HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կապանը առաջին թվային գրադարանը ստեղծեց տարածաշրջանում․ մյուս համայնքները նախընտրում են փակել դրանք

Երբ ինձ մոտ խոսում են համայնքային սուղ միջոցների պատճառով գրադարանը փակելու մասին, ես միանգամից մտաբերում եմ Կապանի քաղաքային գրադարանը: Կապանի մշակույթի պալատի առաջին հարկում գործող թիվ 1 մանկական գրադարանի զբաղեցրած տարածքում 2015 թ․ ստեղծվեց տարածաշրջանում առաջին թվային գրադարանը: Ժամանակակից սարքավորումներով կահավորված եւ էլեկտրոնային համակարգով աշխատող գրադարանը համագործակցում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի եւ Հանրային գրադարանի հետ, միաժամանակ օգտվում է նրանց էլեկտրոնային ֆոնդերից: Ընթերցողները գրադարանում տեղադրված, նաեւ անձնական պլանշետներով կարողանում են օգտվել թվային գրադարաններից, նրանց տրամադրության տակ է նաեւ գրական ֆոնդը՝ 18 561 օրինակ գիրք:

Գրադարանում ստեղծված պայմանները եւ հնարավորությունները նպաստում են դպրոցականների, ուսանողների եւ ընդհանրապես բնակչության կրթական, գիտական, մասնագիտական հմտությունների ձեռք բերմանն ու զարգացմանը: Վերանորոգումից հետո, մեկ տարվա ընթացքում ընթերցողների քանակն ավելացել էր 76-ով: Ակտիվացել է գրադարանի գործունեությունը, բարձրացել է նրա դերն ու նշանակությունը համայնքում, այստեղ կազմակերպվում են մշակույթային միջոցառումներ, հավաքներ եւ այլն: Գրադարանն ունի իր կայքէջը։

Այս գրադարանը ճիշտ այնպիսին է եղել, ինչպես հանրապետության բոլոր մյուս համայնքային գրադարանները․ անհրապույր շենքային պայմաններ՝ վերջին 20 տարիներին գրադարանը չէր վերանորոգվել, խունացած գրականություն ու գույք: 245.5 քմ տարածք զբաղեցնող գրադարանը տաքացվում էր փայտե վառարաններով:

Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը պատմում էր, որ իրեն խորհուրդ էին տվել Ամերիկյան համալսարանի թվային գրադարանին ծանոթանալ: «Ծանոթացա գրադարանի հնարավորություններին` ինչ է տալիս այն ուսանողին, շրջանավարտին եւ առհասարակ ընթերցողին, որովհետեւ գրադարանից օգտվողները միայն ուսանողները չեն: Հասկացա, որ կարեւորը միջավայրն է եւ ոչ թե բուն գրադարանը»,- ներկայացնում էր Կապանի քաղաքապետը:

Այս ծրագրով զբաղվել են 3 տարի, ֆինանսական մեծ միջոցներ էին պետք՝ 70 մլն դրամ, որը չունեին: Ա· Հայրապետյանն ասում է, որ առաջին տարին փորձում էին հասկանալ  ծրագրի դրական եւ ռիսկային կողմերը, հետո նախագիծը քննարկել են միջազգային կազմակերպությունների հետ: Ինչպես քաղաքապետն է ասում, դոնորներին շատ դժվար էր համոզել մի բանում, որի պտուղները շատ ուշ ես քաղելու: 70 մլն դրամ արժեցող թվային գրադարանին դոնոր կազմակերպության ներդրումը կազմում էր 3,9 մլն դրամ, 40 մլն դրամ ներդրել է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն: «Բավականին շատ էր մեր ներդրումը` 33 մլն դրամ համայնքային բյուջեից»,- նշում է համայնքի ղեկավարը:

Գրադարանն անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին: Համայնքը ամսական 180 000 դրամ վճարում է կոնսորցիումին անդամակցելու համար:

Ահա այսպես, ցանկության դեպքում հնարավոր է ունենալ լավագույն գրադարանը, ստեղծել գերազանց միջավայր, որը բնակիչներին ոչ թե կօտարի գիր ու գրականությունից, այլ լավ մտահղացման շնորհիվ կխթանի ընթերցանությունը, գրադարանը կվերածի մշակութային կենտրոնի: Սա ապացույցն է նաեւ այն բանի, որ անթույլատրելի է եւ անընդունելի է համայնքներում գրադարանները փակել միայն այն պատճառով, որ շենքային պայմանները բարվոք չեն, գրադարանային ֆոնդն աղքատիկ է, հնամաշ, չի թարմացվում նոր գրականությամբ, ընթերցասրահները կահավորված չեն, գրադարանավարներն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն եւ ժամանակի պահանջները բավարարելու կարողություն չունեն եւ այլն:

Բայց միթե՞ սա պատճառ է գրադարանները զանգվածաբար փակելու համար, որի սկիզբը դրվել է Հայաստանի անկախության առաջին տարիներին եւ շարունակվում է առ այսօր: Խորհրդային միության շրջանում ամենափոքր գյուղն անգամ գրադարան ուներ, եւ դա հենց այնպես չէր արվել, որոշ տվյալների համաձայն՝ 1000 գրադարան էր հաշվվում համայնքներում, այսօր 600 թվի մասին է խոսքը, որի կեսն էլ իրականում գոյություն չունի, դռները կողպված են տարիներով: Խորհրդային շրջանում բոլոր գյուղերում թերթեր էին բաժանորդագրվում, այսօր ինտերնետի հասանելիության պայմաններում էլեկտրոնային լրատվամիջոցները հասանելի չեն ընթերցողների լայն զանգվածներին:

Կապանի օրինակը, եթե գյուղական համայնքներից մեծ մասի համար անհասանելի է, ապա Գյումրի, Վանաձոր եւ մարզային մի շարք այլ քաղաքային համայնքների, խոշորացվող համայնքների դեպքում՝ մարզային կենտրոնների համար միանգամայն կիրառելի օրինակ է: Վանաձորը կարող էր, չէ՞, նման մի գրադարան ունենալ: Սակայն, միայն այս տարի Վանաձորի կենտրոնացված գրադարանային համակարգում ընդգրկված 8 գրադարաններից 4-ը միանգամից փակեցին, 34 աշխատողներին կրճատեցին, դպրոցականներին զրկեցին հանձնարարված գրականությունն ընթերցելու հնարավորությունից (գրադարանների հաճախումների պաշտոնական թիվը՝ 69 184, գրականության ֆոնդը՝ 417247): Մինչ այդ, Վանաձորում 2008-09 թթ·-ին փակվել էր եւս երկու գրադարան: 

Վանաձորի ավագանու ապրիլի 18-ի նիստում դրանք միավորելու որոշում է կայացվում: Ավագանու որոշումներին կից հավելվածները համայնքային կայքում չեն տեղադրվում, հետեւաբար անհասկանալի է, թե ինչու է ավագանու հունիսի 21-ի նիստում որոշվել․ «Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 18-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 18-Ա որոշման թիվ 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն թիվ 1 հավելվածի»:

Ավագանու նիստի մասին թերի գրառված արձանագրությունից տեղեկանում ենք, որ «ավագանու անդամների կողմից հարցեր չհնչեցին եւ 15 կողմ ձայներով որոշումն ընդունվեց»: Ավագանու ապրիլի 18-ի նիստում գոնե ասվում է, որ Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ ՀՈԱԿ-ի գործունեության հարցը քննարկելիս ավագանու անդամներից երկուսը հարցադրումներ են ունեցել՝ Արմենուհի Կյուրեղյանը խոսել է գրադարանային համակարգի աշխատակիցների ցածր աշխատավարձի վերաբերյալ՝ օրինակ բերելով գրադարանի վարիչի հաստիքով նախատեսված աշխատավարձը:

Գայանե Քալանթարյանը խոսել է կրճատված հաստիքների, միավորելու գործընթացի արդյունքում բյուջետային խնայողությունների, գրադարանների զարգացման հստակ տեսլական ունենալու վերաբերյալ:

Մինչդեռ, տեսլականը ավագանին ընդունել էր իր նախորդ՝ 31·03·2017թ· թիվ 1-Ա որոշումով հաստատած Վանաձոր համայնքի 2017-21 թվականների հնգամյա զարգացման ծրագրով: Ծրագիրն ավագանու հաստատմանն էր ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը եւ այն ընդունվել էր 14 կողմ ձայներով: Տկն Քալանթարյանը նույնպես կողմ է քվերակել այդ ծրագրին:

Հնգամյա զարգացման ծրագրում գրադարանների վերաբերյալ այսպիսի «տեսլական» է ամրագրվել եւ այն պետք է իրականացվեր առաջիկա 5 տարիներին՝ 2017-21 թթ·-ի ընթացքում: Վանաձորի հնգամյա ծրագրում խոսվում է երաժշտական երկու դպրոցները պարարվեստի դպրոցի հետ միավորելու մասին, բայց ոչ գրադարանների:

«Վանաձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան կենտրոնացված գրադարանների համակարգում ընդգրկված է թվով 8 մանկական եւ մասսայական գրադարան՝ համայնքի բոլոր թաղամասերում: Գրքային ֆոնդը նոր գրքերով, ամսագրերով եւ թերթերով համալրելու կարիք կա, ինչն իրականացնելու նպատակով կմշակվեն ծրագրեր, ձեռք կբերվեն համաձայնություններ դրամաշնորհ տրմադրող կազմակերպությունների, ինչպես նաեւ հրատարակչությունների հետ: Ծրագրվում է լուծել գրդարանների գազիֆիկացման խնդիրը՝ աշխատողների համար համապատասխան աշխատանքային պայմաններ եւ գրքային ֆոնդի համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով: Իրականացվելու են վերանորոգման ֆոնդերի թվայնացման, համակարգչային տեխնիկայի եւ նոր գույքի ձեռք բերման աշխատանքներ»:

Համաձայն հնգամյա ծրագրի՝ կենտրոնացված գրադարանների համակարգի 5 գրադարանում վերանորոգում է նախատեսվում, որի արդյունքում ակնկալվում է տեղեկատավական պահանջարկի բարձր մակարդակ, ընթերցողների եւ հաճախումների աճ, ֆոնդերի հարստացում, վերանորոգված եւ ջեռուցված գրադարաններ, թվայնացված գրականություն: Համարյա այնպիսին, ինչպիսին այսօր Կապանի գրադարանն  է:

Ինչո՞ւ ծրագիրը հաստատելուց 20 օր հետո որոշվեց փակել դրանցից 4-ը: Վանաձորի հասարակությունը պատճառների մասին տեղեկացված չէ, ըստ շրջանառվող լուրերի, գրադարանները ոչ թե կմիավորվեն, այլ՝ գույքը կհանձնվի դպրոցներին:

Գրադարանների լուծարման գործընթացը խոշորացված համայնքների համար նույնպես կանխատեսելի է համարվում եւ առաջին օրինակը կա արդեն․ Գորիս համայնքի (13 բնակավայր է ընդգրկված այս համայնքում) ավագանու 05 դեկտեմբերի 2016 թ·-ի N 21-Ա որոշումով լուծարվեց Վերիշենի գրադարանը:

«Լուծարման հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում ավարտել «Վերիշենի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացը եւ 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի «Գ.Աշոտի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանը»,- ասվում է ավագանու սույն որոշման մեջ՝ առանց ներկայացնելու լուծարման պատճառը:

Գյուղական բնակավայրերում մի փոքրիկ գրադարանն անգամ կարող է կրթական, մշակութային կյանք ապահովել համայնքի բնակիչների համար: Պարտադիր չէ, որ այդ գրադարանը նույնքան կատարյալ լինի, որքան Կապանի նորաստեղծ քաղաքային գրադարանը, բայց կարեւոր է, որ այն «միջավայր» ստեղծի, որպեսզի բնակիչները չօտարվեն իրենց բնակավայրից:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Գեղեցիկ է:............ Ես արդեն տարիներ գրում եմ,որ Հայաստանը մեկ մայրաքաղաք չպիտի ունենա. Հայաստանի կեսն այսօր ապրում է Երևանում,որը նորմալ ու լավ երևույթ չէ: Կապանը պիտի՛ դարձնել Հայաստանի 2-րդ մայրաքաղաք և/կամ քաղաքին պիտի տալ հատուկ (հանրապետական) կարգավիճակ: Հայաստանի հարավում մեծ/կարևոր քաղաք պիտի լինի. սա չափազանց կարևոր է Հայաստանի համաչափ զարգացման համար:................ ՀԳ-1. Գյումրու աշխարհագրական դիրքը չափազանց խոցելի է (թուրքական սահմանին շատ է մոտ)՝ 2-րդ մայրաքաղաք լինելու համար: ՀԳ-2. Գովելի է,որ հոդվածում վիրավորական «մարզկենտրոն» բառը չի օգտագործվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter