HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հանուն Գերմանիայի, որտեղ բոլորը հաճույքով կապրեն, թե հանուն «այլընտրանքի»` Գերմանիան առանց փախստականների

Կիրակի օրը` սեպտեմբերի 24-ին, Գերմանիայի քաղաքացիները նոր խորհրդարան կընտրեն: Բունդեսթագում ձայների բացարձակ մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կընտրի կանցլերին առաջիկա չորս տարիների համար: Անգելա Մերկելը, որը ղեկավարում է Գերմանիան արդեն 12 տարի, ցանկություն եւ պատրաստակամություն է հայտնել չորրորդ անգամ ստանձնել այդ պատասխանատվությունը:

Սոցիոլոգիական հարցումները, որոնց քաղաքական ուժերն ու լրատվամիջոցները Գերմանիայում ապավինում են, ցույց են տվել, որ ընտրություններից մեկ շաբաթ առաջ ընտրողների (61 մլն) 46%-ն արդեն կողմնորոշված էր, իսկ 28.5%-ը չի մասնակցելու ընտրությանը` «Իմաստ չունի» պատճառաբանությամբ:

Աջ պոպուլիստների կամ ծայրահեղ ազգայնական ուժերի հնարավոր անակնկալը  

Գերմանիայում գրանցված է 48 կուսակցություն, որոնցից 42-ը մասնակցում է Բունդեսթագի ընտրություններին: Սակայն, ըստ սոցիոլոգների, նրանցից վեցը Բունդեսթագում ներկայացված լինելու հնարավորություն ունի` Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալիստական միություն բլոկը, Մարտին Շուլցի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական միությունը, Ձախերի կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը: Քաղաքական լրագրողների կանխատեսումներով` ընտրությունները կանցնեն առանց ցնցումների: Մեծ մասը կասկած չունի, որ Ա. Մերկելը, որին այստեղ անվանում են «ավտոկանցլեր» այն բանի համար, որ նրա օգտին լոբբինգ են անում ավտոմոբիլային արտադրության հսկաները` BMW-ն, Daimler Chrysler-ը եւ այլն, կվերընտրվի: Սոցհարցումներ իրականացնող ինստիտուտները ընտրությունների նախօրեին 35% քվե են կանխատեսում: Գլխավոր ինտրիգն այն է, թե որ քաղաքական ուժերը կոալիցիա կկազմեն, եւ ինչ տեղ կգրավի Բունդեսթագում աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը հիմնադրվել է 2013-ին եւ շռնդալից քարոզարշավ է իրականացնում (11% քվե ըստ վերջին սոցհարցումների)` իբրեւ հենարան ունենալով աղքատ շրջանների բնակչությունը: Այս քաղաքական ուժը դեմ է  կանցլեր Մերկելի` Գերմանիայում փախստականներ ընդունելու քաղաքականությանը եւ օգտվում է աղքատ բնակչության այն մտահոգությունից, թե փախստականների ընդունման դեպքում կկրճատվի իրենց` առանց այդ էլ անբավարար պետական աջակցությունը:

Լրագրողներն ու ընտրական փորձագետները «սարսափով են» խոսում այս կուսակցության հնարավոր հաղթանակի եւ Բունդեսթագում ներկայացվածության մասին` որպես ծայրահեղ ազգայնական ուժի: Նրանք վախենում են, որ կկրկնվի Հունգարիայի, Լեհաստանի օրինակը, որտեղ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկան դիկտատուրա հաստատելու հակումներ ունեցող քաղաքական ուժեր: Գերմանացիները հիշում են նաեւ Հիտլերի սոցիալ-նացիոնալիզմի սարսափը: Change.org կայքի համահիմնադիր Գրեգ Հակմակն ասում է. «1945 թվականից հետո առաջին անգամ, հավանաբար, Բունդեսթագ կմտնեն ծայրահեղ աջ ուժեր, ինչը շատ մտահոգիչ է»: Անցյալ շաբաթ նրանց կայքում պետիցիա է սկսվել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության գործունեությունը արգելելու նպատակով: Նման որոշում կայացնելու իրավունք ունի միայն Սահմանադրական դատարանը: Հակմակի կարծիքով` Գերմանիայում դասակարգային պայքարը վերածվում է ռասսայական պայքարի, ինչպես Հիտլերի ժամանակ: Հարուստների եւ աղքատների միջեւ սեպը խորանում է, մարդիկ դժգոհ են, բայց չեն հասկանում, թե ինչու, եւ շատ ավելի հեշտ է մեղքը գցել օտարազգիների վրա, քան դուրս գալ փողոց ու պահանջել աշխատավարձի բարձրացում:

Չնայած այս մտավախություններին` գերմանացի լրագրողներն ու ընտրական համակարգի մասնագետները վստահ են, որ իրենց երկրում ստեղծված դեմոկրատական համակարգը կգործի: «Մենք կուրորեն վստահում ենք մեր ընտրական եւ դատական համակարգին»,- ասում է երկար տարիներ ԵԱՀԿ դիտորդական առաքելության փորձ ունեցող Պետրա Բորնհոֆտը:

«Մեր երկրում դեմոկրատիան գործում է, եւ վստահաբար ընտրվում է նա, ում մարդիկ ձայն են տվել»,-ասում է «Դոյչե Վելե» («Գերմանական ալիք») ռադիոկայանի բեռլինյան ստուդիայի գլխավոր խմբագիր Դագմար Անխելը:

Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը գերմանացի ընտրողին

Նախընտրական քարոզարշավի գլխավոր թեման միգրացիոն քաղաքականությունն էր:

Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալիստական միություն բլոկը եւ նրա հնարավոր կոալիցիոն գործընկերները կողմ են փախստականներ ընդունելուն եւ նրանց իրենց ընտանիքների հետ վերամիավորման հնարավորություն ընձեռելուն: Մինչդեռ աջ ազգայնականները կամ պոպուլիստները կտրականապես դեմ են:

Քրիստոնեա-դեմոկրատները քարոզարշավն իրականացնում էին «Հանուն Գերմանիայի, որտեղ բոլորս լավ եւ հաճույքով կապրենք» լոզունգի ներքո: Ծրագրի կենտրոնական թեման ընտանիքների, հատկապես` բազմազավակ, աջակցությունն է, անվտանգության եւ հասարակական կարգի ամրապնդումը: Նրանք հանդես են գալիս ավանդական արժեքների խրախուսման դիրքերից, թեեւ այս բլոկի բազմաթիվ անդամներ Բունդեսթագում քվեարկել են միասեռ ամուսնությունների օրինականացման օգտին:

Մարտին Շուլցի ղեկավարած սոցիալ-դեմոկրատներն ընտրություններին մասնակցում են «ավելի շատ սոցիալական արդարություն բոլոր ոլորտներում` կրթությունից մինչեւ հարկային համակարգ»: Նրանք նախատեսում են 3% շքեղության հարկ սահմանել հարուստների համար:

«Ազատ դեմոկրատական կուսակցությունը», որը պատմության մեջ առաջին անգամ նախորդ ընտրությունների արդյունքներով չհայտնվեց Բունդեսթագում, այս անգամ իրական շանսեր ունի, սակայն հարց է` արդյոք այն բավարար մանդատներ կստանա` Մերկելի կուսակցության հետ կոալիցիա կազմելու համար, թե անհրաժեշտ կլինի այնտեղ «հրավիրել» Կանաչների կուսակցությանը: 

Բարդ ընտրական համակարգ

 

Գերմանիայի ընտրական համակարգը բավականին բարդ է: Գործում է ինչպես մեծամասնական (առաջնային ձայն), այնպես էլ համամասնական (երկրորդային ձայն) համակարգ: Քվեաթերթիկի ձախ անկյունում նշված են մեծամասնական թեկնածուների անունները, որոնք ներկայացնում են քաղաքական կուսակցություններ կամ անկախ են, աջ անկյունում` կուսակցությունների անունները: Ընտրողը կարող է քվեարկել մի կուսակցության եւ բոլորովին այլ կուսակցության մեծամասնական թեկնածուի օգտին: Հայաստանը սահմանադրական փոփոխություններից հետո ընդունած Ընտրական օրենսգրքով ներդրեց այս համակարգը, սակայն ի տարբերություն գերմանականի, մեզանում մեծամասնական թեկնածուին տված ձայնը մեխանիկորեն անցնում է կուսակցությանը:

Պատգամավորների թիվն այստեղ եւս հստակ չէ. նվազագույնը` 598, բայց կուսակցությունների ստացած ձայներին համապատասխան` մանդատների հավասարեցման արդյունքում այն կարող է ավելին լինել: Արդեն հեռացող Բունդեսթագում 631 պատգամավոր կար:

Տարբեր մեքենայությունների ու խարդախությունների կատարելագործված համակարգ ունեցող հետխորհրդային երկրների համար շատ արտասովոր է քվեների հաշվարկման գործընթացը Գերմանիայում: Այստեղ այն իրականացնում են նախապես գրանցված կամավորները, որոնք այդ աշխատանքի համար խորհրդանշական գումար են ստանում` 30 եվրո: Եթե կամավորների անհրաժեշտ քանակը չի ապահովվում, այն համալրվում է տեղական իշխանությունների ներկայացուցիչներով, որոնք նույնպես խորհրդանշական գումար են ստանում` 50 եվրո: Ձայների հաշվարկին կարող է ներկա գտնվել ցանկացած մարդ, այն բաց է բոլորի համար:

«Մարդիկ այստեղ ապրիորի հավատում են, որ դեմոկրատական համակարգը ճիշտ է աշխատում, ազնիվ է, եւ եթե ինչ-որ բան տեղի ունենա, միշտ կա վերահաշվարկի հնարավորություն»,_ ասում է հանրային ARD հեռուստաընկերության լրագրող Քրիստինա Նագլը:

Նախընտրական լոբբինգ

Բունդեսթագի ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ֆոնդերին նվիրատվություններ են անում ինչպես անհատները, այնպես էլ մեծ ու փոքր ընկերություններ: Գերմանական հասարակությունը մտահոգված է նախընտրական ֆոնդերի ֆինանսավորմամբ: Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր Մարսել Մակիլը դա համարում է լոբբինգ: Կանցլեր Անգելա Մերկելը, օրինակ, նախընտրական քարոզչության վրա 20 մլն եվրո է ծախսել, որի 20%-ը հոգացել են ավտոմոբիլային ընկերությունները, նրա ֆոնդին զգալի նվիրատվություն են կատարել գերմանական խոշոր բանկերը` «Դոյչե բանկը», «Կոմերցբանկը» եւ այլն: Նույն ընկերությունները նվիրատվություններ են կատարել ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի ֆոնդերին` այդպիսով ապահովելով ընտրությունների արդյունքում ընտրվելիք ցանկացած քաղաքական ուժի լոյալությունն իրենց հանդեպ: Օրինակ` Կանաչների կուսակցությանը նվիրատվություն են կատարել ինչպես ավտոմոբիլային արտադրության, այնպես էլ մետալուրգիական ընկերություններ: Բունդեսթագ անցած կուսակցությունների նախընտրական ծախսերը հատուցում է պետությունը` յուրաքանչյուր քվեի համար հատկացնելով 70 ցենտ:

Քարոզչությունն այստեղ սկսվում է ընտրություններից վեց շաբաթ առաջ եւ տեւում ընդհուպ քվեարկության նախօրեն: Կուսակցությունների քարոզիչները փողոցներում, մետրոյի կայարաններում ու գնացքներում նախընտրական ծրագրերի հետ ծաղիկներ ու անուշեղեն են բաժանում ընտրողներին:

Լրատվամիջոցները չեն արտացոլում հասարակական իրական տրամադրությունները

Գերմանիայում շատ զարգացած են հանրային լրատվամիջոցները` հասարակական-իրավական հեռուստառադիոընկերությունները: Դրանք ֆինանսավորվում են քաղաքացիների կողմից` յուրաքանչյուր ընտանիք ամսական 17.5 եվրո է վճարում հանրային ԶԼՄ-ների համար, որը փոխանցվում է ոչ թե պետբյուջե, այլ անմիջականորեն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաշվին, որն այն բաշխում է մեկ համապետական եւ տասնմեկ ռեգիոնալ ալիքների միջեւ: Չնայած հասարակական բանավեճին` ինչու պետք է մարդիկ պարտադիր վճարեն, եթե հեռուստացույց չեն նայում, անգամ` չունեն, գերմանացիները հպարտանում են իրենց հանրային հեռարձակման համակարգով, որը հնարավորություն է տալիս իշխանություններից անկախ հեռարձակում ունենալ: Հանրային հեռարձակողի` ARD-ի տարեկան բյուջեն, որի տանիքի ներքո են տասնյակից ավելի հեռուստառադիոալիքներ, 5,6 միլիարդ եվրո է: Նախընտրական քարոզչությունն այս լրատվամիջոցներում «ձանձրալի է», քանի որ ստիպված են բոլոր քաղաքական ուժերին հավասար հնարավորություն ընձեռել: Այս լրատվամիջոցների նախընտրական լուսաբանման հատկանշական կողմը ամեն օր սոցհարցումների թարմ արդյունքների հրապարակումն է, իսկ քվեարկության օրը` exit poll-ի անցկացումը, որն իրականացվում է հետազոտական ինստիտուտներից մեկի` ARD-ի պատվերով: ARD-ի բեռլինյան ստուդիայի նախկին ղեկավար Գերդ Դեպենբրոկի հավաստմամբ` exit poll-ի արդյունքները ճշգրտորեն համընկնում են քվեարկության արդյունքների հետ: 

Ի տարբերություն հանրային ԶԼՄ-ների, մասնավոր լրատվամիջոցների անկախության մասին պնդումներ դժվար է անել: Մեդիայի գերմանացի տեսաբաններն ու հետազոտողները ահազանգում են քաղաքական լրագրողների` քաղաքական էլիտայի հետ սերտաճման մասին: Լեյպցիգի համալսարանի պրոֆեսոր Մարսել Մակիլի կարծիքով` քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրողները կտրված են գերմանական իրականությունից եւ չեն արտացոլում գերմանական հասարակության բազմազանությունը: Նրանք սերում են ձախ եւ աջ լիբերալ, ինտելեկտուալ հասարակական շերտից, եւ նրանց իրականությունը տարբեր է շարքային գերմանացու իրականությունից:

Լիբերալ շրջանակների հետ մերձեցման հետեւանքով նրանք խուսափում են լուսաբանել այլ քաղաքական ուժերի քարոզարշավը: Օրինակ` աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը քարոզարշավի սկզբում չէին հրավիրում հեռուստահաղորդումների կամ հարցազրույցների, ինչը դժգոհության առիթ էր տալիս կուսակցությանը եւ նրա համախոհներին:

Նույն համալսարանի մեկ այլ պրոֆեսոր, հետազոտող Ուվե Կրյուգերը, համակարծիք է: «Լրագրողները սերում են հիմնականում կապիտալիստական լիբերալ դասից, դա գուցե վատ չէ, եթե նրանք պատրաստ են այլ հասարակական շերտերի հեռանկարից եւս լուսաբանել իրադարձությունները»: Ուվե Կրյուգերը 2013-ին մի սկանդալային հետազոտություն է հրապարակել քաղաքական լրագրողների կապերի մասին քաղաքական գործիչների, կուսակցությունների եւ նրանց հետ ասոցացվող ռազմա-քաղաքական հիմնադրամների հետ: Այդ հետազոտության արդյունքում երկու թերթերի խմբագիրներ արժանապատվության նվաստացման մեղադրանքով դատական գործընթաց են սկսել ZDF հեռուստաընկերության դեմ, որը երգիծական հաղորդում է պատրաստել Կրյուգերի հետազոտության հիման վրա: Սակայն Գերմանիայի դաշնային դատարանը որոշել է, որ հեռուստաընկերությունը ճիշտ է եղել:

Քաղաքական կոռուպցիան Գերմանիայում

Գերմանիայում հնարավոր է քաղաքական կամ այսպես կոչված պառլամենտական կոռուպցիան: 2014-ին այստեղ օրենք ընդունվեց, որով վերացվեց Բունդեսթագի պատգամավորների անձեռնմխելիությունը, եւ այժմ նրանց կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել:

Օրեր առաջ OCCRP-ի կողմից իրականացված Ադրբեջանի փողերի լվացման պատմության շրջանակներում բացահայտվեց, որ դրան մասնակցել է նաեւ գերմանացի քաղաքական գործիչ, ԵԽԽՎ անդամ, Անգելա Մերկելի մերձավոր դաշնակից Կարին Շտրենցը, որն առաջադրվել է վաղը կայանալիք ընտրություններում: Գերմանացի լրագրողները վստահեցնում են, որ այդ գործը կուսումնասիրվի իրավապահների կողմից:

Ավելի վաղ` 2010-ին, օրենքով պատգամավորներին արգելվել էր հարկատուների հաշվին շքեղության առարկաներ ձեռք բերել: Այս օրենքն ընդունվեց այն բանից հետո, երբ լրագրողները դատական ճանապարհով ստացված տեղեկատվության շնորհիվ բացահայտեցին, որ պատգամավորները անարդյունավետորեն են ծախսում հարկատուների գումարները` շքեղ գնումներ (օրինակ` 500 եվրո արժեքով արծաթե գրիչ), հյուրասիրություններ կատարելով:

Change.org կայքի համահիմնադիր Գրեգ Հակմակն ասում է, որ Գերմանիայում ընտրողի ձայնը վճռորոշ է, ուստի քաղաքական գործիչը չի կարող անտեսել այն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter