ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Քաղցրաշենում գյուղվարկերը և՛ անհրաժեշտություն են, և՛ գլխացավանք



«Բնության հետ չես կարող պայմանագիր կապել, բայց դե ռիսկի ենք դիմում»

Քաղցրաշենցի Մարիամ Գյուլամիրյանը վարկ է վերցրել և այդ գումարով 4 հեկտար հող է մշակում: 48-ամյա կնոջը հանդիպեցինք խաղողի այգում, որտեղ նա իր ազգականների հետ ակտիվ բերքահավաքի մեջ էր: 1,3 հեկտար տարածք զբաղեցնող խաղողի այգին հիմնել են 10 տարի առաջ «ԱԳԲԱ-Կրեդիտ ագրիկոլ» բանկից վերցրած վարկի միջոցով՝ 24% տոկոսադրույքով:

Քաղցրաշենը Արարատի մարզի գյուղերից է, որն ունի մոտավորապես 3200 բնակիչ: Ինչպես Արարատյան դաշտի այլ բնակավայրերում, այստեղ նույնպես մարդկանց հիմնական զբաղմունքը և ապրուստի միջոցը այգեգործությունն ու բանջաբարոստանային կուլտուրաների մշակումն է: Քաղցրաշենցիները իրենց տնտեսությունը վարելու համար հաճախակի օգտվում են «ԱԳԲԱ-Կրեդիտ ագրիկոլ» բանկի տրամադրած գյուղատնտեսական վարկերից:

Մարիամ Գյուլամիրյանը նշեց, որ այս պահին ունեն 15 հազար դոլարի չափով վարկային պարտավորություն: Այդ գումարը վերցրել են 3 տարի առաջ 17% տոկոսադրույքով: 15 հազարի մեծ մասը արդեն մարված է, իսկ այն ամբողջությամբ պետք է մարվի այս տարվա նոյեմբերին: Նա ասաց, որ այս փաստը իրեն չի մտահոգում, քանի որ բերքը, թեև նախորդ տարվա համեմատ նվազել է,  հնարավորություն կտա նշված ժամկետում ամբողջովին մարել վարկը:

Ըստ Մարիամ Գյուլամիրյանի՝ վարկով գյուղատնտեսությամբ զբաղվելը ձեռնտու է, սակայն միևնույն ժամանակ նաև ռիսկային. «Վարկը վերցնելուց առաջ պետք է մի քիչ հեռատես լինես, հաշվի առնես վարկի մարման ժամկետը և մտածես, դու էդ ամսին եկամուտ ունե՞ս, թե՞ ոչ: Թե չէ մարդիկ կան վարկ են վերցնում, առանց էդ ամենը նկատի ունենալու, դրա համար էլ հետո ընկնում են կրկնակի վարկերի տակ: Եթե վարկը վերցնեն կոնկրետ նպատակով և խելամիտ լինեն, ու էդ չծախսեն իրենց հաճույքների համար, իմ կարծիքով երբեք չեն տուժի:

Իհարկե, բացառություններ կլինեն, եղանակի, բնության հետ չես կարող պայմանագիր կապել, եթե կարկուտ կամ ցրտահարություն եղավ, ուրեմն ոչ մի բան չես կարա փոխես, բայց եթե դրանք չլինեն, իմ կարծիքով՝ ամեն ինչ լավ կլինի: Դե ամեն դեպքում ռիսկի ենք դիմում»,- նշեց Քաղցրաշենի բնակչուհին:

Երբեմն շատ գյուղացիներ բողոքում են բերքի իրացման ցածր գներից և դրա պատճառով չեն կարողանում վարկերը ժամանակին մարել: Մարիամ Գյուլամիրյանին հարցրինք, թե այդ դեպքում իրենք ինչպես են հարցը կարգավորում. «Մեր մոտ սեզոնային ա. եթե գիտես, որ հուլիս ամսին ծիրան ունես հավաքելու, ուրեմն էդ պահին ծիրանով ես փակում, հետո դեղձով, եթե աշուն ա, ուրեմն խաղողով, կամ ավելի ուշ խնձորով, սալորով: Մենք էդպես ենք կարգավորում»:

Այնուամենայնիվ, Մարիամ Գյուլամիրյանը դժգոհեց այս տարվա բերքից, նշեց պատճառը և իրենց մեղավորությունը այս հարցում. «Անցած տարի էս խաղողի այգուց 30-40 տոննա բերք էինք ստանում, բայց էս տարի մոտ 50 տոկոսով քիչ ա, որովհետև չէինք թաղել վազերը, ցուրտը տարավ: Մտածեցինք, որ անցած տարի ցուրտը չի տարել, էս տարի էլ չի տանի»:

Նա հավելեց նաև, որ նմանատիպ դեպքերում որոշ հարցեր են առաջանում, և արդեն մեկ ուրիշ վարկ են վերցնում և նոր վարկով փակում են հին վարկը, կամ բանկը երկարացնում է մարման ժամկետները: Այնուամենայնիվ Մարիամ Գյուլամիրյանն ասաց, որ մինչև հիմա բանկի հետ լուրջ խնդիրներ չեն ունեցել:

«Ոնց էլ լինի, ինչ դրության մեջ էլ լինեմ, վարկի անուն չեմ ուզում լսեմ»

Գյուղում հանդիպեցինք նաև վարկը չմարելու պատճառով հող կորցրած մի ընտանիքի: Մեզ իր տան դիմաց դիմավորեց տանտիկին Վարդուշ Մակարյանը, ով չցանկացավ, որ իրեն լուսանկարենք: 2014 թվականին ընտանիքը 6,5 հազար քառակուսի մետր կազմող խաղողի և դեղձի այգուց 3,5 հազար քառակուսի մետր զբաղեցնող, գրավադրված տարածքը կորցրել է: Վարդուշ Մակարյանը նշեց, որ վարկի ամբողջական մարման համար մնացել էր 400 դոլար. «Ամբողջ վարկը քիչ-քիչ մուծեցինք՝ ծերը ծերին հասցնելով, մնացել էր էդ 400 դոլարը, բայց մեկ էլ իմացանք, որ արդեն էդ հողը վաճառել են: Չէինք մտածում, որ ամեն ինչ սենց կավարտվի: Բանկից անընդհատ ծանուցումներ եկել են, ասում էինք՝ դե կտանք էլի: Կարելի ա ասել, որ մեր անտեղյակության պատճառով եղավ, չէինք պատկերացնում, որ սենց կլիներ»:

Վարկի մարման ժամկետը լրանալուց հետո «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ» բանկը աճուրդի էր հանել գրավադրված հողը: Վարդուշ Մակարյանը նշեց, որ գնորդը հողը գնել էր մոտ 300 հազար դրամով. «Մենք գնացինք էդ տղուն ասինք՝ ձեր տված փողը կտանք, մենակ թե մեր հողը հետ տվեք, մի բան էլ ավել կտանք, բայց էդ տղեն էլ մի հատ նենց տուպիկի մեջ էր ընկել, որ ոչ ինքը կարար իրա առած հողը ծախեր, ոչ էլ մենք կարայինք մեր բաժինը ծախեինք»:

Հետաքրքրվեցինք նաև, թե այդ դեպքից հետո արդյոք նոր վարկ վերցրե՞լ են, ինչին ի պատասխան` Վարդուշ Մակարյանը նշեց. «Չէ՛, դրանից հետո էլ բան չենք վերցրել: Չնայած կարիք կա, բայց էնքան ենք վախեցել, որ մտածում ենք հիմա օրվա հացի փող էլ վաստակենք, լավ ա: Ոնց էլ լինի, ինչ դրության մեջ էլ լինեմ, վարկի անուն չեմ ուզում լսեմ»:

Քաղցրաշեն համայնքն ունի մոտ 480 վարկառու

Համայնքի վարկառուների և տրամադրվելիք վարկերի մասին առավել հանգամանալից տեղեկություններ ստանալու համար կապվեցինք համայնքի միավորման նախագահ Քաջիկ Սուսունյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ համայնքն ունի մոտ 480 վարկառու: Հիմա «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ» բանկը վարկերը տրամադրում է 12,5-13,5% տոկոսադրույքով. «Էդ տոկոսները վերջին ժամանակներին նվազել ա: 2-3 տարի առաջ վարկերը 16-18%-ով էին տալիս, անցած տարի 14,5% էր: Դրանից ավելի շուտ 18-ից էլ շատ էր»:

Համայնքը օգտվում է նաև սուբսիդավորված վարկերից: 14% տոկոսադրույքով տրամադրված վարկերից 6%-ը պետությունը սուբսիդավորում է. «Եթե դու պարտաճանաչ վարկառու ես պետությունը սուբսիդավորում է 6%-ի չափով: Գարունը արդեն եղել ա, աշնանը՝ դեռ չէ: Հիմա խոսակցություններ կան, որ 10 և ավելի հեկտար հող ունեցողներին վարկերը տրամադրվի 10%-ով, որից 5%-ը կսուբսիդավորի պետությունը: Բայց դե հլը հաստատ բան չկա»,- ասաց Սուսունյանը:

Նա նշեց նաև, որ համայնքի բնակիչներից երեքը վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար գտնվում են բանկի «սև ցուցակում»: «Մոտ 800 հազարից 1,5 միլիոն դրամի սահմաներում վարկ են վերցրել էդ երեք մարդիկ, բայց չեն կարողացել ժամանակին մուծումները անեն, հիմա մանր-մանր փակվում են, որ կարանան «սև ցուցակից» դուրս գան ու նոր վարկեր վերցնեն, թե չէ առանց դրա մեր մոտ հող մշակելը դժվար ա»,- ասաց Քաջիկ Սուսունյանը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը սեպտեմբերի 14-ին հավանություն է տվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին, որով սահմանվելու են վարկավորման պայմանները՝ ըստ վարկավորման ուղղությունների, վարկավորման մեխանիզմների, սուբսիդավորման ձևի ու չափի հստակեցման: Նոր ծրագրի համաձայն՝ առաջարկվում է տրամադրել 3-10 մլն ՀՀ դրամ վարկ՝ մինչև 5 տարի ժամկետով և 5% տոկոսադրույքով:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ