտ, Վերին Շորժա, Վանևան, Տրետուք, ավագանու 2017թ. որոշումներից և ոչ մեկը հրապարակված չէ մարզպետարանի կայքէջում: Նախորդ տարիների որոշումները ևս ամբողջական չեն:

Օրինակ՝ Ազատ համայնքի ավագանու կայքում հրապարակված վերջին որոշումը վերաբերում է 2016թ. մայիս ամսվան: 2015թ.-ին հրապարակվել է սեպտեմբերին ընդունված ընդամենը 2 որոշում: 2 որոշում էլ հրապարակվել է 2014թ.-ի ապրիլին և այդպես շարունակ:

Ազատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մնացական Դանիելյանն ասաց, որ ժամանակին իրենք ավագանու որոշումներն ուղարկել և հիմա էլ ուղարկում են մարզպետարան, իսկ թե ինչու դրանք չեն տեղադրվել կայքէջում՝ չի կարող ասել:

Մ. Դանիելյանի խոսքով՝ համայնքապետարանը համակարգիչ չունի և իրենք հնարավորություն չունեն դրանք անձամբ տեղադրել: Համակարգչի բացակայության պատճառով չեն էլ հետևել, թե երբ է որոշումները կայքում հրապարակվում: Ստացվում է, որ այս դեպքում թերանում է մարզպետարանի աշխատակիցը:

Նմանատիպ պատասխաններ տվեցին նաև այլ համայնքներից:

Իսկ Զոլաքար համայնքի ավագանու վերջին որոշումը մարզպետարանի կայքէջում հրապարակվել է 2015թ.-ի ապրիլին: Համայնքապետի հետ չկարողացանք կապ հաստատել հասկանալու համար, թե իրենց համայնքին վերաբերող որոշումներն ինչու հրապարակված չեն:

Այնպես չէ, որ մյուս համայնքների դեպքում պարտաճանաչ տեղադրվում են: Օրինակ՝ Մարտունի գյուղական համայնքի ավագանու վերջին որոշումը հրապարակվել է 2017թ.-ի հունվարին: Որոշ համայնքների դեպքում էլ որոշումները հրապարակում են ոչ ամբողջական, ասենք՝ բացակայում են հավելվածները և այլն:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ մարզի համայնքների ավագանու որոշումները համայնքների կողմից առաքվում են մարզպետարան, այնուհետև մարզպետի կողմից որոշման մեկ օրինակը մակագրվում է մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին և տեղադրվում մարզպետարանի պաշտոնական կայքէջի համապատասխան բաժնում:

Ս. Խլղաթյանի փոխանցմամբ՝ մարզպետարանը ավագանու որոշումները հրապարակելու ուղղությամբ համայնքներում իրականացնում է իրավական հսկողություն և համայնքների ղեկավարներին առաջարկվում է ապահովել ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների առաքումը մարզպետարան:

«Մարզի որոշ համայնքներում ավագանու որոշումների հրապարակման հետ կապված համայնքները խնդիրներ են ունեցել՝ կապված տեխնիկական և կապի միջոցների հետ: Զոլաքար համայնքում, բացի տեխնիկական միջոցներից, եղել է խնդիր համապատասխան համայնքային ծառայողի հետ կապված, ով թերացել է իր աշխատանքում և համայնքի ղեկավարի կողմից ենթարկվել է կարգապահական տույժի»,- նշում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

Ուշագրավն այն է, որ Զոլաքար համայնքում արդեն 2 տարի է «տեխնիկական միջոցների» թերությունները և «համայնքային ծառայողի» թերացումները չեն վերացվել, ինչը չի անհանգստացնում մարզպետարանին:

Սևակ Խլղաթյանն ասում է, որ մարզի բոլոր համայնքներում օրենքով սահմանված ժամկետներում հրավիրվել են ավագանու նիստեր և ընդունվել համապատասխան որոշումներ, սակայն որոշ համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարների անփութության պատճառով, ավագանու ընդունած որոշումները մարզպետարան չեն առաքվել:

«Քանի որ համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարները համայնքային ծառայողներ են, ապա նրանց կարգապահական տույժի կարող են ենթարկել միայն համայնքների ղեկավարները»,-ավելացնում է Սևակ Խլղաթյանը:

Գլխավոր լուսանկարը՝ մարզպետ Բոթոյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ