HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլից հոկտեմբեր Այովայում

Ի՜նչ լավ ապրումի վայրկեան է… Սրտիս տրոփումը անյայտ հեռուներից է գալիս: Մտածումներս դաշտի մակերեսից, լեռների բարձունքներից են իջնում: Հոգիս՝ լայն բացել է իր աչքերը. սքանչացած մի անդորրութիւն է:  Մենք, ամենքս, պատերը շոշափելով առաջացող կոյրերի նման, փնտռում ենք մեր հոգին…

Կ. Զարեան. «Անցորդը եւ իր ճամբան»

Աննա Ալեքսանյանը և Իրինա Յոլյանն աշխատում են Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամում: Համախոհների հետ նրանք ոչ միայն տեսնում են հայրենիքի ապագան նրա արմատներում, այլ այդ մոտեցման վրա են կառուցում իրենց գործունեությունը: Մի քանի տարվա տաժանակիր աշխատանք, ատամները սեղմած լռելյայն դժվարություններ տանելու վճռականություն, հավատք սիրած գործի նկատմամբ՝ և Գորիսում, Շինուհայրում, Ամասիայում և այլուր (ի դեպ՝ աշխարհագրությունն ընդլայնվում է) մի քանի տասնյակ հայ կին իրենց օգտակար են զգում, որովհետև աշխատում են, վաստակ ապահովում, սեփական օրինակով իրենց համայնքներում մնալուն հեռանկար և իմաստ հաղորդում:

Գորիսից ԱՄՆ Այովա նահանգի մայրաքաղաք Դե Մոյն ավելի քան 10000 կմ է:

Այովայում լիավյուն կյանքով ապրում և գործունեություն են ծավալում Դեյվիդ և Մելանի Փերրի ամուսինները: Աշխատանքից հետո նրանք կատարում են լրացուցիչ աշխատանք, որից ստացված եկամուտն ամբողջությամբ ուղղում են տարբեր երկրներում հասարակական, սոցիալական և քաղաքական կյանքում կանանց դերի իմաստավորմանն ու զորացմանը: Նրանց տան բակում դեռ 2011թ-ից, երբ իրենց տանը հյուրընկալեց կարճատև այցով ԱՄՆ դեսպանատան «Open World» փորձի փոխանակման Այովա մեկնած հայաստանցիների խումբը, ծածանվում է ի նշան Աննայի, Իրինայի և խմբի մյուս անդամների հետ բարեկամության՝ Դեյվիդի պարզած Հայաստանի դրոշը:

Աննան ու Իրինան Դեյվիդին հանդիպեցին մի քանի տարի առաջ Գորիսում, ուր ամերիկացի բարերարը, լսելով «Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի» գործունեության մասին, այցելել էր իրենց համար պարզելու, թե ինչով կարող է օգտակար լինել: Համագործակցեցին, նախանշեցին հետագա անելիքները, իրենց փորձը կիսեցին, իսկ իրենցը հարստացրեցին Գորիսի և Հայաստանի իրողություններով, գիտելիքով ու նվիրումով: Վերադարձին Դեյվիդը գործընկերներին հրավիրեց այցելել Այովա նահանգ:

Մենք սովորել ենք արդեն, որ Հայաստան են այցելում պաշտոնաթող կամ դրա շեմին կանգնած գործիչներ: Ճիշտ այն ժամանակ, երբ Աննային և Իրինային ինքնաթիռը Այովա նահանգ հասցրեց 2017թ. ապրիլին, ավարտին էր մոտենում Այովայի նահանգապետ Թերրի Բրանդսթեդի պաշտոնավարության ժամկետը. նա նշանակվել էր Չինաստանում ԱՄՆ դեսպան: Նրան գալիս էր փոխարինելու փոխնահանգապետ տիկին Քիմ Ռեյնհոլդսը: Սա ի միջի այլոց:

Այովայում Աննան և Իրինան ծանոթանալու էին տեղի իրավական, կառավարման ընթացակարգերին ու կարգավորումներին, որոնց միջոցով նահանգը բարձր արդյունավետություն է ապահովում տարբեր բնագավառներում կանանց առաջխաղացման հնարավորությունների ընդլայնման գործում: Ասվածի դրսևորումներից մեկը եղավ Այովայի նահանգապետի կողմից հայաստանյան կառույցի ներկայացուցիչների ընդունելությունը: Հանդիպման ընթացքում նահանգապետ Բրանդսթեդն ուշադրություն դարձրեց Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի աշխատակիցների ձեռագործ անմոռուկներին:

Հարցերին հետևեցին պատասխաններ, զարմանք, որ Այովան ԱՄՆ-ի այն հինգ նահանգներից է, որոնք դեռ չեն ընդունել Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձև: Հայոց Ցեղասպանության մասին տեղեկացված չլինելը արտապատկերումը չէր անտարբերության, կարեկցանքի բացակայության կամ այլոց ցավի նկատմամբ բարոյական պարտավորություններից խուսափելու տրամադրության: Սա այլ տեսակի ու մակարդակի բացթողումների հետևանք է: Հանդիպումը զարմացրել էր ինչպես աշխատակազմին, այնպես էլ այդ հանդիպումը կազմակերպելու համար ջանք ու եռանդ չխնայած Փերրի զույգին՝ այն տևեց մոտ երկու ժամ. նահանգապետի համար անսովոր երկար: Հետաքրքրված էր:

Իրինան, Աննան, Մելանին, Դեյվիդը

Այովայում հայ չկա, որքան մեզ է հայտնի: Բայց Այովա այցելեցին երկու հայուհի, որոնք առաջին հերթին այովացի գործընկերներին տեղեկացրեցին, թե ինչ է Հայաստանը, խոսեցին Հայաստանի և մասնավորապես՝ Հայաստանում ապրող ու գործող կանանց հուզող խնդիրների մասին. այսօր Հայաստանն ապրում է այն նույն մտահոգություններով, խնդիրներով, դրանց լուծման որոնումներով, որոնք հատուկ են ամբողջ աշխարհին:

Իրար հետևած մի քանի անքուն գիշեր՝ փաստական տվյալների, ամսաթվերի, անունների և գործողութունների որոնում, Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականի Հայոց Ցեղասպանության բանաձևն ընդունած նահանգների ցանկի կազմում, վերլուծություն և համառոտագրում, և ահա այս աշխատանքի արգասիք՝ հիանալի դասավորված փաթեթը, նահանգապետարանի էլեկտրոնային հասցեով և ԱՄՆ փոստով ուղարկվում է նահանգապետին:

Նամակում, որը ստորագրել էին Դեյվիդը, Մելանին, Աննան և Իրինան ասված է. «Ըստ 2017թ.-ի ապրիլի 24-ին կայացած մեր հանդիպման ընթացքում ծավալված քննարկման… Գորիսի Կանանց Ռեսուրս Կենտրոնը ներկայացնող Աննա Ալեքսանյանը և Իրինա Յոլյանը, հավաստելով իրենց խորին հարգանքը Այովա նահանգի հանդեպ՝ հորդորում են այս նահանգին քննության առնել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ նահանգներից 46-րդ դառնալու հարցը…» Նամակին կցված են եղել Կոլորադոյի և Կալիֆորնիայի նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերի պատճենները:

Դեյվիդ Փերրին ստորագրում է
Նահանգապետին ուղղված խնդրագիրը

Կարելի էր մտահոգվել, որ նահանգապետ Բրանդսթեդը շուտով թողնելու է իր պաշտոնը և հեռանալուց առաջ մի ժեստ է անում հեռավոր ու անհայտ Հայաստանից ժամանած հյուրերի և իր նահանգի քաղաքացիների վրա տպավորություն թողնելու համար: Այսպիսի երևույթին բազմիցս ականատես ենք եղել: Լրանում էր Աննայի և Իրինայի ԱՄՆ այցելության ժամկետը, պատրաստվում էին վերադարձին, երբ հիշյալ մտահոգությունը տեղի տվեց:

Բարեբախտությո՞ւն, թե՞՝ արդար գործի նախախնամութուն էր, որ Բրանսթեդի հետ հանդիպումից 3-4 օր անց, մի համաժողովին Իրինան և Աննա հանդիպում են տիկին Քիմ Ռեյնհոլդսին, որն այդ պահին փոխնահանգապետ էր, ոչ միայն վերը նշված նամակից, այլ նաև Հայոց Ցեղասպանության փաստից բացարձակ անտեղյակ: Դեյվիդի միջնորդությամբ խոսակցության են բռնվում, հարցը ներկայացնում: Շշմել էր, որ Այովան, իր նահանգը, միայն հինգ նահանգներից է, որոնք չեն ընդունել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև: Ժամանակ հատկացրեց, լսեց, հարցեր տվեց, պարզաբանումներ փնտրեց, իսկ ստանալուց հետո որոշեց ամեն ինչ անել, որ Այովան դառնա բանաձևն ընդունած ԱՄՆ նահանգներից 46-րդը: Նահանգապետը չվախեցավ բարձրաձայնել, որ մինչև այդ օրը չի իմացել ոճրագործության մասին՝ շատ հազվադեպ հանդիպող կեցվածք պաշտոնյայի համար: Սովորաբար, պաշտոնյան հակված չէ ասելու կամ ցույց տալու, որ որևէ բան չգիտի: Իսկ նրանցից խելացիները գիտեն, որ չիմանալը թաքցնել հնարավոր չէ: Եվ հետևում է պաշտոնյայի շշմեցնող պատասխանը. «եթե մեկ ամսից պատասխան չստանաք, խնդրում եմ անձամբ ինձ ուղարկել մինչև օրս առկա նամակագրությունը և անհրաժեշտ փաստաթղթերը»:

Իրինա Յոլյանը, Թերրի Բրանդսթեդը, Աննա Ալեքսանյանը

Բրանդսթեդը նշանակվեց դեսպան, հեռանում Այովայից՝ ծառայելու իր երկրին Չինաստանում: Իսկ տիկին Ռեյնհոլդսը զգաղեցնում է Այովայի նահանգապետի պաշտոնը:

Այս ընթացքում Տեխաս նահանգը 2017թ.-ի մայիսի 19-ին ընդունում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին թ. 191 բանաձևը, ինչը Այովային թույլ է տալիս լինել Մեծ Եղեռնը ճանաչած 47-րդ նահանգը:

Նոր նահանգապետի խնդրանքով Դեյվիդը և Մելանին 2017թ.-ի հուլիսի 5-ին կրկին նրա գրասենյակ են ուղարկում Աննայի և Իրինայի հավաքած և կուռ մի թղթապանակ դարձած նյութերը: Քիմ Ռեյնհոլդսը կատարում է իր խոստումը. 2017 թվականի օգոստոսի 24-ին, հինգշաբթի, ժամը 11:10-ին Նահանգի Կապիտոլիի իր գրասենյակում նա վավերացնում է Հայոց Ցեղասպանության ճամաչման մասին բանաձևը, և 2017 թվականի հոկտեմբերը Այովայում հայտարարվում է «Հայաստանի ամիս»: Նախատեսվում է անցկացնել ճանաչողական միջոցառումներ, Դեյվիդն ու Մելանին իշխանություններից խնդրում են դրանց մասին մանրամասն տեղեկություններ ներկայացնել իրենց Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու նպատակով:

Ամերիկացի բարերարները մի ծավալուն նամակ են ուղարկում «Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի» գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանին՝ «խոսքեր չգտնելով հավուր պատշաճի շնորհակալություն հայտնելու Աննային և Իրինային իրենց աներևակայելի արհեստավարժության, Հայաստանը օրինակելի արժանապատվությամբ ներկայացնելու, առհասարակ Հայաստանին և մասնավորապես «Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի» իդեալներին նվիրվածության համար… Ես շնորհակալություն եմ հայտնում նաև իմ՝ Այովա նահանգին, որը Աննայի և Իրինայի ջանքերի շնորհիվ ընդունեց Հայոց Ցեղասպանության բանաձևը»:

Վերջաբանի փոխարեն

Փաստորեն, կան կառավարման համակարգեր, ուր պաշտոնամուտ առաջին դեմքը հարգանքով է վերաբերվում իր նախորդի արածներին, մտքերին, գաղափարներին, ավելին՝ հետամուտ լինում նրա կիսատ գործերն ավարտին հասցնելուն: Եվ այս անգամ, շնորհիվ հայուհիներ Աննայի և Իրինայի արժանապատիվ մարդկային և քաղաքացիական կեցվածքի, հմուտ կարողությունների և նվիրական աշխատանքի՝ նահատակների հիշատակի գործուն ոգեկոչման, Այովայի ղեկավարներն իրենց այս հարգարժան, իրապես մարդասիրական գործելաոճը ի սպաս դրեցին մի վեհ նպատակի, օրինակ ծառայելով Այովայի և ԱՄՆ-ի այլ նահանգների բնակչությանը և ամբողջ աշխարհի ժողովուրդներին հավուր պատշաճի գնահատել այն արժեքը, որը բնութագրվում է որպես մշակութային բազմազանություն:

Խոնարհումս Դեյվիդ և Մելանի Փերրիներին՝ մեր օրերում քիչ հանդիպող իրենց Մարդ լինելու համար: Ի՞նչ շահ ունեին այս մարդիկ, որ մինչև մերոնց հետ հանդիպելը և մեր երկիր այցելելը Հայաստանից բացարձակ անտեղյակ լինելով՝ իրենց ջանքը և ժամանակը նվիրաբերեցին ինչպես Հայաստանում կանանց խնդիրների լուծմանը նպաստելուն, այնպես էլ մեր Մեծ Ցավը կիսելուն և իրենց հարազատ նահանգի ղեկավարությանը զինվորագրելուն: Վստահաբար՝ Մարդ լինելու և մնալու, երիտասարդներին՝ մարդկայինի, անշահախնդիր բարություն անելու գործում օրինակ ծառայելու շահն էր:

Ակամա մտածում ես, որ մենք պետականություն ունենալու համար անհրաժեշտ գրեթե բոլոր պարագաներից երկուական ունենք. Երկու երկիր՝ Հայաստան և Սփյուռք, երկու լեզու՝ արևմտահայերեն և արևելահայերեն, երկու եկեղեցի՝ Մեծի Տունն Կիլիկիո և Էջմիածին, նախարարություններ և արտերկրում համայնքների ղեկավարներ, դեսպաններ՝ հայրենի և օտարերկրացի, որոնց շարքում պատվարժան տեղ ունեն մարդկային արժեքներին նվիրաբար ծառայող Դեյվիդ և Մելանի Փերրիները: Վերջիններս գալիս են համալրելու իրենց գործը լուռ ու որակով կատարողներին, որոնք դեռ պիտի գնահատվեն ու ճանաչվեն ազգիս կողմից (օրինակ՝ Պոտսդամում գործող Լեպսիուսի տան գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը և, փա՜ռք Աստծո, տասնյակ ուրիշներ): Ժամանակն է, որ նրանք հավուր պատշաճի ճանաչվեն մեր Հայրենիքի կողմից՝ թե՛ պետականորեն, և թե՛ կրթական ծրագրերում, ինչպես նրանք են ճանաչելի դարձնում մեր երկիրը օտարներին:

Այս նյութը պատրաստելիս ոչ միայն հպարտություն էի զգում, թե ինչպես երկու գեղեցիկ, արհեստավարժ ու նվիրական հայ կին շարունակում են մեր պատմության մեջ անհատի դերը վերահաստատել. չէ՞ որ նրանք երկուսով, ըստ էության մեն-մենակ մի ամբողջ նահանգի բարձրագույն ղեկավարության և բնակչության հետ աշխատելով՝ ոչ միայն կարողացան արժանապատիվ, որպես հավասարը հավասարի հետ գործակցել իրենց կազմակերպության զարգացմանը նպաստելու համար, այլ նաև վերադարձան՝ ապահոված լինելով ավելի քան 3 միլիոնանոց նահանգի կողմից մեր չսպիացող ցավին ծանոթանալը, զորակցելը և պատմական փաստի ճանաչումը: Հպարտությունս էլ նրանից է, որ մեր երկրում կան այսպիսի Մարդիկ և Քաղաքացիներ՝ գեղեցիկ, նվիրական, արհեստավարժ Աննան և Իրինան: Հպարտությունս նաև նրանից է, որ նրանք մեր օրերում, ցավո՜ք, հազվադեպ հանդիպողներից են՝ համեստ, սուսուփուս իրենց գործն անող, նույնիսկ այսպիսի ցնցող նվաճումների մասին չաղաղակող:

Մեր խղճին է մնում շնորհապարտ լինելու, ըստ արժանվույն նրանց գնահատելու, մեծարելու, ինչպես նաև այս մարդկանց օրինակին հետևելու, փորձի ու դրա մասին տեղեկատվություն տարածելու պարտականությունը: Իրենց դա պետք չէ, դա պետք է մեզ, մեր երեխաներին և մեր պատմությանը:

Արմեն Քեշիշյան

Մեկնաբանություններ (1)

Նելլի
Աննա ջան, Իրինա ջան, հպարտ եմ ձեզնով, ձեր կատարած նվիրական աշխատանքով, իսկ արդյունքով` հուսավառ ապագայի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter