HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ընդհանուր առաջընթացին զուգահեռ վատթարացել է մակրոտնտեսական միջավայրի ցուցանիշը. Հայաստանը՝ մրցունակության զեկույցում

Մրցունակության համաշխարհային նոր զեկույցի համաձայն` Հայաստանն իր մրցունակությամբ 73-րդն է աշխարհի 137 երկրների շարքում՝ նախորդ տարվա համեմատ դիրքը բարելավելով 6 տեղով: Այստեղ երկրների մրցունակությունը գնահատվում է ըստ 12 հենասյուների։ Օրինակ՝ ըստ մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության ու տարրական կրթության, գործարարության կատարելագործվածության և այլն։ Հայաստանն, ըստ 10 հենասյուների, առաջընթաց է գրանցել, ըստ 2-ի՝ դիրքի վատթարացում։

Զեկույցը հրապարակում է Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ)։ Հայաստանից զեկույցի պատրաստմանը մասնակցում է «Տնտեսություն և արժեքներ» կենտրոնը՝ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հետազոտական թևը։

2017/18 զեկույցի արդյունքներով` առաջատար երեք երկրները շարունակում են մնալ Շվեյցարիան, ԱՄՆ և Սինգապուրը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Նիդերլանդները և Գերմանիան:

Ըստ «Ի-Վի Քոնսալթինգ»-ի

Նախորդ տարի Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն էր աշխարհի 138 երկրների շարքում։

Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Ադրբեջանը (2 կետով), Ռուսաստանը (5 կետով), Մոլդովան (11 կետով) և Ղրղզստանը (9 կետով): Հայաստանը գրանցել է առաջընթաց 6 կետով: Հետընթաց են արձանագրել Վրաստանը (8 կետով), Ղազախստանը (4 կետով) և Տաջիկստանը (2 կետով): Ուկրաինան դիրքը բարելավել է 4 կետով։

Ըստ «Ի-Վի Քոնսալթինգ»-ի

Առաջընթացներն ու հետընթացները

Մրցունակության զեկույցում առաջընթաց են գրանցել առողջապահություն և տարրական կրթություն, նորարարություն, գործարարության կատարելագործվածություն, ինստիտուտներ և ապրանքների շուկայի արդյունավետություն հենասյուները: Որոշ դրական փոփոխություններ են գրանցել նաև շուկայի չափ, ենթակառուցվածքներ, աշխատուժի շուկայի արդյունավետություն հենասյուների ցուցանիշները:

Միևնույն ժամանակ վատթարացել են մակրոտնտեսական միջավայր և տեխնոլոգիական պատրաստվածություն հենասյուների ցուցանիշները:

Ըստ «Ի-Վի Քոնսալթինգ»-ի

Ըստ «Ի-Վի Քոնսալթինգ»-ի, որի ղեկավար Մանուկ Հերգնյանն այսօր զեկույցը ներկայացրեց լրագրողներին, Հայաստանի մրցակցային թերություններն այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով, նավահանգստային ենթակառուցվածքի որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի բաց ծով, գնահատում են ամենամոտ նավահանգիստը), արտաքին շուկայի չափի համաթիվը: Հայաստանի դիրքի վատթարացման հիմնական պատճառը ձևավորված դեֆլյացիոն միջավայրն է։

«Ի-Վի Քոնսալթինգ»-ը եկել է եզրահանգման, որ մակրոտնտնեսական միջավայր տողով Հայաստանի դիրքի վատթարացման հիմնական պատճառը ձևավորված դեֆլյացիոն միջավայրն է. «Հայաստանում 2016թ․ գրանցվել է 1.4% գնանկում (դեֆլյացիա), ինչը համարվում է, որ զսպում է տնտեսական աճը։ Գնաճի նորմալ միջակայք է համարվում 0.5-3%»։

Մյուս հենասյունը, որի մասով ևս Հայաստանի դիրքը վատթարացել է, տեխնոլոգիական պատրաստվածությունն է։ Իսկ բիզնես սկսելու հետ կապված գործընթացների քանակը և ժամկետները առավելությունների շարքում են:  

Հայաստանը «Համաշխարհային մրցունակության զեկույցում»-ում առաջին անգամ ընդգրկվել է  2005 թվականին՝ զբաղեցնելով 79-րդ տեղը 117 երկրի շարքում: Բայց հաջորդող տարիներին՝ մինչև 2013-ն ավելի ցածր դիրքերում է եղել։ 2013-ին նորից հայտնվել է 79-րդում։ Հաջորդող երկու տարում՝ 85-րդ և 82-րդ։ Այս ընթաքում զեկույցում տեղ գտած երկրների ընդհանուր թիվը ևս փոփոխվել է։

Ըստ «Ի-Վի Քոնսալթինգ»-ի Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերներն են աղքատության հաղթահարումն ու ներառական աճի ապահովումը, նոր տնտեսական հնարավորությունների ստեղծումը (նոր արտահանման շուկաներ, ներդրումների հոսք), տեխնոլոգիական վերափոխումը․ 4-րդ արդյունաբերական հեղափոխության վտանգների չեզոքացում և հնարավորությունների առավելագույն օգտագործումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter