HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանաձոր-Քիմպրոմի» տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում. ոստիկանությունը այս մասին ահազանգ է ստացել

Գայանե Սարգսյան

Երեկ երեկոյան նախ ֆեյսբուք սոցիալական ցանցում, ապա նաև լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ «Վանաձոր-Քիմպրոմի» տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում, իսկ ապամոնտաժված գույքը, բարձում են բեռնատարներն ու դուրս բերվում գործարանի տարածքից: Ըստ լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվության` գործարանի անվտանգության այդ օրվա հերթապահը «չի հերքել, թե քիչ առաջ գործարանի տարածքից մեքենա է բաց թողել»:

Ֆեյսբուքյան հարթակում ակտիվորեն շրջանառվում էր ապամոնտաժման օրինական-անօրինական լինելու հարցը:

Այսօր առավոտյան  աշխատանքային օրը դիմավորեցի «Վանաձոր-Քիմպրոմի» բակում: Շուտ էի գնացել, որպեսզի հասցնեմ հանդիպել երեկ հերթապահություն իրականացրած բրիգադի անդամներին: Գործարանի անցակետում  դիմավորեցին «Վանաձոր-Քիմպրոմի» անվտանգության ծառայության պետ Էդիկ Ղալեչյանն ու հերթափոխը նոր հանձնած անվտանգության հերթափոխի պետ Ռոբերտ Հարությունյանը, ով երեկ առնչվել էր տարածք այցելած լրագրողների հետ:  

Ռոբերտ Հարությունյան

Ռ. Հարությունյանը վրդովված նշեց, որ ինքը երեկ լրատվամիջոցներին որևէ տեղեկություն չի հայտնել գործարանից դուրս եկող մեքենաների մասին:

Ինչ վերաբերում է ապամոնտաժման աշխատանքների օրինականությանը, անվտանգության ծառայության պետ Է. Ղալեչյանն ասաց.

«Ինչպե՞ս կարող են մարդիկ մտնել ու ապօրինի ապամոնտաժել: Մեզ մոտ հնարավոր չի, որ լինի ապօրինի ապամոնտաժում: Մեզ մոտ անցագրային ռեժիմ է, այն իրականացվում է «Պանտերա» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից: Ապամոնատաժումը կատարվում է  կայացված աճուրդով, համապատասխան պայմանագրով, մեր հսկողությամբ: Մեր կողմից կատարվում է  հսկողություն ապամոնտաժման աշխատանքների ու ապրանքների դուրս բերման հարցում, ինչպես նաև իրականացնում ենք ընկերության ներքին կարգուկանոնի պահպանումը: Հնարավոր չէ, որ այստեղ ինչ-որ մեկն ապօրինի ապամոնտաժում իրականացնի»:


Էդիկ Ղալեչյան

Ապամոնտաժման աշխատանքների հետ կապված երեկ երեկոյան ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնում: Ահազանգը ստացած ոստիկանները շտապել էին դեպքի վայր, զրուցել հերթապահություն իրականացնողների հետ, կատարել տեղանքի ուսումնասիրություն, պահանջել ու ստացել հետաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Այսօր առավոտյան ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկացանք, որ հետաքննությունը դեռևս չի ավարտել, այս պահին հավաքագրված տեղեկատվության ստուգման աշխատանքներ են իրականացվում:

Կապ հաստատեցինք նաև «Վանաձոր-Քիմպրոմի» սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի հետ: Վերջինս տեղյակ չէր երեկվանից գործարանի շուրջ շրջանառվող լուրերից: Մեզնից տեղեկանալով շրջավառվող լուրերի ու ապամոնտաժման աշխատանքների անօրինականության վարկածի մասին` վերջինս պատասխանեց.

«Անվտանգության աշխատակիցներն այդտեղ հետևում են, հսկում են, վերահսկողություն են իրականացնում: Եթե մարդիկ որևէ բան նկատեն, անպայման տեղյակ կպահեն: Այս պահին ես չեմ կարծում, որ այդտեղ ապօրինի բան է կատարվում»:

Կ. Ասատրյանը պատասխանեց նաև իրականացվող աճուրդային գործընթացի ու քիմպրոմի հետագա ճակատագրին վերաբերող մեր հարցերին:

- Գործարանի անշարժ ու շարժական գույքը հանդիսանում են գրավի առարկա: Որպես կառավարիչ` դրանց հետ ընդհանրապես կապ չունեմ: Իսկ ինչը վաճառվում է աճուրդային գործընթացով՝ սնանկության վարույթի շրջանակներում, եթե գնորդները գալիս, ինչ-որ բան են գնում աճուրդով, հետևաբար, իրենց ապրանքը պետք է վերցնեն, տանեն:

-Քիմպրոմի ամբո՞ղջ գույքն է հանդիսանում գրավի առարկա, թե՞ մի մասը:

-Հիմնական միջոցները և անշարժ գույքը, 100 տոկոսը չէ, բայց 96-98 տոկոսը  Արդշինինվեստբանկի գրավն է:

-Երբվանի՞ց է սկսվել աճուրդային գործընթացը:

-Մեկ տարուց ավել է: Աճուրդները հրապարկային են, հայտարարություններն ինտերնետում տպվում են, մարդիկ նայում են, ինչն իրենց հետաքրքում է, գալիս են օրենքով սահմանված կարգով մասնակցում աճուրդին, եթե հաղթող են ճանաչվում, վճարում են համապատասխան լոտի համար ու գնում այն:

Աճուրդը ես եմ կայացնում, աշտարակներ են վաճառվել, սյուներ են վաճառվել: Մարդիկ եթե մի բան գնել են, հետևաբար պետք է գան, գնած ապրանքը տեղափոխեն իրենց տարածք:

-Որքա՞ն ժամանակ է, որ գործարանի տարածքում գնորդներն ինչ-որ աշխատանքներ են իրականացնում:

-Մեկ տարուց ավել է արդեն: Լուծարման վարույթ սկսելուց հետո աճուրդային գործընթացն է սկսվել: Բայց գրավի առարկա հանդիսացող գույքի հետ կապված որևէ առնչություն չունեմ ու որևէ իրավասություն չունեմ դրանց հետ կապված որևէ գործարք անելու: Այսինքն,  ինչը գրավ է, ես ոչ վաճառում եմ, ոչ տնօրինում: Ինչը ազատ է եղել գրավից, գույքագրման հանձնաժողովը դա է ֆիքսել ու ներկայացրել աճուրդի:

-Այսինքն, եթե գույքի 96-98 տոկոսը Արդշինինվեստբանկի գրավի առարկան է, աճուրդի է ներկայացվել գույքի 2-4 տոկոսը:

-Այո՛: Իսկ Արդշինինվեստբանկն իր գրավի իրավունքը զիջել է «Քիմպրոմ մենեջմենթ» ընկերությանը:

...Սնանկության վարույթ սկսելուց հետո մենք տարանջատել ենք գույքը երկու մասի. մի մասը բանկի գրավի առարկա էր հանդիսանում: Այդ ամբողջ գրավի առարկաները տարանջատվել են: Իսկ շրջանառու միջոցները՝ քիմիկատներ են, որոշակի սարքավորումներ են, կահույք և այլն, որպես շրջանառու միջոցներ` գույքագրող հանձնաժողովի կողմից գույքագրվել են, անկախ գնահատողների կողմից գնահատվել ու դատարանի թույլտվությամբ ներկայացվել աճուրդի: Իսկ գրավի առարկա հանդիսացող գույքի մասով բանկն այն ժամանակ մորատորիում չտարածելու դիմում ներկայացրեց դատարան` ասելով, որ իր գրավի առարկաների հետ կապված մորատորիում է տարածում, ու ինքը չի մասնակցում սնանկության վարույթին:  

-Ի՞նչ պարբերականությամբ են աճուրդներն անցկացվում:

-Ամեն 15-20 օրը մեկ կրկնաճուրդ է լինում: Հիմա այդ կրկնաճուրդներից մեկի ժամանակ ինձ մոտ հայտ է եղել հովացման աշտարակ-երկաթե կոնստրուկցիա: Մարդիկ գնել են դա, չէ՞: Հիմա պետք է գան, սկսեն աշխատել, կտրտել, դասավորել, տեղափոխել:

Նաև բանկը որոշակի գույքի նկատմամբ իրավունքից հրաժարվել է ու դատարան առաջարկ ներկայացրել, որ այն ևս աճուրդով վաճառվի: Օրինակ՝ տրանսֆորմատորներ, այլ գույք: Եվ քանի որ աճուրդները 15-20 օրը մեկ պարբերակնությամբ լինում են, հետևաբար տարածքում էլ պարբերաբար ապամոտաժման աշխատանքներ են կատարվելու:

-Որքա՞ն կարող է տևել սնանկության ու աճուրդների անցկացման գործընթացը:

- Այն առողջ արտադրությունները, որոնք կարող են վերակառուցվելուց հետո ինչ-որ արտադրանք թողարկել ու աշխատել, դրանք մասնագետների հետ տարանջատել ենք, որպեսզի տեսնենք՝ կարո՞ղ ենք ներդրողներ ներգրավել ու դրանք աշխատեցնել:

-Այսինքն,  դուք դեռ չե՞ք բացառում քիմպրոմի որոշ արտադրամասերի վերագործարկումը:

-Իհա´րկե ոչ: Սնանկության գործընթացն ինչ սկսել է, մենք դրսից բազմաթիվ մարդիկ ենք բերել, ցույց տվել, բանակցությունները մինչև հիմա գնում են: Մենք հույսեր ենք կապում մելամինի ու կորունդի արտադրամասերի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter