HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշեն» միապետախորհրդային բանտի ներսում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Հայաստանում անարդարությունների, մարդկային արժանապատվության ոտնահարման ու ազատ կամքի ստրկացման խորհրդանիշ-գործիքը «Նուբարաշեն» կլոր բանտն է: Այս բանտը յուրահատուկ միապետություն է, որտեղ բանտապետերը նստում են գահին ու փորձում են իրենք իրենցով փոխարինել օրենքները: Այս տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ նրանցից կամ տեղակալներից ու բանտի աշխատակիցներից լսել եմ` ի՞նչ դատարան, ի՞նչ օրենք, էստեղ օրենքը մենք ենք` ոնց ուզենք, կանենք:

Այս անգամ ուզում եմ գրել հենց բանտապետերի մասին, քանիսն են եկել-գնացել այս 21 տարիների ընթացքում: Մտովի փորձում եմ հաշվել. մեկ տասնյակից ավելի:

Օրենքները, ներքին կանոնակարգերը, կարծես միտումնավոր, բանտապետերին մեծ հայեցողական լայն լիազորություններ են տալիս: Օրինակ` անազատության մեջ գտնվող մարդկանց համար շատ կարևոր են հարազատների հետ հանդիպումները: Եվ այս հարցում նույնպես, ցավոք, բանտի պետից է շատ բան կախված: Եղել է բանտապետ, ով անգամ կարճատև տեսակցությունների փոխարեն թույլատրել է միայն ցմահ բանտարկյալներին երկարատև տեսակցել հարազատներին: Պետեր են եղել, որոնց ղեկավարման տարիներին տրվել են մինչև իսկ տարեկան 3-4 անգամ եռօրյա երկարատև տեսակցություններ: Սակայն եղել են բանտապետեր, որոնք տարեկան 1 անգամից ավելի երկարատև տեսակցություն չեն տրամադրել, իսկ քրեակատարողական օրենսգրքով սահմանված խրախուսանքն ու լրացուցիչ տեսակցությունը նրանք չեն կիրառել:

Եթե օրենքներն առհասարակ գործեին և հայեցողական լիազորությունները սահմանափակվեին, ապա որևէ տարբերություն չէր լինի, թե ով է բանտապետ նշանակվում:

Տեսնենք, թե ժամանակային առումով ինչ է տեղի ունեցել բանտ-պետության մեջ այս 21 տարիներին: 90-ականներին ծեծն ու ջարդը սովորական երևույթ էր ողջ բանտով մեկ, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքներում: Ինչ վերաբերում է իբր մահապատժից հրաժարվելուն, ապա ՔԿ վարչության պետ Սամվել Հովհաննիսյանի օրոք այն շարունակվում էր ի կատար ածվել՝ մարդկանց սովամահ անելու, ծեծ ու ջարդի միջոցով: ՔԿՎ այս պետը հետագայում քրեական ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտվեց, սակայն նախագահի ներմամբ 1 տարի անց վերադարձավ ազատություն:

2004-2006 թվականներին Եվրոպական Խորհրդի անդամ դառնալու հետ կապված և այնտեղից մեծ գումարներ մուրալու ժամանակաշրջանում ակնհայտ բարելավումներ եղան: Ծեծն ու ջարդը հասան նվազագույնի, խցերը մի փոքր վերանորոգվեցին, Կարմիր խաչի և մի շարք այլ միջազգային և եվրոպական կառույցների անդամներ, ինչպես նաև լրագրողներ կարողացան ազատ մուտք գործել բանտ, իրենց աչքերով տեսնել իրավիճակը: Այդ ժամանակ «Նուբարաշեն» բանտում համեմատաբար ավելի լիբերալ բանտապետ նշանակվեց` Արամ Սարգսյանը, ով արեց ամենակարևոր մարդասիրական քայլը. թույլատրեց հարազատների հետ հնարավորինս հաճախ հանդիպումներ: Սրանից հետո դանդաղ, բայց նկատելի ձևով նորից սկսվեց հետընթացը, որը գագաթնակետին է հասնում այսօր:

Եվ չնայած 26 տարիների անկախությանը, բանտում խորհրդային ոգին չի անհետացել. 1996 թ-ից այստեղ եմ: Մինչ օրս աշխատակիցներն ու բանտարկյալները զբոսանքին ասում են «պռագուլկա», նախաճաշին՝ `«զավտրիկ» (завтрак բառի աղավաղված ձևն է), ճաշին`«աբեդ», դիտանցքին` «գլազ», ղեկավարին` «նաչալնիկ» և այլն: Լեզվամտածողությունը պայմանավորում է գործողությունները, որոնք էլ կերտում են անգամ ճակատագրեր` թե՛ անհատի, թե՛ պետության:

Բանտն, ասես, մեր պետության փոքր մոդելը լինի, և այստեղ ավելի ակնառու են պետության զարգացման կամ հետընթացի երևույթները: ԵԽ անդամ դառնալով՝ Ներքին գործերի նախարարությունից, այն է` ոստիկանական համակարգի վերահսկողության տակից, իբր, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներն անցան արդարադատության ոլորտ: Իրականում արդարադատության նախարարությունը` ի դեմս իրար փոխարինող նախարարների, որևէ ազդեցություն չունեն այս ոլորտում: Գիտե՞ք ինչու. որովհետև ՔԿ վարչության պետին նշանակում ու ազատում է ոչ թե արդարադատության նախարարը, այլ հանրապետության նախագահը: Բանտերի ու գաղութների պետեր էլ որպես կանոն նշանակվում են հենց ոստիկանական համակարգից: Այսինքն` իրականում որևէ համակարգային փոփոխություն Հայաստանում տեղի չունեցավ այս ոլորտում, պարզապես Եվրոպայի աչքերին թոզ փչեցին, թե իբր քաղաքակիրթ ենք դառնում, որպեսզի գումարներ հոսեն Հայաստան բարեփոխումների անվան տակ:

Կարծում եմ՝ նույն պատկերն է ամբողջ երկրի մակարդակով: Բարի կամ չար «թագավորներից» է կախված երկրի, ազգի ճակատագիրը: Անձերը փորձում են փոխարինել օրենքները, ավելի պարզ՝ իրենք դառնալ օրենքն ու ճիշտը՝ դառնալով մարդ-օրենքներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter