Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Մարսի» բնակիչները


Գուսան Շերամի փողոցում գտնվող հայտնի լողավազանից մի քանի մետր հեռավորության վրա խաչմերուկ կա, որից սկսվող ասֆալտե ճանապարհը ուղևորին տեղափոխում է այլ իրականություն: Մի քանի հարյուր մետրի վրա առանձնատներ են, ապա երևում է «Մարս» գործարանի հսկա կառույցը, որից հետո ճանապարհը, կարծես, անապատ է մտնում:

Ճանապարհի երկայնքով խոտը խանձվել է արևից, այս ու այն կողմերում երկաթյա թափոններ են՝ հին գազօջախներ, կենցաղային սարք ու տեխնիկա, մեքենաներ... Տեսարանը մռայլ է, տարածքն անմարդաբնակ է թվում, բայց քիչ հեռվում գտնվող շենքից կախված գունավոր լվացքը հուշում է բնակելի լինելու մասին:

Բնակիչները պատմում են, որ նախկինում այստեղ ռոբոտների գործարանի հրշեջ դեպոն էր, որը բնակելի է դարձել 1997-1998 թթ.: Սարգիս Իսկանդարյանն ասում է, որ իրենց ընտանիքն առաջիններից է, որ հաստատվել է շենքում: Այն ժամանակ ջուր, էլեկտրական հոսանք, կոյուղի չկար, բնակիչներն իրենց ուժերով են ստեղծել հարմարությունները:

Թամարա Հարությունյանի ընտանիքն այստեղ տեղափոխվել է 2001-ին: Մեկ տարի ապրել են առանց պատուհանների, ջրի ու կոյուղու, մինչև ժամանակավոր լուծում են տվել: Թեև հիմա հոսանք ունեն, բայց ասում է, թե լարերն այնքան վատ վիճակում են, որ վախենում են միացնել էլեկտրական սարքերը:

Քառահարկ շենքի աստիճաններով բարձրանալիս էլ կարելի է տեսնել օդում կախված հոսանքի լարերի փունջը, հյուրերին զգուշացնում են՝ զգույշ անցեք:

«Կոյուղին վատ վիճակում է, մի կերպ ամրացրել ենք, 22 տարեկան տղա ունենք, մի կերպ սարքել ենք, բաղնիքը որ մտնեք, կտեսնեք: Աղքատիկ վիճակ է, էս դարի ապրող մարդկանց համեմատ մենք հետ ենք կյանքից, քարի դար որ ասում են, դա է, անհարմար զգալով ենք ապրում»,- նշում է բնակչուհին:

Հիմա շենքում բնակվում է 41 ընտանիք: Տեղացիների ասելով՝ շենքում ապահոված մարդ չես գտնի, բնակիչների մի մասը հավաքարարություն է անում, զուգարան է մաքրում, ափսե է լվանում, բայց խնդիրներ կան, որոնց լուծումն իրենց ուժերից վեր է:

Ասում են, թե երբ մեկին հագուստ են նվիրում, հարևաններին էլ է բաժանում, ամեն բան կիսում են իրար հետ, բայց պայմանների պատճառով տարաձայնություններ էլ են լինում:

Անահիտ Մանուկյանն աշխատում է «Կիլիկիա» գարեջրի գործարանում արդեն 25 տարի: Պատմում է, որ ամեն առավոտ վախենալով է հասնում կանգառ՝ աշխատանքի գնալու համար: Տարածքում շները շատ են, ստիպված հաց է վերցնում, որ շները չհարձակվեն: Տրանսպորտի համար քայլում է մոտ 1 կմ, մինչև հասնում է Փարաքարի խճուղի:

«Բաղնիք ունենք, բայց չենք կարողանում լողանալ, ծակուծուկերը բաց են, լցվում է հարևանի տուն: Ոնց ասեմ, աշխատանքիս տեղը լողանում եմ, գալիս եմ, պապայիս տաշտի մեջ եմ լողացնում, հետո ջուրը կամաց-կամաց տանում թափում եմ»,- վրդովված ասում է նա:

Հարևաններն էլ են միանում զրույցին, թե իրենցից շատ-շատերն են այդ վիճակում: Շենքում առնետներ, կարիճներ, մորմեր կան: «Ամեն անկյունում կռիսի դեղ եմ դրել, որ չգան մեր վրայով ման գան»,- նշում է Անահիտ Մանուկյանը:

«Շենքը վթարային է, շատ վատ վիճակ է, անտանելի է, շունը երևի մեր նման չի ապրի: Ուղղակի շան պես ապրում ենք, էս պետությունն ի՞նչ է մտածում, էս շենքից իսկի աղջիկ չեն գալիս ուզելու: Եկել էին մեր հարևանուհու աղջկան ուզելու, որ իմացան շենքի մասին, ասել էին՝ էդ ի՞նչ շենք է, որ գանք էդտեղից աղջիկ ուզենք»,- պատմում է Քրիստինե Կարապետյանը: Ասում է՝ ջահել աղջիկներն ամաչում են ընկերուհիներին հրավիրել տուն, չեն ուզում, որ ուրիշներն իմանան իրենց պայմանների մասին:

Բնակիչների ներկայացմամբ՝ բազմիցս դիմել են Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարան, բայց որևէ հարցի լուծում չի տրվել: Շենքը, նրանց ասելով, վթարային է, թեև երբևէ փորձաքննություն չի արվել: Ասում են՝ առանց դրա էլ պարզ է:

Մեր այցելությունից օրեր առաջ, Քրիստինեի փոխանցմամբ, թաղապետարանից եկել էին իրենց շենք. «Երեք բնակարան են մտել, իմ տուն էլ մտան, գրեցին, թե քանի երեխա ունեմ, ամուսին ունեմ, աշխատում է: Գրեցին, դուրս եկան, հետո մտան հարևանիս տուն, քանդած պատերով տուն, նայել էին, ասել, թե էդ ա՝ լավ ա, տելեվիզոր ունեք: Տունը քանդած է, մի տելեվիզոր էլ չունենա՞ն, որ նայեն: Հետո իջել էին մի ուրիշ տուն, էդ նույն բանն էլ իրենց էին ասել: Ընդամենը 3 տուն մտան, թե ինչն էր հետաքրքրում, չիմացանք»:

Բնակիչների խոսքով՝ ամեն անգամ ընտրություններից առաջ խոստումներ են տալիս, բայց դրանից որևէ բան չի փոխվում: «Էդքան ժողովրդի տարան, թե էս կանենք, էն կանենք... Ոչ մի բան չեն արել, ընտրեցինք, բա խի՞ չեք արել... Հանրապետական ենք ընտրել ամեն անգամ էլ, դե թող օգնեն, ինչի՞ չեն օգնում»,- ասում է Քրիստինեն:

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ հետաքրքրվելով այս շենքի հնարավոր վթարայնության աստիճանի, դրա ամրակայման կամ բնակիչներին այլ շենք տեղափոխելու ծրագրերի և շենքի բնակարանների հնարավոր սեփականաշնորհման մասին, քանի որ սենյակ-բնակարանները նրանց սեփականությունը չեն:

Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից հայտնել են, որ Րաֆֆու 111 հասցեում գտնվող անշարժ գույքի վթարայնության վերաբերյալ եզրակացություն առկա չէ, հետևաբար այն ընդգրկված չէ ամրացման կամ քանդման ենթակա բազմաբնակարանային շենքերի ցանկում: Քաղաքապետարանը նշել է նաև, որ անշարժ գույքը պատկանում է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ին, «ինչի պարագայում նշված շենքից բնակարանների մասնավորեցման գործընթացը Երևանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է»:

Շենքի բնակիչների նվազագույն ցանկությունը բնակարանները մասնավորցնելն է, քանի որ մտավախություն ունեն, թե մի օր կարող են գալ ու իրենց դուրս հանել շենքից, իսկ այդ դեպքում պարզապես կմնան փողոցում:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Այս թեմայով

... կարդացեք ավելին «Աղքատություն» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։