HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել են Խոսրովի բուսականության ուսումնասիրության արդյունքները

Նախնական  հաշվարկներով` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհի մեջ ընդգրկված ընդհանուր տարածքը կազմում է մոտ  2200 հա, որտեղ չվառված տարածքը՝ 365 հա, շատ քիչ վառվածը՝ 525 հա, միջին վառվածը՝ 1200 հա, շատ վառվածը՝ 110 հա: Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը` հղում անելով նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստի զեկույցներին:

Ըստ անտառշինական քարտեզների՝ հրդեհի մեջ ընդգրկված տարածքում կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա, գիհուտը կազմում է 200 հա, իսկ խոտածածկը մոտ 1100 հա: Ուսումնասիրությունների համաձայն՝ ներկայում արդեն հրդեհված տարածքներում ակնհայտ է բուսականության աճը, թեև վերջնական պատկերացում կարելի է կազմել գարնանը:

Միամյա խոտաբույսերի վիճակն արգելոցի բոլոր տեղամասերում կբացահայտվի աշնանային անձրևներից հետո, ինչպես նաև գարնանը՝ թափված կենսունակ սերմերի ծլելուց հետո: Բազմամյա և ծառաթփային բույսերի վերականգնումը ևս մեծ չափով կախված է ծլունակ սերմերի առկայությունից: Լայնատերև ծառատեսակների ամբողջությամբ այրված առանձնյակների վիճակը կբացահայտվի գարնանային վեգետացիայի ընթացքում:

ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում կկատարվի այրված տեղամասերից հավաքված պտուղների և սերմերի ցանքս, հրդեհից հետո դրանց ծլունակությունը ստուգելու նպատակով: Երկամյա և բազմամյա խոտաբույսերի մոտ նշված տեղամասերում արդեն սկսվել են վերականգնման պրոցեսներ: Դրանց մոտ նոր ընձյուղներ են դուրս եկել արմատամերձ վարդակներից, որոշ տեսակների մոտ հասնելով մինչև 20 սմ բարձրության:

«Ինչպես բազմիցս նշվել է, վերականգնման տեսանկյունից բարդությունը գիհու ծառատեսակն է ներկայացնում, որն ինքնին դժվար աճող տեսակ է: Բուսականության վերականգնման վերջնական վիճակը կբացահայտվի լրացուցիչ մոնիտորինգից հետո՝ աշնանը (անձրևներից հետո՝ հիմնականում խոտաբույսերինը) և գարնանը (հիմնականում՝ ծառերինը և թփերինը)»,- գրված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter