Լոռիում հաշվարկում են երեկվա կարկտահարության հետևանքները. Սպիտակում կաղամբի բերքն ամբողջությամբ ոչնչացել է
Գայանե Սարգսյան
Սեպտեմբերի 25-ի երեկոյան տեղացած կարկտահարության հետևանքով լոռեցի գյուղատնտեսները մեծ վնասներ են կրել: Լոռու մարզպետարանում դեռևս դժվարանում են հստակ թվեր նշել. պարզ է սակայն, որ մի շարք համայնքներ` այդ թվում Սպիտակը, ենթարկվել է ուժեղ կարկտահարության:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը «Հետք»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշեց, որ չի էլ հիշում, թե վերջին անգամ երբ է նման խոշոր կարկուտ տեղացել համայնքում:
«Կարկուտը տևել է ուղիղ 17 րոպե, իսկ հատիկները մոտավորապես լորի ձվի չափ էին»,- նշում է համայնքապետը:
Դեռ երեկվանից Գ. Սահակյանը բազմաթիվ ահազանգեր է ստանում վնաս կրած սպիտակցիներից: Սպիտակում ավիրածությունների առավելագույն չափը գրանցվել է Իտալական թաղամասի հարևանությամբ գտնվող ցանքատարածություններում:
Քաղաքապետի խոսքով՝ Սպիտակի ողջ տարածքում տեղացած կարկուտը 100 տոկոսով ոնչացրել է կաղամբի բերքը: Պտղատու այգիներն ու տնամերձերը ևս վնասվել են: Նախնական տվյալներով` վնասվել է պտուղ-բանջարեղենի 60-65 տոկոսից ավելին:
Վաղ առավոտից Սպիտակի քաղաքապետարանում ստեղծված աշխատանքային խումբն այժմ զբաղված է կրած վնասի չափերի հաշվարկմամբ: Գ. Սահակյանը խոստացավ վերջնական տվյալներ տրամադրել ավելի ուշ՝ երբ պարզ կլինի ամբողջական պատկերը:
Կարկտահարության հետևանքով վնասներ են կրել նաև Սպիտակ-Վանաձոր ճանապարհի երկայնքով ձգվող մի քանի գյուղերի բնակիչներ: Ղուրսալի համայնքապետ Մհեր Մինասյանի խոսքով` կարկուտն առավել ուժեղ է եղել գյուղի մի հատվածում:
«Հիմնականում տանձ ու խնձորը, բանջարեղենը՝ պոմիդորը, վարունգն է վնասվել: Կարտոֆիլին բան չի եղել, որովհետև բոլորը կարտոլը քանդել հանել են արդեն: Վնասվել է հատկապես գյուղի ներքևի մասը, մոտ 20 տնտեսություն է շատ վնաս կրել»,- նշեց գյուղապետը:
Կարկտահարության ժամանակ գյուղապետը գյուղում չի եղել:
«Էդ ժամանակ Սպիտակում էի: Էնտեղ վաբշե ահավոր էր: Սպիտակում վաբշե հնարավոր չէր, որ մեքենաներ անցնեին, էնքան խոշոր էր կարկուտը: Քաղաքի մեջ իսկական ջրհեղեղ էր: Համեմատած Սպիտակին` մենք էդքան չենք տուժել, իրանց հետ համեմատած մենք լավ ենք պրծել»,- պատմեց գյուղապետը:
Կարկտահարությունը որոշակի վնաս է հասցրել նաև Լոռու մարզի Արևաշող, Դարպաս համայնքերում: Մարզի տարբեր համայնքների տուժած բնակիչները հույս ունեն, որ պետությունը աջակցություն կցուցաբերի: Համայնքների ղեկավարները, սակայն, վստահ չեն, որ նման մեծ ծավալի վնասի փոխհատուցման ակնկալումն իրատեսական է:
«Մենք վնասի չափերը կհաշվակենք, կներկայացնենք մարզպետարան, իրենք էլ կդիմեն կառավարություն: Թե ինչ որոշում կկայացվի, ես չգիտեմ: Ամեն դեպքում, հույս ունեն բնակիչները... Նման ծավալի փոխհատուցում ես չեմ կարծում, որ կառավարությունն ի վիճակի է փոխհատուցել»,- նշեց Սպիտակի քաղաքապետը:
Մեկնաբանել