HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել Իրանի քաղաքացիները

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական մի գործ, որի շրջանակներում ամբաստանյալի աթոռին են հայտնվել Իրանի և Հայաստանի քաղաքացիներ:

Իրանի քաղաքացի Աբուլֆազլ Չավոշիյալղուզաղաջին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի փետրվարի 20-ին  օժանդակել է Միր Իբրահիմ Միր Ասսադի Հոսսեյնիի և ոմն Միրիի առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրամիջոցի ապօրինի իրացմանը։ Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի  38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝  մի խումբ անձանց կողմից, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելուն, վերամշակելուն, ձեռք բերելուն, պահելուն, փոխադրելուն, առաքելուն կամ դրանց ապօրինի իրացնելուն օժադակելը:

Ռուստամ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016-ի նոյեմբերի 4-ին Կարեն Հակոբյանի օժանդակությամբ փորձել է Միր Իբրահիմ Միր Ասսադի Հոսսեյնիից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրամիջոց, 2017- փետրվարի 20-ին Արման Ոսկանյանի և Դավլաթշո Սոիմի Պարտոևի հետ Աբուլֆազլ Չավոշիյալղուզաղաջի միջոցով Միր Իբրահիմ Միր Ասսադի Հոսսեյնիից և ոմն Միրիից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է  բերել առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրամիջոց, իսկ քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտ։

Սարգսյանին  մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով այն է՝ առանձնապես խոշոր չափերով, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելուն վերամշակելուն, ձեռք բերելուն պահելուն, փոխադրելուն կամ առաքելուն օժանդակելը, դրդրելը կամ այդ գործողությունները կազմակերպելը՝ և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք կրելը:

Արման Ոսկանյանը ևս մեղադրվում է ապօրինի զենք կրելու ինչպես նաև առանց իրացնելու նպատակի, ապօրինի կերպով առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու մեջ, այսինքն՝  Ոսկանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածներով:

Դավլաթշո Սոիմի Պարտոևին մեղադրանք է առաջադրվել Ռուստամ Սարգսյանի և Արման Ոսկանյանի հետ Աբուլֆազլ Չավոշիյալղուզաղաջի միջոցով Միր Իբրահիմ Միր Ասսադի Հոսսեյնիից և ոմն Միրիից ապօրինի առանձնապես խոշոր չափերի «Ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար և վերջինիս ևս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Այսպես՝ ըստ գործի նյութերի՝  Աբուլֆազլ Չավոշիյալղուզաղաջը համաձայնության է եկել Միր Իբրահիմ Միր Ասսադիի Հոսսեյնիի և ոմն Միրիի հետ՝ առանձնապես խոշոր չափերի «ափիոն»  տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար նրանց օժանդակելու վերաբերյալ:

Պայմանավորվածության համաձայն, Աբուլֆազլ Չավոշիյալղուզաղաջը Միր Իբրահիմ Հոսսեյնիի և ոմն Միրիի ցուցումով, վերջիններիս թմրամիջոցի ապօրինի իրացմանն օժանդակելու նպատակով 2017թ. փետրվարի 20-ին Երևան քաղաքի Արգիշտի փողոցի շենքերից մեկի բակում  հանդիպել է  թմրամիջոցի ձեռք բերման ցանկություն հայտնած Ռուստամ Սարգսյանին, Արման Ոսկանյանին և Դավլաթշո Պարտոևին, ապա տեղեկացրել է որ թմրամիջոցը գտնվում է Երևանում վարձակալած իր բնակարանում և բնակարանի բանալին տրամադրել է նրանց:

Դրանից անմիջապես հետո, ըստ գործի նյութերի, Աբուլֆազլ Չավոշիյալղուզաղաջի անմիջական ուղղորդմամբ Դավլաթշո Պարտոևը և Ռուստամ Սարգսյանը վերջինիս ավտոմեքենայով մեկնել են հիշյալ բնակարան, որտեղից վերցրել են առանձնապես խոշոր չափի՝  3611.08 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը:

Թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելուց հետո Ռուստամ Սարգսյանը և Դավլաթշո Պարտոևը վերադարձել են այն շենքի բակ, որտեղ հանդիպել էին Աբուլֆազլ Չավոշիյալղուզաղաջին: Վերջինս և Արման Ոսկանյանը Սարգսյանին և Պարտոևին սպասելիս են եղել այդ բակում:

Ապա նույն ժամանակ Ոստիկանության աշխատակիցները թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալել են Աբուլֆազլ Չավոշիյալղուզաղաջին, Դավլաթշո Պարտոևին, Արման Ոսկանյանին և Ռուստամ Սարգսյանին ու բերման ենթարկվել ոստիկանություն, որտեղ, ըստ գործի նյութերի, Ռուստամ Սարգսյանի  ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է վերը նշված խմբաքանակի թմրամիջոցը:

Ինչ վերաբերում է Ռուստամ Սարգսյանի կողմից 2016-ի նոյեմբերի 4-ին թմրամիջոց իրացնելու դրվագին, ապա, ըստ գործի նյութերի, Ռուստամ Սարգսյանը հեռախոսային խոսակցությունների միջոցով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Միր Իբրահիմ Հոսսեյնիի հետ համաձայնության է եկել  նրանից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ:

Պայմանավորվածության համաձայն, թմրամիջոցը ստանալու նպատակով Ռուստամ Սարգսյանի ցուցումով և անմիջական ուղղորդմամբ, վերջինիս թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակող Արսեն Հակոբյանը 2016թ. նոյեմբերի 4-ին Երևան քաղաքի Խորենացի փողոցի խանութներից մեկի մոտ հանդիպել է՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող Միր Իբրահիմ Հոսսեյնիի ուղարկած, նրա թմրամիջոցի ապօրինի իրացմանն օժանդակող Մուհամմադ Ռեզա Իսմաիլի Ասադիին, ում վճարելով՝ Ռուստամ Սարգսյանից նախապես վերցրած և թմրամիջոցի արժեքը կազմող 1.000 ԱՄՆ դոլար, նրանից, հետագայում Ռուստամ Սարգսյանին փոխանցելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ 440.41 գրամ  «ափիոն» տեսակի թմրամիջոց, սակայն ինչպես Ռուստամ Սարգսյանը, այնպես էլ Արսեն Հակոբյանը հանցավոր արարքներն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Արսեն Հակոբյանի կողմից թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելուց անմիջապես հետո վերջինս բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հիշյալ խմբաքանակի թմրամիջոցը: 

Աբուլֆազլ Հասսանի Չավոշիյալղուզաղաջի, Ռուստամ Սարգսյանի, Արման Ոսկանյանի և Դավլաթշո Սոիմի Պարտոևի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2017 թվականի օգոստոսի 18-ին ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, ապա ըստ ընդդատության ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Այս գործով դատական առաջին նիստը երեկ  դատարանը հետաձգեց ամբաստայալյալների պաշտպաններից մեկի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 16-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter