HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Այս տարվա համար կանխատեսվում է 4,3% տնտեսական աճ. ինչպես է գյուղոլորտը «փչացնում» պատկերը

Ըստ Ֆինանսների նախարարության կանխատեսումների՝ տնտեսական աճը Հայաստանում այս տարի կկազմի 4,3%։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Այսինքն՝ կանխատեսվում է տնտեսական ավելի բարձր աճ, քան նախատեսված է բյուջեով (3.2%):  Միևնույն ժամանակ, դա ավելի ցածր է, քան տնտեսական ակտիվության աճի ներկա ցուցանիշն է։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը  (ՏԱՑ) Հայաստանում, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 5,5%-ով: Սա տնտեսական աճը (ՀՆԱ) չէ, բայց բավականին մոտ է լինում դրան։ Հունվար-հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության տեմպը թուլացել է, ինչը պայմանավորված է գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում գրանցված անկումային ցուցանիշերով։ Հատկապես գյուղատնտեսության մասով թվերը «վայրէջք» են կատարել։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Վիճծառայության հաղորդմամբ՝ այս տարվա հունվար-օգոստոսին մեր երկրում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները, 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, 9,4%-ով նվազել է։ Իսկ միայն այս տարվա օգոստոսին, 2016թ.-ի օգոստոսի համեմատ, անկումը 25% է։ Այլ խոսքով՝ գյուղոլորտը շարունակում է «փչացնել» վիճակագրական պատկերը։ Եվ ֆինանսների նախարարությունն էլ, փաստորեն, մի շարք այլ գործոնների հետ հաշվի առնելով նաև այս ոլորտում առկա իրավիճակը`  ներկա դրությամբ այս տարվա  համար կանխատեսում է  4,3% տնտեսական աճ։ Ու թեև  սա ավելի բարձր ցուցանիշ է, քան սահմանված է բյուջեով, սակայն ինչպես տեսնում ենք, ավելի ցածր է, քան ներկայում ՏԱՑ-ի աճն է։ Սա էլ նշանակում է, որ առաջիկա ամիսներին ՏԱՑ-ի աճի տեմպը ևս կարող են նվազել։

«Գյուղատնտեսության  ոլորտի անկումը ավելի մանրամասն գյուղատնտեսության նախարարը կմեկնաբանի, սակայն փորձում եմ նաև ես մեկնաբանել։ Գործոններից մեկը, որը բացատրում է այդ անկումը, բազային էֆեկտն է։ Անցյալ տարի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվությունն ավելի ցածր է եղել, քան հունվար-օգոստոսին։ Այստեղ ունենք բազային էֆեկտ։ Քանի որ անցյալ տարի հունվար-օգոստոսն ավելի բարձր է եղել, բնականաբար այս տարի պետք է այդ բազային էֆեկտը իրեն զգացնել տար։ Երկրորդ բացատրությունը կապված է գների հետ։ Դրանք մեզ ազդակ են տալիս՝ կա՞ն բերքի հետ կապված որոշակի խնդիրներ, թե՞ ոչ։ Եթե մենք նայում ենք օգոստոս ամսվա գները, ապա՝ մրգի գները բարձրացել են, բանջարեղենի գները՝ իջել։ Սա ցույց է տալիս, որ բերքի գների հետ կապված որոշակի խնդիրներ կան, բայց անկեղծ ասած, ես չեմ հավատում, որ այդ խնդիրները լինեն հենց այդ 25% անկման պատճառը, որը գրանցվել է այս տարվա օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Այդ դեպքում պետք է գները կտրուկ փոփոխվեին»,- նշեց Վ. Արամյանը։

Ըստ նրա, այստեղ կա նաև երրորդ գործոնը՝ բազաների ճշգրտումը. «Վիճակագրությունը պարզապես սկզբնաղբյուրներից վերցնում է տեղեկությունները, ամփոփում ու ներկայացնում դրանք։ Այստեղ պետք է նաև սկզբնաղբյուրները ստուգել, որի վերաբերյալ հանձնարարական է հնչեցրել նաև վարչապետը։ Խնդրում եմ նաև հաշվի առեք, որ անցած տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին այս ոլորտում ճշգրտումներ արվեցին։ Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին անկումներ գրանցվեցին այս ոլորտում, և ես կարծում եմ, որ այս տարվա նույն  ամիսներին, առնվազն բազային էֆեկտով պայմանավորված, խորը անկումներ չենք ունենա»։ 

Վարչապետ Կարեն Կարապետյանը ևս օրերս կառավարության նիստին անդրադարձավ շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում գրանցվող անկումներին։ Ըստ նրա՝ դրանք մտահոգության տեղիք են տալիս։ «Հետևաբար, առկա է անհրաժեշտություն` ապահովելու ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը»,- ասաց նա՝ հավելելով, որ  աա առավել կարևոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը դառնա կանխատեսելի և հաշվառելի:

Հիշեցնենք, որ գյուղոլորտի վիճակագրության վերաբերյալ թերահավատություն միշտ էլ եղել է, քանի որ սա այն ոլորտներից մեկն է, որի տվյալները այլընտրանքային աղբյուրներով համեմատելն ու ստուգելը բավականին դժվար է, երբեմն՝ անհնար։

Հայաստանում տնտեսական աճը զսպող մյուս ոլորտը շինարարությունն է։ Այստեղ ևս անկումային  «տրամադրություններ» են, ընդ որում՝ տարիներ շարունակ։ Ու քանի որ ոլորտում իրավիճակը բարեփոխել չի հաջողվում, կառավարությունը նախընտրում է քիչ խոսել դրա մասին։ Վիճծառայության հաշվարկներով, այս տարվա հունվար-օգոստոսին շինարարության ծավալները, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, նվազել են 8%-ով։ Իսկ միայն օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ,  անկումը կազմել է  5,1%:  Այսինքն՝ անկումն այնքան մեծ չէ, որքան գյուղոլորտում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter