ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Լենուղիում ջուր չկա․ դեղձը ծառերի վրա չիր է դառնում


Ջրի ցիստերով ավտոմեքենաների գոյությունը Արմավիրի մարզում նորություն չէ, քանի որ որոշ համայնքներ խմելու ջուր չունեն և գնում են: Սակայն, այս տարի նորություն է ջրով բեռնված ցիստերների գոյութունը, որով դաշտեր են ոռոգում: Լենուղի համայնքում այլևս բերք ստանալու հույս չկա, պարզապես ավտոմեքենաներով ջուր են հասցնում դաշտեր, որպեսզի նորատունկ ծառերը փրկեն չորանալուց:

Լենուղեցի Սամվել Մկրտչյանն արդեն 100 ավտոմեքենա ջուր է օգտագործել իր այգու համար: 1 ավտոմեքենան դաշտ է հասցնում մոտ 4800 լիտր ջուր: Սամվելը ջրով բեռնված յուրաքանչյուր ավտոմեքենայի դիմաց վճարում է 5000 դրամ: Ցիստերով մի քանի ավտոմեքենա է աշխատում գյուղում, սակայն լենուղեցիներին օգնության են գալիս նաև նման ավտոմեքենա ունեցող հարևան գյուղերի բնակիչները:

Սամվել Մկրտչյանը պատմում է, որ բացի իր սեփական դեղձի այգին մշակելուց, նաև ծառերի տնկիների աճեցմամբ է զբաղվում: Դրանք պատվաստում է և վաճառում հատը մոտ 1 դոլարով: 3000քմ տարածքի վրա մոտ 20 000 տնկի կա, և հիմա նրանց պահպանման համար է մտահոգվում: Իր հասուն՝ բերքատու այգու մասին այլևս չի մտածում, քանի որ չորությունից ծառերը լուրջ վնասվել են, իսկ դրանք փրկելու համար ֆինանսապես հնարավորություն չունի, չի կարող ամբողջ այգին ցիստերով բերված ջրով ոռոգել:

«Պատվաստումն այնպիսի պրոցես է, որ հենց ծառը չորանա կեղև չի տա, էլ իմաստ չունի պատվաստելը: Պետք է խոնավ մնա, պատվաստելուց հետո պարտադիր պետք է ջրվի, որ կպնի: Հիմա իմ դարդ ու ցավն այդ տնկիներն են»,-ասում է Սամվել Մկրտչյանը:

Նրա խոսքերով՝ առվի ջրով ոռոգելը ավելի արդյունավետ է, հողը, բույսը հագենում են, իսկ խողովակով ծառին ջուր տալով` պարզապես խոնավություն են տալիս, որ չչորանա և իրենք իրենց խաբում են, թե ոռոգեցին:

Նա արդեն չի համարձակվում հաշվել իր վնասները: Միայն մի օրինակ բերեց, որ անցյալ տարի 6 շարք դեղձի ծառերից 7 տոննա դեղձ է վաճառել՝ կիլոգրամը 200 դրամով: Այս տարի նույն տարածքից նույնիսկ 70 հազար դրամի բերք չի վաճառել: Պատճառն այն է, որ դեղձի ծառերը ծարավ են մնացել, և բերքը չի խոշորացել: Դեղձը ծառերի վրա թառամել է և այդպես էլ ապրանքային տեսք չի ստացել ու թափվել գետնին: 

Մինչ երեկ գյուղից մեծ ավտոմեքենաները կիլոգրամը 40 դրամով հավաքել են դեղձն ու 60 դրամով հանձնել մարզի Վանանդ գյուղում գտնվող «Եվրոթերմ» ընկերության մթերող գործարանին: Բայց, ինչպես գյուղացիներն ասացին, երեկվանից գործարանն այլևս դեղձ չի ընդունում, իսկ իրենց բերքը մնացել է ծառերի վրա ու թափվում է:

Սամվելը ևս իր բերքը 40 դրամով հանձնել է, սակայն այստեղ էլ գումարը կանխիկ չեն տվել, այն կստանա հունվար-փետրվար ամիսներին:

«Գյուղամեջ երկու օր առաջ խոսում էինք, մարդիկ ասում էին՝ մի խոսացեք, կգան կբռնեն կտանեն: Ստեղից էլ վատ տեղ պիտի տանե՞ն: Թող գան կալանավորեն, գոնե 2-3 անգամ կալանավորի ճաշ կտան, հիմա դա էլ չունենք: Լացելու բան ա, իրոք լացելու բան ա: Թոռս 13 տարեկան երեխա ա, ինձ ասում ա՝ պապի, խի ենք մնացել ստեղ, քելե գնանք Ռուսաստան, ընդեղ լավ ա: Դե եկ վարդապետ ու մի խենթանա: Դե արի մի մեռի, մի տրաքի: Սիրտս տրաքում ա, ձեռքս ճար չկա»,- ավելացրեց Սամվել Մկրտչյանը:

Մինչ ջրի ցիստերը Սամվելի հողում էր, հերթի մեջ էին նաև այլ այգետերեր:

Գագիկ Ծատուրյանի այգին ևս չորանալու եզրին է, փորձում էր տնկիները փրկել: «Որ ջուր էին տալիս մենք ջրի փողը հաշվում, տալիս էինք: Հիմա մեզանից չեն ուզում, բայց հեսա ՋՕԸ-ը կդիմի դատարան, հարկադիրն էլ կգա արգելանք կդնի տան եղած-չեղածի վրա: Վերջացավ հարցը»,-ասում էր նա և հերթով ցույց տալիս չորացող ծառերը:

Լենուղիում  նկատեցինք, որ ոմանք նույնիսկ խմելու ջրի ծորակից պլաստիկ խողովակներով էին ջուրը հասցնում ծառերին:

66-ամյա Սարգիս Հուսիկյանն արևի ճառագայթների տակ չորացող ծառերի տակ փոս էր փորում, որպեսզի երբ ցիստերը հասնի իր հողամաս, շատ ջուր չծախսվի և գումար խնայի:

«2 ամսից ավել է` իմ այգին առվի ջուր չի տեսել: Սկզբում առանց չաշկա եմ ջրել, հիմա չաշկա եմ փորում գոնե արմատներին ջուր հասնի: Մտավախություն ունեմ, որ ծառերը կչորանան, եկող տարի բերք չենք ունենա: Քիչ չի` այս տարիքիս տանջվում եմ 3000 քմ այգի եմ մշակում»,- ասում էր Սարգիս Հուսիկյանը: Նա պատմեց, որ նախորդ տարիներին նորմալ ոռոգել են, սակայն այս տարի վիճակը շատ վատ է:

«Գյուղացի մարդիկ ենք, իրար հետ հաց ենք կիսում, մի բաժակ բան ենք խմում, բայց ջրի համար իրար տալի սպանում ենք: Իրար ջան ասում, ջան ենք լսում, բայց ջրի համար իրար ենք ուտում: Մեկի ուժն էլ տեղը լինի` մի բան ավել խոսաս, բահով կտա գլխիդ, կմնաս այգու մեջ»,-ասում է Սարգիս Հուսիկյանը:

Այս ամիսներին Լենուղիում մարզպետարանից և գյուղնախարարությունից որևէ պաշտոնյայի չեն տեսել: Մարդիկ, նկատելով լուսանկարչական ապարատը, մոտենում էին և հրավիրում իրենց այգին նկարելու, որպեսզի պաշտոնյաներն, աշխատասենյակներում նստած, գյուղատնտեսությունից չխոսեն: Պատկերը բոլոր տեղերում նույնն էր. ծառերի վրա չիր դարձող բերք, գետնին թափված մրգեր ու չորացող ծառեր:

Լենուղիի համայնքապետի տեղակալ Վաղուշ Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղում 13 խորքային հոր կա, որից 3-ն է աշխատում: 3-ից 1-ը նախատեսված է ոռոգման նպատակով, 2-ը՝ խմելու: Սակայն, խմելու ջրի համար նախատեսված հորերը ևս ոռոգման նպատակով են օգտագործում, որպեսզի շատ թե քիչ փրկեն բերքը:

Համայնքապետի տեղակալն ասում է, որ դիմել են պատկան մարմիններին, որպեսզի արտեզյան հորերի պոմպերը վերանորոգվեն, քանի որ համայնքն իր միջոցներով չի կարող: Տեղաշարժ չկա:

Վաղուշ Մուրադյանի խոսքերով՝ ներկա պահին 300 հեկտարից ավել մշակովի հողատարածք տուժում է, քանի որ ընդհանրապես ջուր չկա: Հիմնականում ծառեր են:

«Բոստանի մասին էլ խոսք չկա, 100 հեկտարից ավել պոմիդոր, բադրիջան, բիբար չորացավ լրիվ: Մարդիկ բերք տուն չտարան, թողեցին դաշտում: ՋՕԸ-ից ասում են, որ ջուր չկա, բայց կողքի գյուղերում կա, Արաքսով ջուրը գնում է, մեզ ասում են` չկա: Մեզ պետք չի իրենց ջուրը: Եթե ծանրաբեռնված հողերի մոտակայքում 2-3 խորքային հորի պոմպերը վերանորոգեն, գյուղը կփրկվի: Հարևան Սարդարապատ գյուղում նասոսներն աշխատում են, գյուղը խնդիր չունի, իսկ մենք ջուր չունենք»,-նշում է համայնքապետի տեղակալը:

Նա պատմեց, որ այս տարի գուղացիները լուրջ վնասներ են կրել: Գյուղում հողօգտագործող է եղել, որ 10 տոննա դեղձ 40 դրամով հանձնել է գործարանին, բայց անցյալ տարի 300 դրամով է վաճառել:

«Տեսեք 3 միլիոնի փոխարեն այս տարի 400 հազար դրամ եկամուտ է ունեցել: Դե մնացած ծախսերն էլ չասեմ: Գյուղի 95%-ը վարկառու է, իսկ նրանց մեծ մասի գույքն ու եկամուտներն արդեն արգելանքի տակ են, քանի որ չեն կարողացել ժամանակին մարել»,-ավելացրեց Վաղուշ Մուրադյանը՝ հավելելով, որ ՋՕԸ-երը դատարանով միշտ էլ կարողացել են գյուղացիներից գումարը գանձել ոռոգման ջրի դիմաց, նույնիսկ եթե ժամանակին ջուր չեն մատակարարել: Եթե կառավարությունը չմիջամտի, այս տարի պատկերը նույնն է լինելու:

Ողջ օրվա ընթացքում Լենուղիի դաշտերում այդպես էլ աշխատող մարդկանց չտեսանք: Իսկ տղամարդիկ միայն ցիստերով ծառերը ջրելու համար էին եկել դաշտ: Ոռոգման ջրի բացակայությունը  գյուղացիներին դարձրել էր «գործազուրկ»: Գյուղացիները կատակում էին, թե Լենուղիում աշունը 2 ամիս շուտ է եկել:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։