HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողություն, կողոպուտ, յուրացում. Հայաստանի դատարաններում ամենաշատ քննվող գործերը

Հայաստանում հանցագործությունների մեծ մասը սոցիալ-տնտեսական ծագում ունի: Հանցագործությունների ամենամեծ տոկոսը կազմում են սեփականության դեմ ուղղվածները՝ գողություն, կողոպուտ, յուրացում, շորթում, խարդախություն, հափշտակություն և այլն: Այս և այլ հանցագործությունների կանխարգելման ծրագրեր, սակայն, այդպես էլ չկարողացանք գտնել:

Այսպես՝ 2017 թ. առաջին 6 ամիսների դատական պրակտիկայի հաշվետվությամբ, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով` դեռևս անցյալ տարվանից 501 անավարտ գործ է անցել դատարան, ևս 385-ը այս՝ 2017-ին են բերվել դատարան: Այսինքն՝ այս տարվա 6 ամիսներին սեփականության դեմ ուղղված հանցագործություններով մոտ 900 գործ է քննվել դատարաններում: Ի դեպ, սեփականության դեմ ուղղված հանցատեսակների մեջ գերակշռողը գողությունն է, ապա՝ խարդախությունը, երրորդ տեղում՝ յուրացումը: Իսկ 2008 թ-ից ի վեր Հայաստանի դատարաններում քննվել են գողության հատկանիշներով շուրջ 5000-ի հասնող քրեական գործ:

Երկրորդ տեղում, ըստ դատարաններում քննված գործերի թվի, կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններն են: Սակայն այս հանցագործությունները ավելի, քան կեսով զիջում են սեփականության դեմ ուղղվածներին: Այս տարվա 6 ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններով դեռ անցյալ տարվանից 291 անավարտ գործ է փոխանցվել այս տարվա քննության համար, ևս 178-ը դատարան է բերվել այս տարի:

Երրորդ տեղում բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններն են, որոնք առավելապես վերաբերում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, պատրաստմանը, իրացմանը: Այդպիսի 157 գործ է 2016-ից անցել 2017 թվական, իսկ 2017-ի 6 ամիսներին դատարան է մտել 213 գործ:

Այնուհետև, հասարակական անվտանգության, հասարակական կարգի, պետական ծառայության, կառավարման կարգի, զինվորական ծառայության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն են: Իսկ արդարադատության դեմ ուղղված հանցագործություններից, թերևս, միայն սուտ մատնության հատկանիշներով են գործեր մտել դատարան:

Խոշտանգողներն ու ապօրինի կալանավորողները չեն պատժվում

Փոխարենը կան հանցատեսակներ, որոնցով կամ առհասարակ գործեր չեն բերվում դատարան կամ բերվում է առավելագույնը 1-2 գործ: Այդպիսի չկիրառվող հոդվածներից են, օրինակ՝ խոշտանգման, ակնհայտ ապօրինի ձերբակալման կամ կալանավորման, ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու, ակնհայտ անմեղ մարդու դատապարտելու մասին հոդվածները:

Խոշտանգողների մասին որևէ գրառում չկա դատական իշխանության տեղեկատվական համակարգերում՝ datalex.am court.am կայքերում: Սա նշանակում է, որ խոշտանգման հատկանիշներով դատական ակտեր չեն կայացվել: Չկան նաև գործեր ապօրինի ձերբակալման ու կալանավորման մասով: Թեպետ ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներում բազմաթիվ են ապօրինի կալանքի ու խոշտանգման մասին վկայությունները: Խոշտանգողներն ու ապօրինի կալանավորողները որևէ պատասխանատվություն չեն կրում:

Հ.Գ. Նշենք, որ Հայաստանում չի գրանցվել խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված որևէ հանցագործություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter