ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հայկական ստարտափ. Inapptics՝ հավելվածի օգտատերերի քայլերին հետևելու ու դրա խնդիրները հասկանալու գործիք


Մանե Գևորգյան

Android և iOS համակարգերում կա ընդհանուր ավելի քան 5.000.000 հավելված, ինչը նշանակում է, որ հավելված ստեղծողները մրցակցությունը հաղթահարելու համար պետք է մշտապես տեղյակ լինեն՝ ովքեր, ինչպես, ինչ հաճախականությամբ են օգտագործում իրենց հավելվածը, և որոնք են չօգտվելու գլխավոր պատճառները։

Դրա համար գոյություն ունեն վերլուծական գործիքներ, սակայն դրանք հիմնականում տրամադրում են շատ թվեր, բայց ցույց չեն տալիս օգտագործման իրական պատկերը՝ օգտատիրոջ վարքագիծը։

Inapptics-ը վերլուծում և պատկերային տվյալներ է ներկայացնում հավելվածի օգտագործման վերաբերյալ։ Պատկերային տվյալների ամբողջականությունը նպաստում է հավելվածի հնարավոր խնդիրների լուծմանն ու ավելի հեշտ և ճիշտ օգտագործելի դարձնելուն։

Այն ցույց է տալիս, թե օգտատերերը որ քայլից հետո որտեղ են գնում, որ քայլից հետո են ավելի շատ կանգ առնում ու դուրս գալիս հավելվածից, ինչ տարբերակով կամ որ քայլերից են ավելի շատ օգտվում իրենց նպատակին հասնելու համար։ Այս տվյալների հիման վրա հավելվածի հեղինակը կարող է հեշտությամբ հասկանալ ինչպես տեխնիկական, այնպես էլ դիզայնի հետ կապված բոլոր խնդիրները, լուծել դրանք ու բարձրացնել հավելվածի օգտագործելիությունն ու, իհարկե, եկամտաբերությունը։

Inapptics-ի համահիմնադիր Աշոտ Տոնոյանի խոսքերով՝ իրենք 5 տարի աշխատել են տարբեր մեծ ու հայտնի ընկերությունների հետ ու այդ ընթացքում զգացել, որ գրեթե բոլորն ունեն վերլուծություններ ստանալու խնդիր, քանի որ տարբեր գործիքների տրամադրած տվյալները միայն ավելի են խճճում ընկերություններին։  Inapptics-ի դեպքում ամեն ինչ պարզ է՝ ընդամենը մի քանի րոպեում այս մոդուլը հնարավոր է կցել հավելվածին ու ավտոմատ ստանալ բոլոր անհրաժեշտ տվյալները։

Առաջին փուլը հաջողելուց հետո, հիմնադիրները հիմա աշխատում են պատկերային տվյալներին զուգահեռ եզրակացություններ տրամադրելու ուղղությամբ։ Տվյալներն ունենալուց հետո ընկերությունները պետք է վարձեն աշխատողների կամ ընկերությունների՝ եզրակացություններ ու դրանց համապատասխան քայլեր ներկայացնելու համար։ Inapptics-ը փորձում է լուծել այդ խնդիրը ավտոմատ կերպով։ Հիմնադիրները ստեղծում են խելացի շարժիչ, որը կկարողանա վերլուծել մեծ քանակի տվյալներ ու վերջում իմաստ արտահայտել՝ մի քանի նախադասությամբ։ Նախատեսվում է, որ դեռ նախադեպը չունեցող այս գործիքը արդեն իսկ արված վերլուծությունների հիման վրա ավտոմատ կառաջարկի լուծումներ։ Այսինքն՝ կդառնա «բիզնես խորհրդատու», որի շնորհիվ հնարավոր կլինի խնայել գումար ու ժամանակ։

Inapptics-ը կտրամադրի վերլուծություն՝ հիմնված ոչ թե պարզապես փաստերի, այլ տրամաբանության վրա։ Օրինակ՝ պատկերացնենք՝ ընկերությունը դիմել է որևէ մարքեթինգային կազմակերպության՝ վերջին շրջանում պասիվ օգտատերերին հիշեցնող ծանուցումներ ուղարկելու պահանջով։ Միայն փաստերը հաշվի առնելու դեպքում, ենթադրվում է, որ  ծրագիրը պետք է ընտրեր այն օգտատերերին, որոնք, օրինակ, հավելվածը չեն օգտագործել վերջին երեք օրվա ընթացքում։ Բայց նախ և առաջ պետք է նկատի ունենալ տվյալ օգտատիրոջ ընդհանուր ակտիվությունը (հնարավոր է, որ մարդ շաբաթը մի անգամ է օգտագործում հավելվածը), ժամանակաշրջանը՝ արդյոք, օրինակ, տոներ են, թե ոչ։ Inapptics-ը, ինչպես մարդը, եզրակացություններ կներկայացնի՝ հաշվի առնելով այս և հնարավոր մյուս բոլոր հանգամանքները։

Աշոտը հետաքրքիր օրինակ է հիշում։ Հավելվածներից մեկի դեպքում հեղինակները աստիճանաբար գրեթե 15% օգտատեր են կորցրել՝ առանց հասկանալու պատճառը։ Հետո այս վերլուծական սարքի շնորհիվ նկատել են, որ մարդիկ հասնում են վերջին քայլին, բայց չեն սեղմում կոճակը, որովհետև այն ավելի շատ ոչ թե կոճակ, այլ նկար էր հիշեցնում։ Դիզայնը փոխելուց հետո, օգտատերերի քանակն այլևս չի նվազել։ Նմանատիպ եզրակացություն ստանալն այդքան էլ հեշտ չէ։  Inapptics-ը, ի տարբերություն մյուս վերլուծական սարքերի, որոնք ավելի շատ հաշվետվություն ներկայացնող գործիքներ են հիշեցնում, ոչ միայն ցույց է տալիս, որ, օրինակ օգտատերերի 10%-ը հասավ վերջին քայլին՝ ինչ-որ բան գնեց, ստեղծեց, ավելացրեց, այլ նաև ներկայացնում է՝ ինչ եղավ 90%-ի հետ՝ որտեղ կանգ առավ և արդյոք պատճառը հայտնված գովա՞զդն էր, թե՞, օրինակ, ինչ-որ բան հաստատելու ծանուցումը։

Մյուս մոբայլ գործիքների դեպքում մարդ պետք է ինքը մտածի խնդիրը, հավաքի վերլուծության մեջ գոյություն ունեցող «event»-ներն ու  ծրագրավորի։ Inapptics-ն այս ամենն ավտոմատացնում է՝ հնարավորինս քիչ բան թողնելով ձեռքի աշխատանքին։  Inapptics-ի մրցակիցներից մեկը, օրինակ, տեսագրում է մարդու՝ հավելվածից օգտվելու ողջ ընթացքը, իսկ վերջում տալիս շատ մակերեսային տվյալներ։ Այսինքն՝ անհրաժեշտություն է առաջանում հերթով դիտել բոլոր տեսագրությունները՝ ամբողջական պատկերը հասկանալու համար։ Իսկ Inapptics-ի դեպքում վերջում պատկերային տեսնում եք տվյալներն ու դրանցով տեսագրություն պատրաստելու հնարավորություն ստանում։

Inapptics-ի թիրախային շուկան որևէ ծառայություն մատուցող և հատկապես գումար աշխատող հավելվածներն են։ Ստարտափը ակտիվ գործունեություն է ծավալում սկսած 2016 թվականից։ Հիմա այն աշխատում է iOS համակարգում, առաջիկայում կիրառելի կլինի նաև Android-ի և կայքերի համար։ Մինչև 1000 օգտատեր ունեցող հավելվածների դեպքում այն անվճար է, մինչև 30.000-ի դեպքում՝ 99 ԱՄՆ դոլար, մինչև 60.000` 199 ԱՄՆ դոլար և մինչև 100.000՝ 299 ԱՄՆ դոլար։

Inapptics-ը առաջին հայկական ստարտափն է, որն ընդգրկվել է եվրոպական հեղինակավոր Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրում: Վերջինս B2B (բիզնեսից բիզնես) ստարտափներին օգնում է բացահայտել իրական շուկայական պահանջարկն ու ստեղծել արտադրանք, որի համար մարդիկ պատրաստ են վճարել։ Այն տևում է 3 ամիս և ներառում է հանդիպումներ փորձառու մենթորների հետ, թեմատիկ քննարկումներ, միջոցառումներ և, իհարկե, ամենօրյա աշխատանք՝ Startup Wise Guys-ի coworking տարածքում:

Այն 2017 թվականի մայիսին ներառվել է Product Hunt-ի Top 5 ցուցակում, իսկ օգոստոսին HIVE Ventures-ը ներդրում է կատարել Inapptics-ում:

Լուսանկարները՝ GIZ-ի


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (1)
1. ARAM MOURADIAN16:41 - 15 սեպտեմբերի, 2018
LOOKING FOR MOBILE APP FOR PHOTO PRINTING VARIOUS SIZES TO INTEGRATED WITH OUR PHOTOLAB
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։