HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրիաս Ղուկասյանը դատարանից խնդրեց տուժողների ցանկից հանել Օսիպյանի և ՊՊԾ գնդում գտնվող բժիշկների անունները

Ամալյա Մարգարյան

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը, որի ընթացքում Ղուկասյանը և նրա պաշտպանները հանդես եկան տասից ավելի միջնորդություններով։

Միջնորդություններից մեկի ընթացքում Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել Ազատության հրապարակում իր կողքին գտնված «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին և երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանին։

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ իր հետ Ազատության պողոտայում են եղել Լևոն Բարսեղյանը, Եղիշե Պետրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարիտիոսյանը։ «Ելույթներից հետո մենք իջել ենք և շարժվել մարդկանց միջով, իմ շարժվելու տեսագրությունը առկա է, բայց որպես ապացույց չի հետազոտվել»։ Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը։

Պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդություններից մեկն էլ վերաբերում էր 36 տուժողներից 11-ին, որոնց շարքում էին ՊՊԾ-ում պատանդ պահված Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և բժիշկները։ Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Օսիպյանը և բժիշկները տվյալ գործի հետ որևէ կապ չունեն, Անդրիաս Ղուկասյանը միացավ միջնորդությանը և հայտնեց, որ այդ մարդիկ չեն կարող տուժող  ճանաչվել, քանի որ եղել են ազատության մեջ, իսկ հուլիսի 29-ին Վալերի Օսիպյանը կարգավորել է ոստիկանության գործողությունները։ «Սարի թաղում ցույցը ցրելու ժամանակ ինքը եղել է Խորենացի փողոցում, տեսագրությունում  երևում է, իսկ Սարի թաղում ավելի վերադաս ոստիկաններ են եղել, ուստի ինքը Սարի թաղում չի գտնվել, որ իրեն հնարավոր լիներ վնաս պատճառել»,- հայտնեց Ղուկասյանը։

«Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է այն բանի մեջ, որ ամսի 29-ին կազմակերպելով զանգվածային անկարգություններ` ցանկություն է ունեցել միանալ ՊՊԾ գունդը գրավված «Սասնա ծռերին» և նրանց հետ պատանդ, շենք-շինություններ և զենք պահել։ Անդրիաս Ղուկասյանին մեղադրում են պատանդ պահելու մեջ. ու՞մ է պատանդ պահել, եթե այդ մարդիկ արդեն իսկ պատանդ չեն եղել»,- իր դիրքորոշումը արտահայտեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդության դեմ, իսկ դատավոր Վարդան Գրիգորյանը որոշեց Վ․ Օսիպյանին և մյուսներին վկայակոչի ցուցակից հանելու միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Միջնորդություն ներկայացվեց նաև Անդրիաս Ղուկասյանի դեմ ցուցմունք տված Արտակ Մկրտչյանի հեռախոսի գտնվելու վայրի մասին տեղեկությունը պարզելու վերաբերյալ, որի շնորհիվ պարզ կդառնար՝ արդյոք նա եղել է Ազատության պողոտայում, Անդրիաս Ղուկասյանի հետ, թե մեկ այլ վայրում, սակայն միջնորդությունը մերժվեց՝ վաղաժամկետ լինելու պատճառաբանությամբ։ Դատավորը նշեց, որ Արտակ Մկրտչյանը դատարանում ցուցմունք է տալու, և եթե հարցաքննությունը կասկածներ հարուցի, ապա միջնորդությունը կքննվի։

Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց դատարան կանչել և հարցաքննել առարկաների զննության ժամանակ արձանագրություն կազմած անձանց՝ հայտնելով, որ գործում առկա փաստաթղթերում կան հակասություններ։ Դատարանը գտավ, որ այդ միջնորդությունը նույնպես վաղաժամկետ է։

Պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդություններից ևս մեկը դատավորը վաղաժամկետ համարեց և մերժեց: Այն վերաբերում էր Անդրիաս Ղուկասյանի դեմ ցուցմունք տված Գեղամ Սահակյանի ցուցմունքը անարժանահավատ ճանաչելուն։

Միջնորդություն ներկայացվեց նաև Ազատության հրապարակում գտնող լրագրողների ինքնությունը պարզելու, նրանց հարցաքննության հրավիրելու և օրվա տեսագրությունը ձեռք բերելու համար։ Դատարանը նշեց, որ նախաքննության մարմին չէ և որևէ մեկի ինքնությունը չի կարող պարզել։

Այս գործով հաջորդ նիստին դատախազը հանդես կգա մեղադրական եզրակացությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter