HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Ես Բագրատունի եմ եւ երկրիս համար պատասխանատվություն եմ զգում»

Այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի Թավջութակի թիվ 2 կոնցերտը։ Մենակատարը ԱՄՆ-ում բնակվող թավջութակահար Սուրեն Բագրատունին էր։

Ֆիլհարմոնիկ նվագախումբը պատասխանատու համերգից առաջ ավելի քան մեկ ժամ փորձ անցկացրեց Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Դիրիժորը վերջին շտրիխներն էր անում պարտիտուրի մեջ` համաձայնեցնելով դրանք հեղինակի հետ։

Վաչե Շարաֆյանը թավջութակի եւ նվագախմբի համար գրված իր երկու կոնցերտներն էլ նվիրել է Սուրեն Բագրատունուն։ «Նա հանճարեղ մարդ է»,- այսպես մեկնաբանեց իր քայլը կոմպոզիտորը։

Իսկ Բագրատունին «Հետք»-ի հետ զրույցում ասաց․ «Այս կոնցերտն ինձ շատ է դուր գալիս ոչ միայն նրա համար, որ ինձ է նվիրված։ Այն մի հատուկ տրամադրություն է ստեղծում։ Կոնցերտի առաջին կատարումը ԱՄՆ-ում շատ մեծ արձագանք է գտել։ Ես շատ մեծ հաճույքով եկա Հայաստան՝ Վաչեի կոնցերտը կատարելու համար»։

Հետո կատակեց․ «Իմ պատվերով է գրել։ Որ ուղղակի խնդրեմ՝ չի անի։ Մեկ-մեկ էնպիսի պարտիաներ է գրում թավջութակի համար, որ զանգում ասում եմ՝ Վաչե ջան, փոխիր։ Ասում է՝ չեմ փոխի։ Он заставляет меня заниматься!»։

Սուրեն Բագրատունին Միչիգանի նահանգի պետական համալսարանի պրոֆեսոր է, լարային ամբիոնի վարիչը։

Նա խորհրդային տարիներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում, մինչեւ ԽՍՀՄ փլուզումը միջազգային մրցույթների դափնիներով վերադարձել Հայաստան ու մոտ կես տարի մնալուց հետո, 1990 թվականին, տեղափոխվել ԱՄՆ։ Փորձից հետո «Հետք»-ը զրուցեց Բագրատունու հետ։

-Դուք «երազանքների երկրից» եք եկել։ Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանը։

-Ամեն այցիս մի բան փոխված եմ տեսնում։ Դժվար է կոնկրետ բան մատնանշել, բայց մարդկանց տրամադրությունն եմ փոխված տեսնում։ Տեսնում եմ նաեւ տխուր մարդկանց։

Շատ բաներ փոխվել են՝ ե´ւ վատ, ե´ւ լավ առումով։ Դեռ փորձում եմ վերլուծել։

-ԽՍՀՄ փլուզումից հետո, արդեն 26 տարի, երաժիշտների մեծ խմբեր են մեկնում Հայաստանից։ Ի՞նչ են փնտրում այլ երկրներում, որ չկա Հայաստանում։

-Երբ ես մեկնեցի Միացյալ Նահանգներ, այստեղ հասկացել էի, որ աշակերտությունը հետաքրքրված չէր կոնսերվատորիա գալու հարցում։ Ինչպես ասացին շատ պրոֆեսորներ՝ ինձ աշխատանք չէր հասնում, ուսանող չկար։ Շատ հրավերներ ունեի Արեւմուտքից, որոշեցի դրանցից մեկն օգտագործեմ եւ մեկնեմ ստեղծագործելու։ Այդ ժամանակ Հայաստանում հեռանկարի իսպառ բացակայություն էր։

Ես քաղաքական դրդապատճառներով չեմ մեկնել։ Ինձ աշխատանք էին առաջարկել։ Երկար ժամանակ ես հայկական անձնագրով էի շրջում։ Ցավոք 2003թ.-ին ժամկետը լրացավ, բայց ես արդեն ամերիկյան քաղաքացիություն ունեի։

-Դրսի մեր ընկերները փորձում են մեզ հիասթափեցնել, ասում են՝ ինչպե՞ս եք ապրում Հայաստանում։

- Հայաստանում մեծ քանակությամբ տաղանդավոր մարդիկ կան։ Երաժշտության համար լավ երկիր է։ Բայց ստեղծագործական կյանքը նման չէ անգամ ԽՍՀՄ ժամանակներին։ Թույլ է։

Ներկայում դրսից ավելի շատ են սոլիստներ հրավիրվում Հայաստան, բայց տպավորություն ունեմ, որ այստեղ չեն ընտրում՝ ով է լավ, ով է վատ։ Ուղղակի հրավիրում են հրավիրելու համար։

Գիտեք, երաժշտության վիճակը ողջ աշխարհում դժվարանում է, որովհետեւ ֆինանսավորումը պակասում է։ Բայց, իմ տպավորությամբ, Հայաստանում երկրորդական բաների համար ավելի շատ փող են ծախսում, քան պետքական բաների համար։

-Ի՞նչ կշիռ ունեն հայ երաժիշտներն աշխարհում։

-Ում ես ճանաչում եմ, շատ բարձր դիրք ունեն։ Նարեկ Հախնազարյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը բարձր մակարդակի թավջութակահարներ են։ Սերգեյ Խաչատրյանը ֆանտաստիկ երաժիշտ է։ Իրեն շատ եմ սիրում եւ նրա հետ նվագել եմ մեծ հաճույքով։ Դաշնակահար Սերգեյ Բաբայանի անունը թնդում է աշխարհում։

-Ի՞նչ պետք է անել բարձրակարգ ու մրցունակ կրթություն ստեղծելու համար։

- Պետք է հեռախոսները հավաքել երեխաներից եւ նրանց ստիպել գիրք կարդալ, համերգների գնալ։

- Արեւմուտքն այդ ճանապարհո՞վ է գնում։

- Ես չէի ասի։ Բայց ԱՄՆ-ում սովորելու համար շատ մեծ ջանքեր են թափվում։ Կրթությունը շատ թանկ է։ Եթե մարդը ուզում է դառնալ թավջութակահար, համալսարանում վարձը տարեկան 40 հազար դոլար է։ Ծնողները չեն օգնում։ Երիտասարդները բանկից գումար են վերցնում։ Դրա համար էլ իրենք կրթության արժեքը լավ գիտեն եւ ձգտում են իրենց դասախոսներից ավելին վերցնել։

Բացի այդ, ամեն մեկին չի կարելի ընդունել երաժշտական դպրոց կամ կոնսերվատորիա։ Պետք է քանակը կրճատել եւ ստեղծել ուժեղ մրցակցություն։

  

-Ի՞նչ չէր ունենա Սուրեն Բագրատունին, եթե շարունակեր ապրել Հայաստանում։

-Ստեղծագործական կյանքս այդպես հարուստ չէր լինի։

-Վերադառնանք 90-ականներ։ Բոլորը չէ, որ մեկնեցին Հայաստանից ու զբաղվեցին իրենց սիրած գործով։

- Իմ ճանաչած մարդկանցից շատերը գնացին ժամավճարով օրկեստրներում նվագելու, շատերը սկսեցին ուղղակի հացի համար վաստակել, շատ դժվար էր իրենց համար։ Շատերն ուղղակի թողեցին երաժշտությունը։

Իմ ընկերներից մեկը մոսկվացի շատ ճանաչված դաշնակահար էր։ 3-4 տարվա ընդմիջումից հետո հանդիպեցինք, ասաց՝ երաժշտությունը թողել եմ, զբաղվում եմ համակարգիչներով եւ այլն։ Ասաց՝ որպես երաժիշտ հույսս կորցրել եմ։

Ամերիկայում արդյունքի հասնելու համար պետք է շատ ջանք գործադրել։ Էնպես չի, որ ասես՝ ես էս մեկի ծանոթն եմ, զանգահարես քեռուդ եւ այլն։ Ամեն ինչ ինքդ պետք է անես։

Եթե ուզում են մեկնել, պետք է շատ մեծ վարպետություն ունենան։ Այնքա՜ն երաժիշտ կա այնտեղ, որ նվագում են իրենց համար, ոչ ոքի պետք չեն, ուշադրություն դարձնող չկա։ Դու պետք է առանձնահատուկ լինես։ Որովհետեւ արեւմտյան շուկան լեփ-լեցուն է։

Բայց հիմա էնպիսի երաժիշտներ են գալիս Նահանգներ, որոնց մեջ ես վարպետություն չեմ տեսնում։ Մաքուր նվագելը դեռ հաջողության գրավական չէ։

-Ո՞ր խնդիրներն եք ամենավտանգավորը համարում Հայաստանի համար։

- Արտագաղթն ամենամեծ պրոբլեմն է։ Եթե աշխատելու նորմալ պայմաններ ստեղծվեն, մարդիկ հո չե՞ն գնա։ Դուք կարծում եք ես չէի՞ վերադառնա, եթե էստեղ ստեղծագործելու նորմալ պայմաններ լինեին։

-Ի՞նչ պայմաններ են պետք, որպեսզի վերադառնաք։

-Ինձ համար արդեն շատ ուշ է։ Թող էսօրվա երիտասարդության համար լավ պայմաններ ստեղծվեն։ Պետք է քաղաքական, տնտեսական փոփոխություններ լինեն։ Կյանքի պայմաններ փոխվեն, որպեսզի մարդիկ չլքեն այս երկիրը։

Այնպիսի կոմպոզիտորները, ինչպիսիններից է Վաչե Շարաֆյանը, պետք է ստեղծագործելու ավելի լայն հնարավորություն ունենա։ Ինչու՞ պետք է նկարիչները նկարեն ու վաճառեն արեւմուտքի վրա, որպեսզի գոյատեւեն։ Երաժիշտները լավ վարձատրվելու համար գնում են գարշելի Դուբայ, որտեղ ոչ ոք չի հասկանում դասական երաժշտություն, չի գնահատում․․․

Հայաստանում հրաշալի բնություն կա, սնունդը ֆանտաստիկ է։ Ես համեղ ուտել սիրում եմ, աշխարհի բոլոր երկրներում շատ համեղ սնունդ եմ փորձել։ Բայց նման սնունդ, ինչպիսին Հայաստանում է, որեւէ տեղ չկա։ Հավատացնում եմ ձեզ։

Բայց մեր երկրում շատ խնդիրներ կան։ Թեթեւ արտադրություն լինի, տնտեսական հարցեր լուծվեն, Արցախը միավորվի Հայաստանին, գրողը տանի․․․ Պետք է էս երկու երկիրը դրախտի վերածենք։ Եվ դրա համար բոլոր նախապայմանները կան։ Միայն քաղաքական կամք է պետք։

Մարդկանց սոցիալական վիճակը սարսափելի է։ Երբ մի անգամ ինձ ասացին, որ սննդի դիմաց իմ վճարած գումարը կրկնակի անգամ ավել է Հայաստանի բնակչի մեկ ամսվա աշխատավարձից, ես ամոթ զգացի։ Դրանք իմ փողերն են, ես դրանք վաստակել եմ։ Ամոթը նրա համար էր, որ իմ հայրենակիցներն այդքան մեծ խնդիրներ ունեն։

Այս ամեն ինչը ցավ է պատճառում։ Ես Բագրատունի ազգանունն եմ կրում, այդ պատճառով պատասխանատվություն եմ զգում իմ պետության համար։ Ինձ համար ցավալի է տեսնել, որ արեւմտյան նվագախմբերում անտաղանդ երաժիշտները մեծ գումար են վաստակում, իսկ Հայաստանի երաժիշտները, որ հրաշալի են կատարում․․․ ախր սա աղքատություն է։ Էսպես չի կարելի․․․

Գիտե՞ք, ես Լոս Անջելես չեմ գնում։ Քանի որ Հայաստանի ամենավատ մարդիկ չգիտես ինչու հավաքվել են Գլենդելում։ Էնտեղ հրաշալի հայեր էլ կան, խոսքս բոլորի մասին չէ։ Հայաստանից որ գալիս են էնտեղ, կարծում եք բոլորն աշխատու՞մ են։ Ամերիկյան պետության հաշվին ապրում են։

Ախր ԱՄՆ-ում ամենալավ բժիշկները հայեր են։ Մորս սիրտը վիրահատել, 5 փական են փոխել, եւ դա՝ լիբանանահայ բժիշկներ, Միչիգանում։ Լավագույն ակնաբույժները, նյարդավիրաբույժները, ամենաբարդ մասնագիտություններին ամենալավը հայերն են տիրապետում։ Իսկ Գլենդելում մեկ տան մեջ 5-6 հոգով բնակվում են, յուրաքանչյուրը 800-900 դոլար օգնություն է ստանում եւ չեն էլ ձգտում կյանքի բարելավման։

Դա մեր օգտին չի խոսում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter