HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը

Այսօր Երևանում մեկնարկել է Տնտեսական, առևտրային, գիտական և  տեխնիկական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին և 26-ին հանձնաժողովը  կքննարկի  հայ-իրաքյան համագործակցության ակտիվացմանն ուղղված հարցեր:

Իրաքի պատվիրակությունը Հայաստան է եկել լուրջ կազմով. պատվիրակության կազմում են տարբեր ոլորտների նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր  պատրաստակամ են քննարկել առկա համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր: Պատվիրակությունը գլխավորում է  Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, իրաքյան կողմի համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, հայ-իրաքյան հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Դավիթ Լոքյանը,  ողջունելով  Իրաքի պատվիրակությանը Հայաստանում,  վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի երկօրյա աշխատանքի արդյունքները հիմք կհանդիսանան համագործակցության նոր ռեալ ուղղություններ նախանշելու և համագործակցությունը  նոր մակարդակի հասցնելու համար:

«Հայաստանն ու Իրաքն ունեն բավականին լուրջ քաղաքական համաձայնությունների  դաշտ, որը պետք է տեղափոխել  տնտեսական ոլորտ: Մենք ունենք   բազմակողմ համագործակցության մեծ ներուժ, մեր երկու երկրների կառավարությունները մեզ են վստահել այս համագործակացությունն ակտիվացնելու գործընթացը,  և մենք պետք է արդյունավետ աշխատենք առկա համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,-ասել է Դավիթ Լոքյանը: Նախարարը ներկայացրել է երկու երկրների միջև առկա համագործակցության մակարդակը և  առանձնացրել է  գյուղատնտեսության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտները, որտեղ կարելի է ակտիվ փոխգործակցություն ծավալել:

Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, իրաքյան կողմի համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և հանձնաժողովի նիստը Երևանում անցկացնելու համար: «Հայ-իրաքյան հարաբերությունները  բավականին առաջընթաց են ապրել նախորդ  տարիներին և դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու համար հիմքեր կան:Մեր  հիմնական նպատակն է  վերացնել այն խնդիրները, որոնք կարող են  խոչընդոտել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը»,- ասել է  Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին:

Նա  նշել է, որ իրաքյան կողմը համագործակցության ներուժ է տեսնում շինարարության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, նավթային  ոլորտներում:  Իրաքյան կողմի համանախագահը նաև ցանկություն է հայտնել Հայաստանի հետ օդային հաղորդակցության ակտիվացման, չվերթների ավելացման ուղղությամբ, ինչի առնչությամբ Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ Հայաստանը մի շարք երկրների համար  որդեգրել է  մուտքի վիզայի տրամադրման կարգը դյուրացնելու սկզբունքը և նշել է, որ հանձնաժողովը կանդրադառնա նաև այս հարցին:  

Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին իր խոսքում Իրաքի կառավարության և ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել տարբեր  միջազգային ատյաններում Իրաքին աջակցելու համար:    

Հայ-իրաքյան տնտեսական համագործակցության հանձնաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև սեպտեմբերի 26-ին: Նիստի ավարտին ստորագրվելու է երկկողմանի հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրություն:

Իրաքյան պատվիրակության այցի ժամանակ  նախարար Ֆալահ Հասսան Զեյդան Ալ-Լուհաիբին հանդիպումներ է ունենալու  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի,  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար  Իգնատի Առաքելյանի և  ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանի  հետ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter