HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թռչկանի հարցով նամակ՝ գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
«Պահպանենք «Թռչկան» ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անունից
Քաղ. Մերի Խաչատրյան

Հարգելի պարոն Հովսեփյան,
Հարկադրված ենք մեկ անգամ ևս դիմել Ձեզ, քանզի ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից ս.թ. նոյեմբերի 25-ին թիվ 5-410-2011 գրությամբ ստացել ենք մի պատասխան, որը բացարձակապես չի պատասխանում մեր դիմում-բողոքում առաջադրված հարցադրումներին: Մասնավորապես, բավարված չէ մեր բարձրացրած ամենագլխավոր պահանջը, այն է՝ բացահայտել և պատասխանատվության ենթարկել օրինախախտ պաշտոնյաներին ու փորձագետներին:

Ըստ էության, այդ պատասխանում ոչինչ ասված չէ, թե ՀՀ գլխավոր դատախազությունն ինչ գործողություններ է ձեռնարկել այս ուղղությամբ և/կամ ինչ եզրահանգումներ արել:

Հարկ ենք համարում նշել, որ մոտավորապես նմանատիպ պատասխաններ էինք ստացել ՀՀ կառավարությունից և ՀՀ բնապահպանության նախարարությունից, բայց ՀՀ գլխավոր դատախազությունից ակնկալում էինք շատ ավելի իրավաչափ պատասխան:

Խնդրում ենք տեղեկացնել՝ արդյոք ՀՀ գլխավոր դատախազությունում ըստ էության կամ առարկայական ուսումնասիրվել են մեր բարձրացրած հարցերը, և եթե քննարկվել են, ապա ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակներում ինչ գործողություններ և միջոցառումներ են ձեռնարկվել:

Մենք ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջել էինք ու շարունակում ենք պահանջել.

1) պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց և փորձագետներին, ովքեր տվել են բնության ջրագրական հուշարձան համարվող «Թռչկան» ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու թույլտվություններ և դրական եզրակացություններ՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները (մեր առաջին դիմումում մանրամասնորեն թվարկել ենք այդ պահանջները),

2) իրականացնել համալիր անկախ փորձաքննություն՝ շինարարական աշխատանքներն անփույթ իրականացնելու արդյունքում պետությանը և համայնքին հասցված վնասը գնահատելու նպատակով,

3) պատասխանատվության ենթարկել շինարարություն իրականացնող ընկերությանը և պարտավորեցնել նրան վերականգնելու իր հասցրած վնասը:

Եվս մեկ անգամ մենք պնդում ենք, որ բնապահպանության ոլորտում պետական իրավասու մարմնի՝ մի շարք պաշտոնատար անձանց և փորձագետների, ովքեր օգնել էին նախաձեռնողին ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթեր և սկսել շինարարությունը բնության հատուկ պահպանվող տարածքում, գործողություններում առկա են ՀՀ քրեական և վարչական օրենսգրքերով նախատեսված մի շարք արարքներ, որոնք հիմք են վարչական և քրեական գործ հարուցելու համար:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ ևս մեկ անգամ դիմում ենք Ձեզ՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ օրինախախտումները, կեղծիքներն ու ապօրինությունները բացահայտելու, և այն թույլ տված կամ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Այլապես կստացվի, որ բնապահպանության ոլորտում առկա արատավոր երևույթները ՀՀ իրավապահ մարմինների կողմից աչքաթող անելու և իրավախախտումներ իրականացրած պաշտոնատար անձանց պատասխանատվության չենթարկելու արդյունքում, նրանք, արդեն բացահայտ, շարունակում են անօրինական եզրակացություններ ու թույլտվություններ տրամադրել, քանզի համոզված են, որ հանրապետությունում տիրում է անպատժելիության մթնոլորտ:

Ի վերջո, «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման ընթացում, ի թիվս այլ իրավախախտումների, փորձաքննություն իրականացնող լիազորված մարմինը, ձեռնարկողը և ներկայացնողը կոպտորեն խախտել են «ՀՀ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 17, 18, 19 և 20 հոդվածների պահանջները:

Սույն դիմում-բողոքը չծանրաբեռնելու համար հարկ ենք համարում կցել մեր նախորդ դիմում-բողոքը և պահանջում ենք ուսումնասիրել Թռչկան ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու թույլտվություն և դրական եզրակացություն տված պետական լիազոր մարմինների, ինչպես նաև գործընթացի հետ ուղղակիորեն առնչվող մյուս կառույցների և պաշտոնյաների գործողությունները և կայացրած եզրակացությունները, բացահայտել այդ գործընթացում առկա օրինախախտումներն ու ապօրինությունները և համապատասխան գործողություններ ձեռնարկել դրանք թույլ տված պաշտոնատար անձանց ու փորձագետներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ակնկալում ենք ստանալ լիարժեք և ըստ էության պատասխան:

Հարգանքով՝
Մերի Խաչատրյան
«Պահպանենք «Թռչկան» ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անունից
20.12.2011թ.

Մեկնաբանություններ (1)

Kar
Պարոն Հովսեփյան, այդ վոլորտը արդեն իսկ դարձել է կեղծիքների և մասնագիտացված մի մարմին, որը ջանք չի խնայում բնությանը և հետևաբար մեզ քաղաքացիներիս վնաս պատճառելու համար: Խնդրում եմ անհապաղ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ օրինախախտումները, կեղծիքներն ու ապօրինությունները բացահայտելու, և այն թույլ տված կամ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, հաշվի չառնելով անձնական հարաբերությունները, ինչի մասին շատերը գիտենք: Իրոք հերիքա էլի, անպատժելիության և անպատասխանատվության մտնոլորտին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter