HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպան Պապիկյան. «Իմ պաշտպանյալի դատավճիռը տվե՛ք, գնանք տուն»

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատարանն այսօր լսեց երեք վկաների: Դեռ 11 վկայի էլ լսելու է: Նրանցից ոմանք «Հիմնադիր խորհրդարանի» նախկին անդամներ են, անդամագրվել են համացանցի միջոցով:

Ըստ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի` այդ վկաների միջոցով նախաքննական մարմինը փորձել է ապացույցների քանակ ապահովել, բայց ոչ՝ որակ: Փաստաբանը կասկած չունի, որ ցուցմունքները հիմնականում թելադրվել են վկաներին: Նման համոզմունքն, ըստ Արայիկ Պապիկյանի, ամրապնդվել է այսօր, երբ նա լսել է «Հիմնադիր խորհրդարանի» նախկին անդամ Վիգեն Քանաշյանի հարցաքննությունը:

Քանաշյանն ասաց, որ Լիբանանից է, 2013թ.-ից մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Մեղադրողի միջնորդությամբ դատարանը բավարարեց Վիգեն Քանաշյանի նախաքննական ցուցմունքը հրապարակելու հարցը։ Նախաքննության ժամանակ, վկան գրական հայերենով շարադրել էր ցուցմունքը՝ նշելով, որ դադարեցրել է անդամակցությունը կառույցին՝ իմանալով, որ այն քաղաքականացված է: Մի քանի անգամ գնացել է միտինգների ու վերջ: Արայիկ Պապիկյանը նկատեց, որ թերևս շատ գրագետ քննիչ է թելադրել նրան ցուցմունքը. «Ցուցմունքի բառապաշարից, քերականական նշաններից պարզ է, որ լիբանանահայը, որը 2013թ.-ից է Հայաստանում, չէր կարող նման գրագիտությամբ գրել: Փառք ու պատիվ, որ նման գրագետ քննիչ ունենք»,- շեշտեց պաշտպան Պապիկյանը:

Մեղադրյալներից Ներսես Պողոսյանը վկայից հետաքրքրվեց, թե կարո՞ղ է մեկնաբանել «արծարծել» բառի էությունը: Ըստ նրա` «արծարծելը» քննարկումն է:

Մինչ այդ, դեռ նախորդ նիստից դատարանը լսում էր վկա Սմբատ Գալոյանին: Այսօր նրան հարցեր էին տալիս Ներսես Պողոսյանն ու նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը, սակայն նա հիմնականում հրաժարվում էր պատասխանել հնչած հարցերին: Հիշեցնենք, որ նախորդ նիստին նույն վկան պատմել էր հեղաշրջում իրականացնելու մասին: Պատասխանել էր մեղադրողների հարցերին:

Դատարանը հասցրեց լսել ևս մեկ վկայի՝ Սահակ Սահակյանին, ով նշեց, որ ընկերություն է արել ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանի հետ: Հենց Պետրոսյանն էլ մի անգամ իրեն է հանձնել մի փաթեթ, որի մեջ ինքը չի իմացել, թե ինչ կա ու խնդրել է դնել իրենց ավտոտնակում: Ինքը չի հետաքրքրվել, թե ինչ է փաթեթում: Առերես հարցաքննության ժամանակ քննիչն է ասել, որ այդ փաթեթում զենք է եղել: Փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը: Դատարանն արձանագրեց, որ պաշտպանը չվկայակոչեց, թե որն է էական հակասությունը վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև: Արձանագրեց նաև, որ հակասություն չկա: Փոխարենը Արայիկ Պապիկյանը նկատեց, որ նախաքննության ժամանակ վկան հարցաքննվել է ոմն Գալուստ Գևորգյանի և Ներսիկ Պողոսյանի գործի շրջանակներում: Այնինչ նման ամբաստանյալներ այս գործով չկան (ամբաստանյալների անունները՝ Գալուստ Գրիգորյան, Ներսես Պողոսյան, hetq.am-խմբ.): «Նկատեցիք՝ դատարանում էլ նա նշեց, որ ամբաստանյալներից Ներսեսի ու Գալուստի ազգանունները չգիտի»,- ասած պաշտպանը:

Պապիկյանն այս ամենը համարեց նախապես գծած սցենար. «Առաջին վկայի հարցաքննությունից սկսած պարզ է, թե ով ինչ պետք է ասի... եթե այսպես է լինելու, տվեք իմ պաշտպանյալի դատավճիռը, գնանք տուն»,-հայտարարեց պաշտպան Պապիկյանը:

Գործը քննվում է Երևանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նիստերը արտագնա կերպով անցնում են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ ապակեպատ դահլիճի պատճառով: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կողմից դեռևս օգոստոսին արգելք է դրվել նիստերի տեսանկարահանման վրա: Հաճախ խախտվում է նիստերի հրապարակայնության սկզբունքը, քանի որ հատկապես հարցաքննվող վկաների խոսքերը շատ հաճախ չեն լսվում: Դատական կարգադրիչները շարունակում են հավաքել նիստին մասնակցող քաղաքացիների ու լրագրողների անհատական տվյալները: Դատարանում տեղադրված են սուպերմարկետներից հայտնի դարակներ, որտեղ քաղաքացիներն իրենց պայուսակներն են դնում դահլիճ մտնելիս: Նիստերին մասնակցում են Ժիրայր Սեֆիլյանի համակիրները, տարբեր քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և ևս 6 քաղաքացի մեղադրվում են մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ: Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը հեռացված են նիստերից՝ 4 ժամով՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի և նիստերը խոչընդոտելու համար:

Նիստը հետաձգվեց մինչև հաջորդ ուրբաթ՝ մյուս վկաների ներկայությունը ապահովելու համար:

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա
Միայն թե' տուն չէ, եվրոդատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter