Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Առաջարկում են օրենքով սահմանափակել մոլախաղերով հրապուրված անձանց մուտքը խաղատներ



Մոլախաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացիների մուտքը խաղատուն արգելելու, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ խաղատներ կատարվող այցելությունները սահմանափակելու հնարավորությամբ պայմանավորված «Ելք» խմբակցության մի խումբ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Առաջարկում են լրացնել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում:

Ազգային ժողով ներկայացված նախագծով պատգամավորներն առաջարկում են օրինական կարգով սահմանափակել մոլախաղերով հրապուրվելու հետևանքով իրեն և իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունն: Խոսքն առաջին հերթին այն անձանց մասին է, ովքեր արդեն իսկ դատական կարգով սահմանափակ գործունակ են ճանաչվել հենց այդ հիմքերով:

Պատգամավորները որպես հիմնավորում վկայակոչում են Քաղաքացիական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասը, որ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու` առանց հոգաբարձուի համաձայնության կնքած` գույքի տնօրինման գործարքը դատարանը կարող է հոգաբարձուի հայցով անվավեր ճանաչել: Նախագծի հեղինակները վստահ են, որ կարիք չկա թույլ տալ, որպեսզի գործը հասնի դատարան, ինչն իր հետ անխուսափելիորն բերում է ժամանակի և դատական ռեսուրսի վատնում, դատական ծախսեր: Այդ ամենը հնարավոր է կարճ և արդյունավետ եղանակով:

Այս մասով առաջարկվում է օրենքում հետևյալ լրացումը կատարել.

…Մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում վճռի օրինակն ուղարկում է լիազոր մարմին: Լիազոր մարմինը, սույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված կարգով, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպիչներին, որպեսզի նրանք արգելեն օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենց խաղասրահներ:

Մյուս կողմից, բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր թեև սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, սակայն, օրինակ, ալկոհոլի ազդեցությամբ կորցնելով ինքնատիրապետումը` հաճախում են խաղատուն, բայց դա չեն անում սթափ վիճակում, կարող են դիմում ներկայացնել շահումով խաղերի, խաղատան գործունեության լիցենզավորում և վերահսկողություն իրականացնող մարմնին՝ այդպիսով արգելափակելով սեփական մուտքը խաղատներ:

Պատգամավորներն այդ մասով առաջարկում են հետևյալ լրացումը.

Խաղասրահ կատարվող իր այցելությունները սահմանափակել ցանկացող քաղաքացին կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր խաղասրահներ իր մուտքն արգելելու վերաբերյալ դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ նշելով որոշակի ժամկետ, որը չի կարող 6 ամսից պակաս լինել: Դիմումում նշված ժամկետի ընթացքում դիմողն այն չի կարող հետ վերցնել:

Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում դիմումի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կազմակերպիչներին՝ նրանց ուղարկելով դիմումի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակները: Դիմումում նշված ժամկետի ողջ ընթացքում կազմակերպիչները պարտավոր են արգելել դիմումատուի մուտքն իրենց խաղասրահներ:

Նշված պահանջների խախտման յուրաքանչյուր դեպքի համար նախատեսվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով:

Նախագծի հեղինակները հիմնավորում են, որ քաղաքացու կողմից խաղատներ կատարվող իր այցելությունները սահմանափակելու դեպքերն ընդունված պրակտիկա է Միացյալ Նահանգներում, Կանադայում, Սինգապուրում, Ֆրանսիայում, Էստոնիայում, Բելառուսում և այլուր:

Ճանաչման համար կարող են կիրառվել մի քանի տարբերակներ: «Ելքի» պատգամավորներն առաջարկում են ամենապրակտիկը. համաձայն «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի համապատասխան հոդվածի՝ կազմակերպիչն արգելում է 21 տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ, ինչն ինքնին նշանակում է, որ խաղասրահ մուտք գործելիս անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել: Այսպիսով՝ ստուգելով խաղատուն մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի տարիքը, ստուգվում է նաև, թե նա կա արդյոք այն անձանց ցուցակում, ում մուտքը խաղատուն վերոնշյալ հիմքերով պետք է արգելվի:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ