HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Հինգ անուն` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ձայնադարանից

«Հետքը» իր երաժշտական շարքում սկսում է նոր խորագիր՝  «Հինգ անուն՝ … ձայնադարանից», որի ներքո տարբեր ոլորտի մասնագետները կներկայացնեն ոչ միայն իրենց երաժշտական նախասիրությունները, այլև երաժշտության ունեցած դերն իրենց կյանքում: Դրանք ընդգրկելու են տարբեր ժանրեր և ոճեր, դրանք միևնույն ժամանակ բացահայտելու են մեզ արդեն հայտնի շատ մարդկանց մեկ այլ տեսանկյունից: Ժողովրդական, դասական, հանրային մեծ լսարաններ ընդգրկող տարբեր գործեր՝  նաև օրվա հերոսի մեկնաբանությամբ:

Խորագիրն այսօր ներկայացնում է հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի ձայնադարանը:

Պարզվում է՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ռոք երաժշտության մեծ երկրպագու է: Պատմում է, որ ժամանակին վինիլային դիսկերի մեծ հավաքածու է ունեցել, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում 1960-ականների հայտնի անունների ձայնագրությունները. «Uriah Heep», «Jethro Tull», «Marillion», «Pink Floyd», Փիթեր Գեբրիել… և այլք: Ինչպես ինքն է բնորոշում՝ «դասական ռոքի սյուները» մշտապես ներկա են իր կյանքում, և հիմա էլ հաճախ է լսում նրանց:

Չնայած երաժշտական այլ նախասիրություններին՝ ռոքը մինչ օրս մնում է նրա ձայնադարանում ամենապահանջված ժանրը: «Ռոքը խիզախների հոգու բերկրանքն է, ռոքն ազատամտություն է և բնությամբ կամ դաստիարակությամբ ազատ մարդու կենսակերպ,- գրել է նա մի առիթով,- Ռոքը չի հանդուրժում խեղճություն, ռոքին հետամուտ լինելու համար պայման է` որ մարդն ազատ ու անկախ լինի կամ գոնե այդ արժեքները երազող»:  

Սակայն ռոքից բացի, Ս. Կարապետյանը ունկնդրել և առանձին հատվածներով մշտապես վայելել է դասական երաժշտության գլուխգործոցներ, որոնց սկավառակները ձեռք բերելու համար ստիպված է եղել երբեմն կրկնակի վճարել կամ դիմել խորհրդային ավանդույթներին բնորոշ զարտուղի  ճանապարհների: «Սովետական տարիներին, գիտեք, դժվար էր արևմուտքից անգամ երաժշտություն լսելը,- ասում է նա,- իսկ ես այն ժամանակ այսպիսի մի սկզբունք ունեի՝ գերմանական դասական երաժշտությունը միմիայն գերմանական նվագախմբերի կատարմամբ էի ուզում ունենալ: Եվ դա, թեկուզ շատ դժվար, բայց երբեմն հաջողվում էր»:

Բացի այդ, արդեն գրեթե յոթ տարի է, ինչ նա տարված է սկանդինավյան երկրների երաժշտությամբ, հիմնականում իսլանդական խմբերով, որոնք ներկայացնում են մեթալ և, հատկապես, ֆոլկ մեթալ երաժշտություն:

«Ընդհանրապես այն ազգերը, որոնք ավելի շատ են կարողանում պահպանել իրենց ազգայինը, ավանդույթներն ու աշխարհընկալումը կարողանում են լավ մատուցել երաժշտության ճանապարհով, դա գրավում է ինձ՝ անկախ ազգային պատկանելությունից: Ինձ խիզախ ազգերը ավելի են գրավում, և ես սիրում եմ խիզախների երաժշտությունը: Այն ռոք և մեթալ խմբերին, որ ես եմ գտել Իսլանդիայում, ապշելու բան են ուղղակի»- ասում է Ս. Կարապետյանը:

Սամվել Կարապետյանի ձայնադարանն այսօր ներառում է դասական երաժշտությունից մինչև ծանր, ֆոլկ մեթալ ընդգրկող երաժշտություն: Դրանցից հինգ անուն այսօր կներկայացնենք մեր ընթերցողներին՝ իր որոշ մեկնաբանություններով: «Ուզում եմ անպայման նշել, որ ես մասնագետ չեմ, ընդամենը երաժշտասեր եմ, ով առաջնորդվում է հիմնականում զգացականով: Եվ ուրեմն՝ իմ բնորոշումները կամ մեկնաբանությունները զուտ այս չափանիշով են ներկայացվում»,- հիշեցնում է նա:

 1. «Sólstafir». Իսլանդական խումբ, որը հանդես է գալիս հիմնականում պոստ մեթալ և ծանր ռոք ժանրերում: Ս. Կարապետյանը առանձնացնում է խմբի վերջին՝ «Berdreyminn» ալբոմը (2017թ.): « Ինչպես իրենց կղզին է առանձին ու խորհրդավոր աշխարհ, այնպես էլ նրանց երաժշտությունը,- ասում է նա:- Շատ խորհրդավոր երաժշտություն է ու շատ շերտեր ունի: Իմ տպավորությամբ՝ նրա միջով փոխանցվում են ազգի պատմության էջերը, երկրի բնության ձայները՝ քամու սուրոցով և կղզու ժայռոտ ափերին զարնվող օվկիանոսի ալիքների շառաչով»:

2. «Wardruna». Նորվեգական խումբ, ավելի ճիշտ՝ երաժշտական նախագիծ, որը ներկայանում է  նորվեգական մշակույթի և էզոթերիկ ավանդույթների հիման վրա ստեղծված երաժշտությամբ: Խումբը նշանավոր է հատկապես բնության ձայների և ազգային երաժշտական բազմաթիվ գործիքների կիրառմամբ, որոնց մեծ մասը պատմական հեռավոր ժամանակների մեջ մնացած գործածություն ունեն: «Նրանց երգերում երկրի փառաբանությունն է, իրենց նախնիների հերոսական անցյալի պատմությունը՝ շաղախված դիցաբանական, սկանդինավյան ծիսական տարրերով»,- ասում է Ս. Կարապետյանը: Իսկ խմբի հիմնադիր, վոկալիստ Էյնար «Կվինտրաֆն» Սելվիկի ելույթներից մեկի մասին գրել է. «Այսպիսին է խիզախությամբ թրծած ոգուց ելած մեղեդին: Ինձ այնպես թվաց, որ վիկինգների արժանավոր հետնորդ՝ մենակատար Էյնար Սելվիկը ստեղծագործության ավարտին անմիջապես չի կարողանում լքել իր իսկ մատուցած աշխարհը և ուշքի է գալիս խմբավարի խոնարումից հետո միայն` մի քանի ակնթարթ անց»:

«Մարդիկ կան, որ ասում են երաժշտությունն իրենց խանգարում է աշխատելիս, բայց ինձ՝ ոչ: Նույնիսկ օգնում է: Ես երբեմն կատակով ասում եմ՝ « Այսինչ երաժշտությունը այս էջերը գրեց»,- պատմում է Ս. Կարապետյանը: Թեև վաղուց արդեն դժվարանում է ազատ ժամանակ գտնել, այնուամենայնիվ, երբ պատահում է գոնե մի քանի րոպե աշխատանքից կտրվել, զուտ թարմանալու համար, նախընտրում է սիրած համերգներից դիտել, կամ որևէ երգ լսել:

Մեր երաժշտական շարքի երրորդ հանգրվանը Դանիան է:

«Ֆիննական խմբեր էլ եմ շատ սիրում և զարմացած եմ նրանց գործունեությունից:- ավելացնում է Ս. Կարապետյանը,- Որպեսզի բոլորը սկանդինավյան երաժշտություն չստացվի և առավելապես վիկինգների ֆոլկ մեթալ, ես կառանձնացնեմ դանիական մի խմբի էլ ու դրանով հյուսիսային շարքը կեզրափակեմ»:

3. «Saturnus». մեղեդային-դում մեթալ, գոթիկ մեթալ ուղղվածությամբ խումբ, որն, ի դեպ, այս տարվա գարնանը հանդես է եկել նաև Երևանում:

4. Բեթհովեն. Սիմֆոնիաներ

«Ամեն տեսակ երաժշտության հետ լինում է մի շրջան, որ ես նրա մեջ խորասուզվում եմ ու ուզում եմ ամբողջովին սերտել այն:- ասում է Ս. կարապետյանը,- Դասական շրջանի կոմպոզիտորներից ամենաշատը սիրում եմ լսել Բեթհովեն, նրա սիմֆոնիաները: Իսկ որոշ սիմֆոնիաներից՝ հատուկ կտորներ: Օրինակ՝ 7-րդ սիմֆոնիայի 2-րդ հատվածը. գժվելու բան է»:

5. Հայ երաժշտություն:

«Ես շատ սիրում եմ Կոմիտասի «Մշո շորորը»: Դրա մեջ մի անբացատրելի, միստիկ բան կա, որի մասին, լսելուց հետո կարդացի, Կոմիտասն էլ է գրել,- ասում է Ս. Կարապետյանը,- Ինձ համար կարևոր է նաև Վահրամ Թաթիկյանի երաժշտությունը՝ գրաբարյան հայերենով և Պաղդասար Դպիրի խոսքերով: Բայց կա մեկը, որը մեծ ազդեցություն է ունեցել իմ պատանեկության տարիներին և առաջնորդել ինձ իմ աշխարհընկալման այս փուլում: Երևի 16-17 տարեկան էի,  երբ լսում էի Արթուր Մեսչյանի « Ու՞ր էիր Աստված» երգը: Ես հաշվի եմ առնում այն տարիների և նման երգերի անհամատեղելիությունը՝ արդարության ցասումի, հայրենիք-գերագույն արժեքի ներկայության ու ինչ-որ տեղ պահանջի արտահայտությամբ: Այդ երգն ու երգիչը այն տարիներին ինձ համար համարձակ, խորհրդավոր ու այլ շերտեր պարունակող երևույթ էին ներկայանում: Այն իսկապես դրոշմվել է իմ կյանքի այդ կարևոր փուլում»:

Սամվել Կարապետյանին խիստ մտոհոգում է այն երաժշտությունը, որը լայն տարածում ունի հայկական լսարանում: Ասում է, որ ընդհանրապես մեր երաժշտությունը ավելի շատ խնդրող է, քան պահանջող: Նա համոզված է, որ երաժշտությունը մարդու վրա ազդելու, նրան փոխելու մեծ հնարավորություն ունի և գտնում է, որ մենք պարտավոր ենք բարձր մակարդակի երաժշտություն հնչեցնել, պրոպագանդել ու դրանով դաստիարակել երիտասարդներին: «Եթե ուզում ես լավ բերք ունենալ, պիտի որակյալ սերմեր ցանես», - ասում է Ս. Կարապետյանը: 

«Երաժշտությունը հոգեկերտվածք է, աշխարհընկալում, վերաբերմունք: Կախված նրանից, թե ինչ երաժշտություն ես նախընտրում, ըստ այդմ էլ դրսևորվում ես կյանքում իբրև քաղաքացի, իբրև մարդ: Շղթայական կապի մեջ են,- ասում է նա:- Մենք պատերազմական մթնոլորտում ապրող երկիր ունենք: Շատ կուզեի, որ հաղթական նոտաների վրա կառուցված երաժշտությունը լայն լսարան ունենար մեզանում՝ երիտասարդների շրջանում, և ոչ թե այսօրվա ռաբիսը: Այն երաժշտությունը, որով կարող ես միայն քարշ տալ, չես կարող նրանով հզոր հայրենիք ունենալ: Լացը մեր երաժշտության մեջ անպակաս է, և ես ամաչում եմ, որ մեր երիտասարդությունը մեծ մասամբ այս աղերսող և լացող երաժշտության ունկնդիրն է: Այդ երաժշտությամբ դու հայրենիք չես պահի, միայն կհանձնես: Կամ մի կերպ քարշ կտաս… մի կերպ»:

Լուսանկարները՝  Նազելի Օհանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter