HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղցրաշենցի խաղողագործ «օլիգարխ» Գարիկը

Հողերի սեփականաշնորհումից ի վեր Գարիկ Հակոբյանը զբաղվում է այգեգործությամբ: Սկզբում այգի է հիմնել իր սեփական հողում, հետո հողեր է գնել, այգու տարածքն ընդլայնել է: Ապրում է Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում:

Գյուղում այժմ մոտ 2 հեկտար այգի ունի: Այգու մի մասը՝ 0,8 հեկտարը, «թարմա» է սարքել: Մետաղե խողովակներով բարձրացրել է, որպեսզի վազերը աճելու, երկարելու տեղ ունենան: «Թարմա» այգու խաղողի ողկույզները մեծ են լինում, բերքը՝ կրկնակի շատ: Լարային այգին նման հնարավորություն չի տալիս: Սակայն «թարմա» այգում աշխատելն ավելի դժվար է: Գետնից շատ բարձր է, խաղողը քաղելու, մշակելու ժամանակ ստիպված ոտքերի տակ որևէ իր են դնում ու գլուխը միշտ բարձր պահում: Բացի դրանից, ուշ աշնանը «թարմա» այգու վազերը թաղելը շատ դժվար է լինում:

Գարիկ Հակոբյանի ասելով՝ լարային այգին լիարժեք բերք տալիս է 4-րդ տարվանից, իսկ «թարման» երկարատև աշխատանք է պահանջում, և ակնկալվող բերքը ստանում են մոտ 8-10 տարի հետո:

Գարիկն աճեցնում է սեղանի սորտի խաղող: Նրա այգում կգտնեք 10-ից ավել տեսակի խաղող՝ կարմիր և սպիտակ Քիշմիշ, Կարդինալ, Վան, Շահումյան և այլն:

«Գյուղատնտեսության մեջ երևի ամենադժվարը խաղողագործությունն է: Ուղղակի այդ աշխատանքը չի գնահատվում: Վերջին 4-5 տարիների ընթացքում վիճակը գնալով վատանում է: Այն ժամանակ գործարանները խաղողն ընդունում էին 130-150 դրամով, հիմա` կիսատ-պռատ, կամ չեն ընդունում: Լսել եմ նույնիսկ 90 դրամով են ընդունում»,- նշում է Գարիկը:

Ասում է` այգում միշտ անելու գործ կա: Իսկ երբ խաղողը սկսում է հասունանալ, նույնիսկ գիշերներն է մնում այգում՝ պահակություն անելու: Նախորդ տարի բերքի սեզոնին այգում չի գիշերել և մեկ գիշերվա ընթացքում մոտ 800 կիլոգրամ խաղող են գողացել: Այս տարի արդեն այգում հարմարություն է ստեղծել և մնում է այնտեղ:

Նա պատմեց, որ մի քանի տարի առաջ գործարանները նույնիսկ սեղանի սորտի խաղող են մթերել, սակայն հիմա միայն տեխնիկական սորտերի խաղող են ընդունում: Գարիկի խոսքով՝ այդ մթերում ասվածն էլ խիստ հարաբերական է: Ասում է, որ այսօր այգեգործը կախվածության մեջ է ընկնում գործարաններից, վերջիններս են գին թելադրում, ինչը նրան դուր չի գալիս:

Արդեն մի քանի տարի է` գործարանին խաղող տալու մասին չի էլ մտածում, իր «գլխի ճարը» ինքն է տեսնում՝ ընտրում է շուկաներ, վաճառքի այլ տարբերակներ: Պատճառներից մեկն էլ այն է, որ 2015թ., երբ խաղողը չի կարողացել իրացնել, գործարաններն էլ չէին մթերում, իր 18 տոննա խաղողը ստիպված օղի է դարձրել, ու մի մասն էլ դեռ կա՝ չի կարողանում վաճառել: Դրանից հետո որոշել է հույսը միայն իր վրա դնել:

«Կայուն բան չկա: Եթե մեկը գա իմ հետ պայմանագիր կապի, ասի՝ ես քո խաղողը ստաբիլ գներով 10-20 տարի տանում եմ, հաճույքով կաշխատեմ իր հետ, բայց նման բան չկա»,- ասում է Գարիկը:

Նա այս օրերին խաղողը քաղում և պահեստավորում է իր բակում կառուցած սառնարաններում: Միայն քիչ մասն է վաճառում: Այս օրերին խաղողն էժան է և վաճառքը ձեռնտու չէ: Ասում է, որ այգեգործի վրա խաղողի ինքնարժեքը 130-200 դրամ է նստում՝ կախված նրանից, թե խոնավության և այլ պատճառով ողկույզի քանի տոկոսն է անպիտան դառնում: Այս տարի չորային էր, անձրևներ չեն եկել, հիմնականում առողջ բերք է ստացել:

Դժվարությունների հանդիպելիս ոմանք որոշում են քանդել իրենց այգիները, այլևս չզբաղվել խաղողի մշակությամբ: Գարիկը չի էլ ցանկանում մտածել այդ մասին, քանի որ երեխայի նման է վերաբերվում իր այգուն: Ասում է իր կյանքի երիտասարդ տարիները նվիրում է այգուն, գրեթե ամեն օր գալիս է, աշխատանք կատարում: Եթե գա այգի քանդելու ժամանակը, ապա դա կլինի Հայաստանում մնալու իր վերջին օրը:

Բերքահավաքի օրերին Գարիկի այգում օրական 10-12 բանվոր է աշխատում: Իր ընտանիքի հետ միասին նրանք աշխատում են առավոտյան ժամը 6-ից մինչև երեկո: Կանանց վճարում է օրական 5000 դրամ, իսկ տղամարդկանց, ովքեր ծանր դույլերով խաղողն են տեղափոխում՝ 6000 դրամ:

Անահիտ Մխիթարյանին է վստահված ամենապատասխանատու գործը: Նա էր Գարիկի այգում արկղերի մեջ դասավորում արդեն մաքրված խաղողի ողկույզները:

Պատմեց, որ շուրջ 15 տարի օրավարձով աշխատում է համագյուղացիների այգիներում: Սիրում է խաղողի հետ աշխատել: Ունի նաև սեփական այգի, որտեղ աշխատանքներն ավարտելուց հետո, այլ մարդկանց այգիներում է աշխատում: Խաղողի բերքահավաքը տևում է մոտ 20 օր:

Գարիկը Քաղցրաշենի այն եզակի բնակիչներից է, ով վարկ չունի: Կարողանում է իր տնտեսությունն այնպես կառավարել, որ բանկերի օգնությանը չդիմի: Մեկ անգամ է վարկ ունեցել՝ 2015 թվականին, սակայն ֆինանսական պարտավորությունն արագ մարել է:

«Հեշտ չի ամեն ինչ քո ուժերով անել, բայց բնավորությամբ այդպիսին եմ, չեմ սիրում պարտքի տակ մնալ: Կարող է առողջությունս վնասեմ, բայց պարտքի տակ չեմ մնա»,- ասում է Գարիկը՝ հավելելով, որ առանց վարկի ևս հնարավոր է հողագործությամբ զբաղվել:

Նշենք, որ Քաղցրաշենում Գարիկին կատակով օլիգարխ էին ասում:

Քաղցրաշենի խաղողի բերքահավաքի ֆոտոպատմությունը` այստեղ:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter