HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանից այն կողմ. Ադրբեջանում հայտնվող հայ գերիների կյանքն ու ճակատագիրը

Անուշ Թորոսյան

1992 թ. օգոստոսի 29-ին Անգին ու Բենիկ Բեջանյանների 17-ամյա որդին՝ Խաչիկ Բեջանյանը, միացավ ռազմի դաշտ մեկնող 21 ընտրյալների խմբին: Տղաներն օգնության էին գնում Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղին: Խաչիկը մեկնեց՝ հակառակ ծնողների հորդորին՝ չգնալ: 22-ից միայն Խաչիկը չվերադարձավ: Տեղեկություններ կային, որ նա վիրավորվել է և գերի ընկել, սակայն նրա հետագա ճակատագրի մասին այդպես էլ որևէ լուր չեղավ:  Ծնողները հույսը չէին կորցնում: Բեջանյանների բակի լույսը գիշեր թե ցերեկ՝ միշտ վառ էր. նրանք սպասում էին որդուն:

Ադրբեջանում գերության մեջ հայտնվող և անհետ կորած հայերի խնդրով առաջինը սկսել է զբաղվել «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ն: Կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը նշում է՝ անհետ կորածների ու ադրբեջանական գերության մեջ հայտնվածների տարբեր ցուցակներ կան, դրանցից ամենամեծն իրենցն է: Ցուցակում այժմ մոտ 950 անուն կա՝ մինչև հինգ անուն անճշտությամբ: Կազմակերպությունը տարիներ շարունակ, ըստ միջազգային օրենքի, ցուցակում պահում է այն 500-ից ավելի անձանց ազգանունները, ովքեր անհետ կորել են 1992 թվականին՝ Մարտակերտում, Շահումյանում: Այդ շրջանում, ցավոք, միայն 19 հոգի է վերադարձվել, մյուսների ճակատագիրն անհայտ է: Ցուցակից դուրս են մնում մեր՝ պատանդ կամ զինգերի ընկածները, որոնցով զբաղվում է արդեն իսկ գործող պետական հանձնաժողովը:

«Դեռ խորհրդային շրջանում՝ 1989 թ. նոյեմբերից արդեն Արցախում տղամարդիկ պատանդառվեցին, ընտանիքներ եղան՝ ծեծված, կողոպտված. Մարտակերտի շրջանում 15 ընտանիք ուզում էր նոր գյուղ ստեղծել, բայց ենթարկվեց սովետական բանակի և Ադրբեջանի ՕՄՕՆ-ի հարձակմանը, ընդ որում՝ հետաքրքիր է, որ նույնը կրկնվել է 1993 թվականին՝ «Օղակ» գործողության ժամանակ: Մենք, լինելով միակ նկարագրողը այդ դեպքերի, հասկացել ենք, որ այդպիսի գործողություններ ծրագրվել են վաղուց, մինչև անգամ այդպիսի «փորձ» է արվել: Դա սովետական բանակի ձեռագիրն է, որն օգտագործվել է և Աֆղանստանում»,- ասում է Ալավերդյանը:

1989-1991 թթ. տեղի էին ունենում նախ՝ հատվածական գործողություններ. մարդիկ առևանգվում էին, խոշտանգվում ու վերադարձվում էին, վաճառվում կամ էլ անհետ կորչում: Արդեն 1991-ի մարտին կազմակերպության ցուցակում կար 23 անհետ կորածի անուն:

Ալավերդյանի խոսքով՝ այդ երեք տարիներին մոտ 8 000 մարդու այդպես ժամանակավոր գերի են վերցրել, թողել են ադրբեջանական գյուղերի ու քաղաքների բնակչության մեջ: Նրանցից ոչ բոլորի առողջական վիճակին ու ճակատագրին են կարողացել հետևել, բայց ահա «Օղակ» գործողությունից կազմակերպությունն ունեցել է 227 ազգանունից բաղկացած ստույգ ցուցակ՝ մի շարք տվյալներով՝ թե որ բանտում են, որ խցում, ինչի համար են մեղադրվում, ինչ հոդվածով են դատապարտվելու և այլն: Դրանք առաջին տվյալներն էին:

Ավելի քան 250 հոգու վերադարձրել են Մոսկվայի հայ համայնքի աշխատանքի շնորհիվ, նրանց կարողացել են վերադարձնել իրենց տները, սակայն՝ աննկարագրելի վատ վիճակում: 1993 թվականին կազմակերպության ցուցակում արդեն կար ավելի քան 2000 անուն: «Պետք է ասել, որ այդ մարդիկ, որոնք վերադարձվել են, վերադարձվել են զուտ մարդկային հարաբերությունների շնորհիվ: Հիշեցնեմ, որ արդեն 92 թվականից մենք պաշտոնական որևէ հարաբերություն չենք ունեցել»,- նշում է Ալավերդյանը:

Արդեն 1994 թ. հստակ տվյալներ կային՝ Ադրբեջանում ստեղծված է համակենտրոնացման ճամբար, որը, ըստ որոշ տեղեկությունների, եղել է՝ սկսած 1991-ից: Ճամբարը «Գոբուստան» կոչվող ամայի մի վայրում է, որտեղ պահում են ոչ միայն հայերին, որոնք գերեվարվել են կամ ուղղակի առևանգվել, այլև այն ադրբեջանցիներին, ում վերադարձնում էին ռազմական գործողությունների ժամանակ՝ լինի Արցախից կամ Հայաստանից: 

«Ադրբեջանն այդ տարիներին վերադարձրել է երկու անգամ ավելի շատ մարդ, քան մենք, ու ոչ միայն այն պատճառով, որ ավելի շատ ադրբեջանցի է գերի ընկել, այլև այն պատճառով, որ Հայաստանում միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ մշտապես եղել է բավական հարգալից վերաբերմունք՝ պետական մակարդակում»- ասում է Ալավերդյանը:

Կազմակերպությունը երբեք չի հանրայնացնում՝ ինչ խոշտանգումների են ենթարկվում Ադրբեջանում հայտնվողները, քանի որ ազգամիջյան ատելություն առաջացնելուց բացի՝ այլ նշանակություն չի ունենա: «Մենք աշխատել ենք միջազգային հումանիտար իրավունքի դաշտ մտնել և ցուցաբերել ասիմետրիկ վերաբերմունք ադրբեջանցիներին: Ցավոք, դա չի ստացել շարունակություն»,- ասում է ՀԿ նախագահը: Հայկական կողմը նախորդ տարի 99 հոգանոց երկու ցուցակ է տվել Կարմիր խաչին, որ հետախուզության տվյալներով են ստացվել, բայց, ցավոք, որևէ ճշտում դեռ չեն ստացել. Կարմիր խաչը ևս չի կարողանում ո´չ հաստատել, ո´չ հերքել այդ տվյալները:

Վերադարձածների մեծ մասը հետագայում լքում է Հայաստանը, քանի որ դժվար է պատկերացնում իր կյանքն այստեղ, թվում է՝ իրեն տեսնող է եղել, գիտեն՝ ինչ է տեղի ունեցել, չի ուզում ծանոթներին տեսնել: Եղել է նաև ինքնասպանության դեպք. ազգությամբ եզդի Տիկո Տիկոյանը վերադարձից հետո ինքնասպան է եղել: Ալավերդյանը նշում է՝ եզդի գերիների հանդեպ ադրբեջանցիների վերաբերմունքն ավելի դաժան է, քան հայերի հանդեպ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այսօրվա դրությամբ ՀՀ-ից անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 200-ից ավելի է. տարբեր տարիներին ստույգ, հավաստի տեղեկություններ են ստացվել նրանցից 91-ի՝ ադրբեջանական գերության մեջ գտնվելու վերաբերյալ: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը նշում է, որ սերտորեն գործակցում են նաև միջազգային կազմակերպությունների հետ, մի քանի տարի առաջ անգամ փորձել են խնդիրը հասցնել ադրբեջանական համապատասխան մարմիններին, սակայն ադրբեջանական կողմից ոչ մի խելամիտ կամ հավաստի պատասխան չի ստացվում, ավելին՝ ադրբեջանական կողմը հաճախ կասկածի տակ է դնում տվյալ անձանց՝ արցախյան հակամարտության հետևանքով անհետ կորչելու հանգամանքը:

«Պաշտոնապես հայտարարեմ, որ 2009-ից սկսած՝ ոչ մի գործակցության մասին խոսք անգամ չի կարող լինել: Բոլոր մեր հարցումները մնացել են անպատասխան, բոլոր մեր նախաձեռնությունները մնում են անարձագանք առ այսօր: Ձեռագիր, այո, փոխվել է, բայց բացասական առումով: Ոչ մի դրական միտումի մասին չենք կարող խոսել: Խոսքը 2008-ի վերջի, 2009-ի սկզբի մասին է: Այս ժամանակից ի վեր միայն բացասական միտում է նկատվում»,- ասում է նա: Կապրիելյանը նշում է՝ նույնը չի կարող ասել Նախիջևանի ինքնավար հանրապետության համապատասխան օղակների մասին. վերջին տարիներին այդ կողմում հայտնված և հետագայում հայրենադարձված գերիները փաստում են՝ վերաբերմունքն անհամեմատ մարդկային է, քան Ադրբեջանի մյուս մասում:

Կապրիելյանի խոսքով՝ առաջնային խնդիր է մեր քաղաքացիների իրազեկումը, ինչն էլ հիմա փորձում են ամուր հիմքերի վրա դնել, համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվում սահմանամերձ շրջանների բնակիչների հետ, ինչպես նաև զորամասերում, զորամիավորումներում, որ լինեն զգոն, ուշադիր: «Հասկանում ենք՝ որևէ մարզի, շրջանի բնակիչ, երբ զորակոչվում է և ընկնում է մեկ այլ՝ բոլորովին անծանոթ միջավայր, ասենք՝ երևանցին Տավուշի սահմանամերձ զորամասերից մեկը, բնական է՝ տեղանքն անծանոթ է, իսկ երբեմն եղանակային անբարենպաստ պայմանները, վատ տեսանելիությունը կարող են պատճառ դառնալ, որ մարդը ճանապարհը շփոթի և հայտնվի հակառակորդի կողմում»,-ասում է նա:

Հանձնաժողովին առընթեր գործում է աշխատանքային խումբ, մեծ աշխատանք է տարվում գերությունից վերադարձած անձանց հետ՝ լինեն զինծառայողներ, թե քաղաքացիական անձինք, խաղաղ բնակիչներ: Նրանք նախ, ըստ գործող կարգի, հանգամանորեն բուժզննություն են անցնում, ստանում և´ բժշկական, և´ հոգեբանական աջակցություն: Այնուհետեւ, երբ անձն ադապտացվում է և անցնում իր բնականոն առօրյային, հանձնաժողովը պատրաստակամ է օգնել նրան՝ ցանկացած հարցի դեպքում:

Անհետ կորածների հաշվառման դեպքում վաղեմության որևէ ժամկետ չկա. կան անձինք, որոնք անհետ կորած են համարվում դեռ պատերազմի տարիներից: Անձը ցուցակից հանվում է միայն նրա ճակատագիրը հստակ և վերջնական պարզաբանելուց հետո. կամ եթե գտնվում է, ողջ է, կամ՝ եթե ստացվում են փաստացի ապացույցներ նրա մահվան վերաբերյալ:

Ադրբեջանի կողմից գերեվարված և բանտում սպանված Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանի իրավահաջորդների փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ Սարիբեկյանի գործն արդեն եզրափակիչ փուլում է, այսինքն՝ գրավոր դատավարությունը 2010-ից ընթացքի մեջ է, 2015-ին այս գանգատը կոմունիկացվել է երեք մեծ գանգատների հետ՝ առաջին անգամ (Գուրգեն Մարգարյանի կամ Սաֆարովի, Մամիկոն Խոջոյանի ու Արթուր Բադալյանի գործերի հետ – հեղ. ): Եվրոպական դատարանը գանգատները կոմունիկացրել է տարբեր հոդվածներով, բայց բոլորը միավորել է նաև 14-րդ հոդվածով՝ խտրականության արգելքի, այսինքն՝ ռասիզմի:

«Սա նորություն էր մեզ համար: Ու մինչ մենք զբաղված էինք այս գործերով, այս ալիքի վրա, թե այս համատեքստում ապրիլյան դեպքերը տեղի ունեցան, մենք այդտեղ էլ հավաքեցինք մոտ երկու տասնյակ գործ՝ կապված զինված բախման ընթացքում զոհված մեր զինվորների ինչ-ինչ իրավունքների հետ, գումարած Թալիշի երեք տարեցների դեպքը, դրանք ուղարկեցինք ՄԻԵԴ: Օգոստոսին արդեն Եվրադատարանն արագացված կարգով սկսեց այդ գործերը քննել: Ենթադրում եմ, որ ՄԻԵԴ-ում զարմացած են 21-րդ դարում նման բան կատարվելուց, այն էլ՝ ԵԽ տարածքում, սա պետք է որ շատ լուրջ ազդանշան լինի ՄԻԵԴ համար»,- ասաց Ղազարյանը:

Սարիբեկյանի գործով, ըստ փաստաբանի, ճնշումների մասին խոսք չկա. Հայաստանը Սարիբեկյանի և մյուս երեք գործերով ՄԻԵԴ-ից հրավիրվել է որպես երրորդ կողմ: Սարիբեկյանի ծնողները կարծում են, որ իրենց որդին ոչ թե զոհվել է կամ ինքնասպանություն գործել` ինչպես ներկայացնում են Ադրբեջանի կառավարությունից, այլ սպանվել է բանտում և սպանվել՝ զուտ հայ լինելու պատճառով: Կա նաև դատաբժշկական փորձաքննություն, ըստ որի՝ ենթադրաբար, նա ենթարկվել է կտտանքների մինչև «ինքնասպանությունը», դարձյալ նույն պատճառով. նա հայ էր: Այսինքն՝ այստեղ ևս գալիս է 14-րդ հոդվածը: Մնացածը պարզ կլինի, երբ դատական ակտը հրապարակվի:

Մեր գանգատներից հետո ադրբեջանցիները սկսեցին գանգատներ ներկայացնել ընդդեմ Հայաստանի: Ըստ փաստաբանի՝ ամենայն հավանականությամբ գանգատ են ներկայացրել երկու դիվերսանտները, որոնք պատիժը կրում են Արցախում. ընդ որում՝ գանգատ են ներկայացրել ընդդեմ Հայաստանի, մինչդեռ վարույթն իրականացվել է Արցախում: Ադրբեջանը ներկայացրել է նաեւ մի քանի գործ՝ ապրիլյան դեպքերի հետ կապված՝ իր քաղաքացիների նկատմամբ ենթադրաբար ինչ-ինչ խախտումների հայցով: Բայց, ինչ խոսք, համեմատության եզրեր չկան երկու կողմի ներկայացրած գործերի միջեւ:

Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու առումով ժամկետային որևէ սահմանափակում չկա: Փաստաբանի խոսքով՝ ամեն նոր օր, որը սկսում է նրանով, որ այսինչ մարդն անհետացած է, նոր խախտում է: Ղազարյանը հուսով է՝ ՄԻԵԴ ներկայացված գանգատների մասով արդար դատավարությանը քաղաքականությունը չի խանգարի:

 «Ես ուզում եմ՝ Սարիբեկյանի գործով հնարավորինս շուտ լինի վճիռը, որովհետև դա կլինի այս կոնֆլիկտի վերաբերյալ առաջին վճիռը կամ երեք-չորս գործով առաջին վճիռների խմբաքանակը»,- ասաց նա: Ղազարյանը նշեց, որ ապրիլյան դեպքերի մի մասը ևս արագացված կարգով կքննվի, դրանց վերաբերյալ ՄԻԵԴ-ը կարող է շատ շուտ վճիռ կայացնել՝ ամիսների ընթացքում:

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարությունը որպես երրորդ կողմ ներգրավվել է Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված չորս ՀՀ քաղաքացիների վերաբերյալ գործերով: Նշված գանգատներից երեքի վերաբերյալ ՀՀ կառավարությունն արդեն ներկայացրել է պաշտոնական դիրքորոշում, իսկ մեկ գործով ՀՀ կառավարությունը որպես երրորդ կողմ ներգրավվելու ցանկություն հայտնել է, սակայն դիրքորոշում հայտնելու նպատակով գործը դեռ Եվրոպական դատարանի կողմից չի կոմունիկացվել: ՀՀ կառավարությունը չի կարող նշել, թե ներկայում այդ գանգատները քննության որ փուլում են: Մինչ օրս վերը թվարկված որևէ գործով Եվրոպական դատարանի կողմից վճիռ կամ որոշում չի կայացվել:

Գրաֆիկան՝ Հերբերտ Գևորգյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter