HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարարին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիին, ով ժամանել է Հայաստան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպման սկզբում Սարգսյանը նախարարին խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումին և վարչապետ Հայդեր ալ Աբադիին՝ վստահեցնելով, որ ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանը եղել և շարունակում է մնալ Իրաքի կողքին: Հայ ժողովուրդը, ըստ նրա, չի մոռացել, որ շուրջ հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից մազապուրծ իր բազմաթիվ զավակների Իրաքը սիրով ապաստան է տվել: Այժմ, երբ համաշխարհային այդ չարիքը ոչնչացնում է Իրաքի և այդ երկրում մեր հայրենակիցների ստեղծած բարիքը, Սարգսյանի խոսքով, Հայաստանը չի կարող անտարբեր գտնվել: Նա հույս է հայտնել, որ Իրաքի իշխանություններին կհաջողվի մոտ ապագայում երկիրն ազատագրել ահաբեկիչներից և ամբողջական վերահսկողություն հաստատել Իրաքում:

Իրաքի գյուղատնտեսության նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Սերժ Սարգսյանին փոխանցել իր երկրի նախագահի ու վարչապետի փոխադարձ ողջույնները՝ ընդգծելով, որ նրանք Հայաստանին և բարեկամ հայ ժողովրդին մաղթում են հարատև խաղաղություն, կայունություն և զարգացում:

Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբին վստահեցրել է, որ Իրաքը շահագրգռված է ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և նշել է, որ իր այցը բավականին լավ մեկնարկ կարող է լինել ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու համար, ինչի արդյունքում զգալիորեն կավելանան նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները:

Սերժ Սարգսյանը և Իրաքի գյուղատնտեսության նախարարը կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի շրջանակներում ստորագրված մի շարք փաստաթղթեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, առևտուր, կրթություն, զբոսաշրջություն և այլն, հնարավորություն են տալիս զարգացնելու համագործակցությունը, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափում, և առկա ներուժն օգտագործել ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter