Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Հրթիռը գրական բառ է, գրի՛ր». վկայի խոսքով` քննիչն իրեն թելադրել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով իր տված ցուցմունքը



Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ գործով ցուցմունք տվեցին դատակոչված վերջին վկաները: Նրանցից երկուսը «Իգլայի», իսկ մեկը՝ փողերի լվացման դրվագի շուրջ էին ցուցմունքներ տալիս:

«Իգլայի» գործով անցնող վկաներից մեկը՝ Աշոտ Շուշանյանը նույն գործով անցնող ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ընկերն է: Վերջինս դատարանում հայտարարեց, որ քննիչն իրեն ուղղորդել է, որ ինքն իր նախաքննական ցուցմունքում գրել է այն ամենն, ինչ իրեն թելադրվել է քննիչի կողմից:

«Դավադիտ արեց, ասեց՝ գրի, գնա, չէ, մնալու ես ստեղ: Տասը րոպեն մեկ գնում, գալիս էր, ասում՝ գրի՛, ես էլ գրեցի»,- դատարանին պատմեց վկան՝ նշելով, թե գործով քննիչն իրեն առավոտից մինչև երեկո պահել է ԱԱԾ-ում:

«Սոված-ծարավ պահել ա, ես` կանտուզիա տարած, գլխիս ցավը բռնել էր, վերջն ինչ ասեց, գրեցի, որ դուրս գամ էդտեղից»,- ասաց Շուշանյանը: Վերջինս պարբերաբար կրկնում էր վերը նշված հանգամանքներն ու դժգոհում ԱԱԾ քննիչի կողմից իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից: Վկան պարբերաբար կրկնում էր նաև, թե քննիչն իրեն ասել է, որ ցուցմունքի մեջ նաև ինչ- որ հրթիռի մասին գրի, և ինքը տևական ժամանակ հրաժարվել է անել դա՝ նշելով, որ հրթիռի մասին ոչինչ չգիտի: Բայց, ի վերջո, ըստ Շուշանյանի դատարանում արած հայտարարության, հրթիռի մասին ևս գրել է:

«Ասում էր՝ հրթիռը գրական բառ է, գրի՛ր»,- դատարանին հայտնեց Շուշանյանն ու նշեց, որ ի վերջո գրել է նաև հրթիռի մասին:

Շուշանյանը ԱԺ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի էջմիածնի տարածքային կառույցի ղեկավարը:

Երբ «իգլայի» գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը ձերբակալվել է, Արմավիրի մարզի ՕՐՕ դաշինքի շտաբի պետ Սուսաննա Հարությունյանի հրավերով Շուշանյանը եկել ու զրուցել է Սամվել Բաբայանի հետ:

Այս վկայի խոսքով՝ ինքը Բաբայանին պատմել է, թե ինչպես են Սանասար Կարապետյանին ձերբակալելու նախորդ օրը իրեն և Կարապետյանին ոստիկանները կանգնեցրել ու ստուգել մեքենան: Ըստ  վկայի՝ իր և Բաբայանի հանդիպման ժամանակ Բաբայանն իրեն  ասել է, որ պլանշետ կա, որտեղից պետք է ինչ- որ նկար ջնջել, ինքը ասել է, որ կանի, բայց չի արել, քանի որ ոչինչ չի հասկացել Բաբայանի խոսքից:

Շուշանյանի հիշելով` սա այն ամենն է, ինչ ինքն ասել է քննիչին, իսկ իր տված ցուցմունքի մյուս հատվածներն իրեն թելադրել է քննիչն, ում անունը և ազգանունը ինքը չի հիշում:

Դատարանում հրապարակվեց Շուշանյանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի` ինքն ու Սանասար Գաբրիելյանը վերջինիս առաջարկով Սևան գնալիս են եղել, երբ ոստիկանները նրանց մեքենան կանգնեցրել և ստուգել են: Ղարաբաղ գնալու հանգամանքը ևս Շուշանյանը դատարանում չընդունեց:

Նախաքննական ցուցմունքում Շուշանյանը գրել է նաև, որ Բաբայանի և իր միջև խոսակցության ժամանակ Բաբայանը հետաքրքվել է, թե արդյոք «հրթիռը» մեքենայում է եղել: Այս հանգամանքը ևս  Շուշանյանը չընդունեց:

Այս գործով «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում Սամվել Բաբայանի աշխատասենյակում ձայնագրություն է կատարվել: Ձայնագրված է նաև Շուշանյանի և Սամվել Բաբայանի միջև տեղի ունեցած խոսակցությունը: Մեղադրող դատախազ Արամ Արամյանը դատարանին միջնորդեց հրապարակել այդ ձայնագրությունը:

Ձայանգրության համաձայն՝ Շուշանյանը Բաբայանին պատմում է, որ Սանասարն իրեն առաջարկել է միասին Ղարաբաղ գնալ, ապա մանրամասներ հայտնել, թե ինչպես են ոստիկաններն իրենց կանգնեցրել, ստուգել մեքենան: Այսինքն՝ թեև Շուշանյանը դատարանում հերքեց, որ ինքն ու Սանասար Կարապետյանը Ղարաբաղ էին գնում, դրա մասին ձայնագրությունում խոսակցություն կա:

«Մեքենայում բան կա՞ր»,- ըստ ձայնագրության վերծանման հարցրել է Սամվել Բաբայանը,  և Շուշանյանը ասել է, որ մեքենայում ոչինչ չի եղել:

«Բա որ գնացել եք Վրաստան»,- շարունակել է Բաբայանը, և Շուշանյանը պատասխանել է, թե ինքը չի գնացել:

«Բա էդ բանը չե՞ք բերել»,- հարցրել է Բաբայանը:

«Ի՞նչը»,- հարցրել է Շուշանյանը:

«Տրուբեն»,- պատասխանել է Սամվել Բաբայանը:

Նշենք, որ Սամվել Բաբայանի պաշտպանի՝ Ավետիս Քալաշյանի խոսքով` ձայնագրության  մեջ առկա այս «տրուբա» արտահայտությունն է, որ «գրական հայերենով» թարգմանվել է որպես «հրթիռ», սրա մասին է, որ շարունակ խոսում է Շուշանյանը ու դժգոհում, թե քննիչն է իրեն ստիպել գրել հրթիռի մասին:

Մինչդեռ, Քալաշյանի խոսքով, իր պաշտպանյալ Սամվել Բաբայանը այս խոսակցության վերաբերյալ պարզաբանում ունի, որը կներկայացնի իր ցուցմունքում:

Ձայնագրության հրապարակումից հետո Շուշանյանը հայտարարեց, որ դրանում առկա որոշ խոսակցություններ իր և Բաբայանի միջև տեղի չեն ունեցել, հետո նայեց ցուցմունքը, որի տակ ինքը ստորագրել է, և հայտարարեց, որ դրա որոշ հատվածներ ևս իր ձեռագրով չեն գրված:

Տևական ժամանակ հարցաքննվելուց հետո Շուշանյանն ասաց, որ գլուխը սկսեց ցավել, որ «արագացնեն, ինքը գնա»: Դատավոր Արշակ Վարդանյանն առաջարկեց ընդմիջում անել, նոր շարունկել հարցաքննությունը, սակայն վկան հրաժարվեց և խնդրեց իրեն ջուր տալ:

Մինչ Շուշանյանի համար ջուր կբերեին, «օգտվելով առիթից»` նա գնաց և առանց դատարանի թույլտվության  ողջագուրվեց ընկերոջ՝ Սանասար Գաբրիելյանի հետ՝ ասելով՝ «մի հատ ընկերոջս պաչեմ»:

Հետո մի անգամ էլ Շուշանյանն ընկերոջը «պաչեց», երբ իր հարցաքննությանն ավարտվել էր և գնում էր նիստերի դահլիճից: Այս ժամանակ էլ հայտարարեց, թե իրեն ամեն ինչ կարելի է:

Հարցաքննության ավարտին դատավոր Արշակ Վարդանյանը ցանկանում էր ևս մեկ անգամ ճշտել՝ արդյոք Շուշանյանի ցուցմունքը գրված է իր ձեռքով:

«Հա, լավ, իմն ա»,- ասաց Շուշանյանն, ով քիչ առաջ պնդում էր, թե ցուցմունքի որոշ հատվածներում իր ձեռագիրը չէ:

Այս վկայի հարցաքննության ժամանակ մեղադրող դատախազ Արամ Արամյանն, ով դատարանում մշտապես զուսպ  կեցվածք ունի, բարկանում ու փոքր ինչ բարձրացնում էր ձայնը: Հերթական նման դեպքից հետո Սանասար Կարապետյանը բարկացավ:

«Էնտեղ ճնշել եք, հերիք չի, էստեղ էլ չե՞ք ուզում խոսի»,- տեղից վեր կենալով՝ ասաց Կարապետյանը: Դատավոր Արշակ Վարդանյանը նրան նկատողություն արեց:

«Ինքը պատշպան չունի, ես եմ իր պաշտպանը»,- դատավորին հակադարձեց Գաբրիելյանն, ով դեռևս դատաքննության մեկնարկին հրաժարվել է պաշտպանից ու հետո, դիմելով Շուշանյանին ասաց՝ «ստեղ նստած եմ, չվախենաս»:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց:

Հարցաքննված հաջորդ վկան` Ռուստամ Սադոյանը, «Իգլայի» խողովակը ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանի ընկերն է, էջմիածինցի: Ճանաչել է նաև Էջմիածնի բնակիչներ, այս գործով ամբաստանյալներ Արմեն Պողոսյանին և Սանասար Կարապետյանին:

Այս վկան ազգությամբ եզդի է: Ըստ դատարանում հայտնած իր ցուցմունքի՝ Հրաչյա Մայիլյանն իրեն հայտնել է մեծ քանակությամբ  գառ գնելու մտադրության  մասին և խնդրել այդ նպատակով իր հետ Վրաստան գնալ: Գնացել են, սակայն այդպես էլ գառ գնալու թեմա չի եղել:

Վկայի խոսքով՝ Թբիլիսիում իրենք հանդիպել են այս գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանին և «Իգլայի» գործի շրջանակներում Վրաստանում ձերբակալված Ռոբերտ Աղվանյանին, ում Հայաստանին չեն արտահանձնել կամ առնվազն արտահանձնման վերաբերյալ տեղեկություն հայտնի չէ:

Ըստ վկայի` ինքը Վրաստանից «Իգլայի» բերելու մտադրության մասին տեղեկություն չի ունեցել: Սադոյանի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ երբ իրենք հանդիպել են Ռոբերտ Աղվանյանին, վերջինս նրան տարօրինակ հարց է տվել, թե արդյոք ինքը չգիտի՞ ազգությամբ քուրդ որևէ մեկին, ով կցանկանա  «կռվելու համար ուսին դրվող զենք գնել»: Ըստ վկայի`Ռոբերտը նաև ինչ- որ զենքի անուն է տվել, որն ինքը չի հիշում և ասել, որ դրանով հնարավոր է ինքնաթիռ խոցել:

Դատարանում Սադոյանը հայտարարեց, որ քննիչն է բացել «Իգլայի» մասին խոսակցությունը, որ ինքը չի պատկերացրել, թե դա ինչ զենք է:

«Քննիչը հարցրեց`կարող ա՞ դրանով կարելի է ինքնաթիռ խոցել, ես էլ ասացի՝ կարող ա»,- ցուցմունք տալիս ասաց Սադոյանը:

Այսօր հարցաքննված մյուս վկան` Համիկ Իխտիարյանը բանկում է աշխատում: Վերջինս նշեց, որ փողերի  լվացման գործով անցնող ամբաստանյալ Դավիթ Հարությունյանն իր ընկերն է, իրեն մի անգամ դիմել և հարցրել է, թե  որտեղ կարելիէ հնամաշ եվրո փոխել, բայց ինքը որևէ կոնկրետ խորհուրդ չի տվել: Վկան նշեց նաև, որ խոսքը չորս կամ հինզ  հազար եվրոյի մասին է եղել:

Դատական նիստն այսօր ավարտվեց: Հաջորդ նիստին կհետազոտվեն գործում առկա փաստական ապացույցները:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)06:44 - 24 սեպտեմբերի, 2017
Ես իսկապես մի բան չեմ հասկանում. Հայաստանում քննիչներին որտեղի՞ց ԱՅՍՔԱՆ դուխ,որ ինչ ուզում անում են: Ու սա մի գործում,որը հայտնի մարդու է վերաբերում:Ես իսկապես չեմ հասկանում: ՓԱՍՏՈՐԵՆ՝ Հայաստանի դատաիրավական համակարգն իրականու՛մ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ: Երկու օր առաջ էլ մեկ այլ ՑՆՑՈՂ դեպք կարդացի. Վարդենիսի իրավապահ մարմինները վարդենիսցի մի խեղճ ընտանիքի գլխին «սպանություն» են սարքել: Կինը (Նարինե Նալբանդյան) 14 տարի բանտում անմեղ նստել է (մինչև ՄԻԵԴ-ը արդարացրեց). ա՛յս գործն արդեն իսկ հերիք է,որպեսզի համոզվենք,որ Հայաստանի ապագան միմիայն եվրոպական արժեհամակարգում է:
2. մոսո19:08 - 24 սեպտեմբերի, 2017
Էհ Վարազ, վախենամ եվրո արժեհամակարգը մի քիչ արժեզրկվի՝ սրանց այնտեղ մտնելով:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ