«Զինված խմբին» զենք իրացնելու գործով անցնող անձինք դատարանում հրաժարվում են ցուցմունքներ տալուց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստը սկսվեց շուրջ 45 րոպե ուշացմամբ:
Ժամը 11-ին նշանակված դատական նիստից առաջ դեռևս դատարան չէին ներկայացել որոշ փաստաբաններ ու մեղադրող դատախազները: Մեր տեղեկություններով` դահլիճ չէր գալիս նաև ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանը, ով ամբաստանյալներից ամենավերջինը եկավ դահլիճ:
Ավետիսյանը նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ որպես բողոքի նշան այսօր կայանալիք դատին չի ներկայանալու: Նա դժհոգում էր, որ իրեն չեն թույլատրում տեսակցել երկու տարեկան թոռնիկի հետ: Այս գործով անցնող ազատամարտիկներից 10-ը թոռ ունեն: Դատարանը վերացրել է ամբաստանյալների տեսակցությունների արգելանքը միայն ծնողների, ամուսնու և երեխաների մասով, և կալանավորված անձինք այս պահին զրկված են իրենց թոռնիկներին տեսակցելու հնարավորությունից:
Դատավոր Բեկթաշյանի խոսքից այսօր պարզ դարձավ, որ նա մտադիր է թույլատրել, որպեսզի ամբաստանյալները տեսակցեն իրենց թոռնիկներին, պարզապես դրա համար դեռևս որոշ փաստաթղթեր են պետք:
Այսօր ցուցմունք տալու համար դատարան էին հրավիրվել այս գործից անջատված մասով անցնող անձինք՝ Հարություն Հովհաննիսյանը, Ստեփան Չիլինգարյանը և մեկ վկա` Իլիչ Թադևոսյանը, ով անջատված մասով անցնող ամբաստանյալ Մարատ Թադևոսյանի որդին է:
Հարություն Հովհաննիսյանն ու Ստեփան Չիլինգարյանը մեղադրվել են զենք վաճառելու մեջ, դատապարտվել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և այժմ արդեն ազատության մեջ են: Նրանք դատարանում հրաժարվեցին ցուցմունք տալ, և նման պայմաններում հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները:
Հարություն Հովհաննիսյանը կասկածյալի, ինչպես նաև մեղադրյալի կարգավիճակում մի քանի անգամ հրաժարվել է ցուցմունքներ տալ, ապա ավելի ուշ մանրամասներ է հայտնել:
Ըստ Հովհաննիսյանի ցուցմունքի՝ ինքը հանգուցյալ հոր ավտոտնակից զենք-զինամթերք է գտել, սակայն վախեցել է այն հանձնել ոստիկաններին:
Երբ անջատված մասով անցնող գործով դատապարտված Անուշավան Ավետիսյանն իրեն հայտնել է զենք գնելու մտադրության մասին, ինքը որոշել է վաճառել ավտոտնակում գտածն ու վաճառել է:
Հովհաննիսյանի ցուցմունքի համաձայն` ինքը չի իմացել, որ զենքը-զինամթերքը նախատեսված է եղել զինված հեղաշրջում կատարելու համար, վաճառել է, որպեսզի ազատվի դրանցից: Ընդհանուր առմամբ` Հովհաննիսյանն, ըստ իր վերաբերյալ դատավճռի, Անուշավան Ավետիսյանին վաճառել է 900 ԱՄՆ դոլարի զենք:
Դատապարտյալ Ստեփան Չիլինգարյանն, ըստ իր վերաբերյալ դատավճռի, Անուշավան Ավետիսյանին վաճառել է 4700 ԱՄՆ դոլարի զենք-զինամթերք: Այս դատապարտյալն էլ, ըստ իր ցուցմունքների, հանգուցյալ պապի զենքերն է գտել ու վաճառել:
Նախաքննական իր ցուցմուքներից մեկում Չիլինգարյանը նշել է, թե զենք-զինամթերքը գտնելուց հետո այն թողել է նկուղում՝ որպես պապից հիշատակ:
Հետագայում Անուշավան Ավետիսյանն, ըստ Չիլինգարյանի ցուցմունքի, իրենից հետաքրքրվել է, թե արդյոք «պապից մնացած զենք չունի»՝ խոստանալով որ եթե ունի, և դրանք լավ վիճակում են, ինքը կգնի դրանք: Այսպիսով, հանգուցյալ պապից մնացած հիշատակը Չիլինգարյանը որոշել է վաճառել 4700 ԱՄՆ դոլարով:
Չիլինգարյանի խոսքով՝ ինքը զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանին չի ճանաչում, նրա մասին միայն հեռուստացույցով է իմացել, և հետո Գյումրիում տարածված խոսակցություններից տեղեկացրել է, որ Անուշավան Ավետիսյանը ևս կապ է ունեցել այդ խմբի հետ:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ այս գործից անջատված մասով անցնող անձինք դատարանում հրաժարվում են ցուցմունքներ տալ, և հրապարակվում են նրանց նախաքննական ցուցմուքները, ինչի հետևանքով ամբաստանյալները զրկվում են հակընդդեմ հարցման հնարավորությունից:
Դատարանում հարցաքննված վկա Իլիչ Թադևոսյանը գործից անջատված մասով անցնող մեղադրյալ Մարատ Թադևոսյանի որդին է: Վերջինս, ըստ մեղադրանքի, զենք է տվել զինված խմբին: Այդ վկան դատարանին պատմել է, որ լսել է, թե ինչպես են Արթուր Վարդանյանն ու հայրը հեռախոսով խոսում իրար հետ, և հասկացել է, որ հայրը պատրաստվում է մեկնել Քեսաբ: Դրանից հետո, ըստ վկայի ցուցմունքի, ինքը զանգահարել է Արթուր Վարդանյանին ու ասել, որ ինքը չի ցանկանում, որ իր ազատամարտիկ հայրը մեկնի Քեսաբ, և Վարդանյանը նրա հետ կոպիտ է խոսել ու նշել, թե ինքը «100 գործ ունի և չունի Իշխան Թադևոսյանի ժամանակը»:
Այս վկան, ըստ էության, այլ հանգամանքի մասին չխոսեց դատարանում: Արթուր Վարդանյանը նրան մի քանի հարց տվեց՝ փորձելով հստակեցնել, որ ոչ թե ինքն է զանգահարել Իշխան Թադևոսյանին, այլ Թադևոսյանն՝ իրեն, այն դեպքում, երբ վկան հենց այդպես էլ ասում էր: Վարդանյանն ակնհայտ բացասական վերաբերմունք ուներ Թադևոսյանի նկատմամբ:
Նշենք, որ այսօր դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատացել էր: Նրա համար դատարանը շտապօգնություն հրավիրեց: Ինչպես մեզ հայտնի դարձավ, դատարանի դահլիճ եկած շատպօգնության աշխատակիցները բուժօգնություն էին ցույց տվել ոչ միայն Շիրխանյանին, այլև ամբստանյալներ Անտոն Դիկրան Թոթոնջյանին և Հարություն Սարիբեկյանին, որոնք ևս առողջական խնդիրներ ունեին:
Դատական նիստն այսօր հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել