HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևանի մասին օրենքի նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրությունից». Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Ազգային Ժողովում երկրորդ ընթերցման է պատրաստվում «Երևանի տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ» կատարելու մասին  օրենքի նախագիծը, որը մշակել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը: «Մշակել» բայը հատուկ եմ շեշտում, որովհետև օրենքի հիմնավորման մեջ  այդ բառն են օգտագործել նախագծի հեղինակները:

Ինչպես  գրված է ներկայացված նախագծի  հիմնավորման մեջ, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը    «պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին համապետական հանրաքվեի արդյունքներով ընդունված  Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության 9-րդ գլխում  տեղ գտած իրավակարգավորումների   եւ  ընդհանուր առմամբ այդ գլխով սահմանված  հոդվածների տրամաբանության հետ համապատասխանեցմամբ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ գլխի 179-190-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումները՝ փոփոխությունների ու լրացումների տեսքով անխուսափելիորեն պետք է ամրագրվեն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում:» «Ամրագրել» բայն էլ ունի մեկ իմաստ, Սահմանադրության պահանջը վերցնել ու ամուր գրել, այսինքն «գրել» այս օրենքում  և հատկապես այս պարագայում, չի կարող փոխաբերական իմաստ ունենալ:

ՀՀ նոր Սահմանադրության 9-րդ գլխի 179-190-րդ հոդվածները տեղական ինքնակառավարման ոլորտում այն չնչին  բարեփոխումներն էին, որն առաջարկում էր նոր Սահմանադրությունը, բայց արի ու տես, որ ՀՀ Մայր օրենքում գրված իրավական պահանջները, որոնք որպես իրավունք պետք է տրվեն համայնքի բնակիչներին՝ տեղական ինքնակառավարմանը նրանց մասնակցությունն ապահովելու  համար, որոնք պետք է հստակեցնեն ու գծեն համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակը, որպեսզի ինքն իրեն համայնքի միանձնյա տեր ու տիրական չզգա ու հասկանա, որ պատասխանատու է ավագանու առջև, հերթական անգամ, կարծես դիտավորյալ, պարզապես ներառված չեն այս փոփոխություններում: Նախագծի հեղինակներն այս գործն արել են, որ ընդամենն ասեն՝ օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցրել ենք, բայց դե «գեղից մարդ չկա» սկզբունքով  մտածել են, ո՞վ պիտի կարդա ու խորանա բովանդակության մե՞ջ:

Գործող իշխանության կողմից Օրենքի նկատմամբ քամահրական վերաբերմունքի  հերթական օրինակն է սա, ընդունված գործելակերպ, ու փաստ է, որ  սահմանադրական ցանկացած պահանջ  միայն Սահմանադրության գրքի թղթերի վրա են  գրված բավական չէ, դրանք Երևանի մասին օրենքի թղթի վրա անգամ չեն ուզեցել ամրագել: Նախագծի «փոփոխության» մշակներն ընդամենը մեխանիկական փոփոխություններն են արել ու չնայած գրել են «անխուսափելիորեն պետք է ամրագրվեն», այդպես էլ չեն ամրագրել ՀՀ սահմանադրության հետևյալ կարևոր կետերը.

87-րդ հոդվածը. Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները: Չկա:

179-րդ հոդվածը. «Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:» Չկա:

183-րդ հոդվածը. «Համայնքի բնակիչները կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հանրային հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով»: Չկա:

182-րդ հոդվածի 4-րդ կետը. «Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև»: Չկա:

Այնինչ, այսօր համայնքների ղեկավարներն իրենց ապօրինի կարգադրություններով ուղղակի սահմանափակում են  ավագանու անդամի իրազեկված, տեղեկացված լինելու ու իրավունքը: 

Էլ չեմ ասում այն մասին, որ չնայած հիմնավորման մեջ  գրել են, թե սույն օրենքի նախագիծն անդրադառնում է նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծից բխող փոփոխություններին եւ լրացումներին», երևի, ուղղակի մոռացել են անդրադառնալ ու ավագանու և համայնքի ղեկավարի ՏԻՄ օրենքով սահմանված նոր լիազորություններն ուղղակի չեն ամրագրել այս նախագծում:

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներն այս օրենքի նախագծում արդեն ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ ու մենք ամբողջ թիմով հետամուտ ենք լինելու, որպեսզի դրանք անխուսափելիորեն ամրագրվեն  այս օրենքում և ավագանին, որպես  Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ, իսկապես դառնա համայնքի ղեկավարի գործունեությունը վերահսկող»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter