Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Ռեպրեսիան ու «Մաշտոց-Կոմիտաս» նախագծի տապալման առեղծվածը



Կոմպոզիտոր Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգային նախագիծը չի կայանա Մշակույթի նախարարության հետ չհամաձայնեցնելու համար։ Վերջին շրջանում շատ ծանոթ ձեւակերպմամբ` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կասեցրել է սեպտեմբերի 29-ին Զվարթնոց տաճարում նախատեսված համերգի կայացումը։

Համերգի կազմակերպչական հարցերով զբաղվում էր «Շարմ Հոլդինգ» ընկերությունը։ Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում պատմեց Վահան Արծրունին, համերգից ընդամենը 3 օր առաջ հոլդինգի ներկայացուցիչն իրեն հայտնել է, որ համերգը տեղի չի ունենա։ Իսկ դրանից մեկ օր առաջ շատ խորհրդավոր հեռախոսազանգ է եղել ՊՈԱԿ-ից՝ Արծրունուն եւ «Շարմին»։

Ծրագրում «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» շարքն էր՝ Մեսրոպ Մաշտոցի V-րդ դարի շարականներ, Արծրունու գործիքավորմամբ, ինչպես նաեւ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը` գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա։ Երաժշտությունը Վահան Արծրունունն է։

Արծրունու պատմածը

Վահան Արծրունին «Հետք»-ի հետ զրույցում ներկայացրեց համերգի նախապատմության եւ մասնավորապես Մշակույթի նախարարության հետ առնչվելու իր անհաջող փորձի մասին։ Պարզվում է, մինչ սեպտեմբերի 25-ը տեղի են ունեցել իրար հաջորդող դեպքեր, որոնք կոմպոզիտորը համարում է առեղծվածային։

«Խոսքը գնում է մի ծրագրի մասին, որը 30 տարվա աշխատանքի արդյունք է։

Այս համերգը խորհրդանշական էր նրանով, որ մենք պետք է նշեինք «Կոմիտաս․ 10 հայտնություն» ձայնասկավառակի 15-ամյակը, եւ մաշտոցյան շարքի պաշտոնական պրեմիերան պետք է կայանար Զվարթնոցում։ Այսինքն շատ հանդիսավոր, իմ ստեղծագործական կյանքում բացառիկ նշանակություն ունեցող երեւույթ էր։

Մասնակցում են Հայաստանի լավագույն ուժերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորներից Վարդուհի Մինասյանը, Հասմիկ Բաղդասարյանը, որը համաշխարհային կարգի երգչուհի է, ինչպես նաեւ փողային նվագարանների կազմ՝ Ֆիլհարմոնիկից։

Ինչու՞ Զվարթնոց։ Երեւի կհիշեք, որ ես բարձրացրի իմ ձայնը 2014 թվականին Զվարթնոցում տեղի ունեցած սրբապղծության հետ կապված, երբ «Տրոյկա դիալոգն» այդտեղ հարսանիք էր կազմակերպել։ Այդտեղ մինչեւ առավոտ քեֆ-ուրախություն էր գնում։ Դա, իմ գնահատականով, խոնարհված տաճարի սրբապղծություն էր։

Եվ իմ իմացաբանական նպատակներից էր Մաշտոցի այս շարականներով մաքրել այդ սրբապղծությունը։ Ընդ որում` հատուկ նշել ենք, որ համերգը տեղի է ունենալու ոչ թե տաճարի ներսում, այլ՝ տարածքում։ Այսինքն Զվարթնոցն՝ իր խոնարհված վիճակում, այդ փլատակները պետք է ընդամենը լինեին բնական դեկորացիա։

Երբ ինքս ինձ համար ձեւավորեցի նպատակն ու գաղափարը, դիմեցի բազմաթիվ կազմակերպությունների։ Եվ միայն ՀԲԸՄ-ն արձագանքեց։ Միության դահլիճում հուլիսի 3-ին տեղի ունեցավ նախագծի շնորհանդեսը, որից հետո Մշակույթի նախարարությունից, մասնավորապես՝ փոխնախարար Արեւ Սամուելյանից ստացա Զվարթնոցում համերգ ունենալու առաջարկը»։

Ամիրյանի առեղծվածը

«Բայց մինչ այդ տեղի էր ունեցել մեկ այլ միջադեպ։ Բոլորը գիտեն իմ վերաբերմունքը նախարարության որդեգրած քաղաքականությանը։ Ես երբեք չեմ թաքցրել դոտացիոն սիստեմին, երբ բյուջեն բաշխվում է հաստիքային կազմակերպությունների միջեւ, եւ լրիվ անտեսվում է ազատ արվեստի դաշտը։ Իմ բոլոր մտահոգությունները, քննադատությունները դեռեւս Հասմիկ Պողոսյանի օրոք կապված էին այդ չարաշահումների, վերաբաշխումների, բյուջե փախցնելու հետ։

Երբ նախարար նշանակվեց Արմեն Ամիրյանը, համակրանքից բացի, այլ վերաբերմունք չկար, եւ շատ արվեստագետներ հույս ունեինք, որ փոփոխություններ կլինեն։ Ու ես առաջին անգամ որոշեցի առնչություն ունենալ նախարարության հետ։ Նախաձեռնեցի ֆյուժն երաժշտության համերգ։

Դիմեցինք Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տնօրինություն, եւ մեզ բացատրեցին, որ Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ փոխվել են դահլիճի վարձակալության սակագները։ Օրինակ` Կամերային երաժշտության տան դահլիճի վարձակալության գումարը 106 հազար դրամից դարձել է 250 հազար դրամ։

Որպեսզի դահլիճը տրամադրվի նվազագույն գումարով, մենք, ըստ նոր կարգի, պետք է դիմենք նախարարին։ Եվ ես իմ կյանքում առաջին անգամ նամակ եմ գրում մշակույթի նախարարին, գրում եմ, որ մենք նման համերգ ենք նախաձեռնում, ֆինանսավորում չենք ուզում, պարզապես որպեսզի մեր հանդիսատեսին տոմսի իրատեսական գին առաջարկենք, խնդրում եմ նվազեցնել դահլիճի վարձակալության գումարը։

Ես մի քանի անգամ զանգահարում եմ, հետաքրքրվում պատասխանի վերաբերյալ։ Ու սկսվում է առեղծվածային մի պատմություն։ Ինձ մեկ ամիս շարունակ ասում են, որ նամակն ընթացքի մեջ է, եւ մեկ ամիս անց՝ որ հարցը դրական լուծում է ստացել, նամակն ուղարկել են փոստով։

Համերգը պետք է նշանակվեր հուլիսի 11-ին, իսկ նամակի պատասխանը ստանում եմ առձեռն, անձամբ գնալով նախարարություն, արդեն հուլիսի 18-ին։ Այսինքն՝ թղթի վրա դրական պատասխան է, բայց ըստ էության՝ համերգի տապալում։ Որովհետեւ այս դեպքում համերգասրահի տնօրինությունը իրավունք չուներ դահլիճ տրամադրելու։ Այդ նամակը նախարարությունը ըստ էության չի էլ ուղարկել»։

Սամուելյանի առեղծվածը

«Նույն օրը՝ հուլիսի 18-ին, ինձ զանգահարում է փոխնախարար Արեւ Սամուելյանը եւ առաջարկում համերգ կազմակերպել Զվարթնոց տաճարում, ինչի մասին վերեւում արդեն խոսեցի։ Խորհրդակցություն տեղի ունեցավ, նա հանձնարարականներ տվեց տարբեր մասնագետների, մենք երկու անգամ հանդիպել ենք, իրենց ֆինանսական բաժնի հետ բյուջե ենք կազմել, այսինքն՝ աշխատանքը գնաց, մինչեւ որ Սամուելյանի հետ պետք է տեղի ունենար հերթական հանիպումը` քննարկելու համար տեխնիկական հարցեր։ Նա խորհրդակցություն է նշանակում մի օրվա համար, երբ ինքը Հայաստանում չէր։ Երբ ես փոխնախարարին գրում եմ՝ էս ի՞նչ խնդիր է, պատասխանում է՝ ես կկապվեմ Ձեզ հետ։ Մինչեւ հիմա կապ չի հաստատել։ Դա հուլիս ամիսն էր։

Բնականաբար ես փորձում եմ այլ գործընկեր ճարել` հասկանալով, որ իրենց հետ համերգը չի կայանա։ Ես սկսում եմ բանակցել «Շարմի» հետ, որը նույնպես հետաքրքրված էր համերգով։ Մենք պայմանավորվում ենք նվագախմբի, սոլիստների հետ, նշանակում ենք համերգի օրը եւ սկսում գովազդային փուլը։ Ամեն ինչ նորմալ է ընթանում, մինչեւ սեպտեմբերի 25-ին ինձ զանգում են նախարարության ինչ-որ ՊՈԱԿ-ից եւ ասում՝ դուք մեր տարածքում համերգ եք կազմակերպում։ Ես ասում եմ, որ պատասխանատու եմ միայն ստեղծագործական մասի համար եւ հորդորում եմ մնացած հարցերով դիմել «Շարմին»։

Սեպտեմբերի 26-ին հանդիպում եմ «Շարմի» ներկայացուցչի հետ, եւ ինձ ասում են, որ համերգը հանվում է»։

Վահան Արծրունին առայժմ չի շտապում տեղի ունեցածին քաղաքական ենթատեքստ տալ։ Նա դեռ սպասում է պարզաբանումների։

«Փաստ է, որ համերգը կազմակերպելու իմ՝ տարիներով փայփայած երազանքը տապալվեց։ Այսինքն արգելվեց։ Սա զուտ էմոցիոնալ մակարդակի ապրում է։ Իրականում եթե դիտարկենք մեծ տիրույթի մեջ, կարելի է տարբեր կերպ մենաբանել՝ եւ որպես ազատ ստեղծագործելու, եւ որպես մասնագիտական դրսեւորման սահմանափակում։ Իսկ այդ ոլորտները մարդու իրավունքների տիրույթում են գտնվում, եւ կարելի է նաեւ քաղաքական մեկնաբանության տալ։ Ես առայժմ զերծ եմ մնում նման հայտարարություններ անելուց։ Բայց այդ պահը կգա»,- ասաց երաժիշտը։

Կեսօրին պարզաբանումով հանդես եկավ ՄՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը։ ՊՈԱԿ-ի ղեկավարությունը ցույց է տալիս, որ ընդհանրապես անտեղյակ է եղել համերգից։

«Ընդամենը միայն գովազդից տեղեկանալով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանի տարածքում սեպտեմբերի 29-ին համերգ է նախատեսված` ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սյուզան Սարգսյանը զանգահարել է Վահան Արծրունուն՝ տեղեկացնելու, որ հուշարձանի տարածքում նման միջոցառում անցկացնելու մասին ո′չ պայմանագիր կա կնքված, եւ ո′չ էլ ՊՈԱԿ-ը տեղեկացված է։ Արծրունին նրան խորհուրդ է տվել դիմել համերգի կազմակերպիչ «Շարմ» հոլդինգին՝ ասելով, որ ինքն ընդամենը հրավիրված է։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արա Թարվերդյանն այս զրույցից հետո զանգահարել է «Շարմի» ֆինանսական տնօրենին։ Վերջինս նրան տեղեկացրել է, որ իրենք տեղափոխել են համերգի օրը։ Ամեն դեպքում, որեւէ պայմանագիր մինչ օրս կնքված չէ։ Իսկ պայմանագիրը նաեւ ենթադրում է ծառայությունների մատուցում՝ անվտանգության, էլեկտրաէներգիայի ապահովում, աշխատակիցների ներկայություն, համերգների համար անհրաժեշտ այլ պարագաներ»։

Ստի ստի սուտը

Վահան Արծրունին հայտնի է որպես իր քաղաքացիական դիրքորոշումն ուղիղ արտահայտող երաժիշտ։ Նրան, մեղմ ասած, իշխանությունները չեն սիրում։ Ինչպես Նարինե Թուխիկյանին՝ Թումանյանի թանգարանի տնօրենին, որը «Սասնա Ծռերի» հայտնի դեպքերի օրերին եւ դրանից հետո իր համակրանքն էր արտահայտում ընդդիմադիրների կողմից իրականացրած օպերացիային։ Եվ ընդհանրապես, Թուխիկյանը «սիստեմի» մարդ չէ։

Եվ երբ Թումանյանի թանգարանում կազմակերպվել էր բոլշեւիկյան ռեպրեսիաների թեմայով ցուցահանդես, այն շատ արագ փակվել էր Մշակույթի նախարարության հրահանգով։ Իհարկե, հետո նման մի ցուցահանդես նախարարությունն ինքը բացեց Ազգային գրադարանում, սակայն հին ու նոր ցուցահանդեսների միջեւ մի նուրբ ու կարեւոր տարբերություն կա, որին քչերն են ուշադրություն դարձրել։ Այսպես ասած թուխիկյանական ցուցահանդեսի ժամանակ ինչ-որ գրություններ, պաստառներ հուշում էին այն մասին, որ ռեպրեսիաները շարունակվում են նաեւ մեր օրերին, եթե չեմ սխալվում անգամ նման ձեւակերպում կար՝ 1937-20․․․։

Ցուցահանդեսը փակելուց հետո մշակույթի նախարարն ու նախարարության տարբեր պաշտոնյաներ տարբեր մեկնաբանություններ էին տալիս` փորձելով տպավորություն ստեղծել, որ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա։ Ավելին, Արմեն Ամիրյանը հայտարարեց, թե իբր նախարարությունը տեղյակ չի եղել այդ ցուցահանդեսի մասին, այսինքն՝ թանգարանը դա չէր համաձայնեցրել գերատեսչության հետ։ Այնինչ ցուցահանդեսի բացումից օրեր առաջ նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր դրա մասին ազդ։

Եվ այսօր, Արծրունու համերգային նախագծի վերաբերյալ ՄՆ համապատասխան ՊՈԱԿ-ի հայտարարությունը, թե համաձայնեցված չի եղել, նույնպես կասկածներ է ստեղծում։ «Շարմը» որեւէ միջոցառում կազմակերպելու փորձ ունեցող ամենապրոֆեսիոնալ ընկերություններից մեկն է Հայաստանում։ Արդյո՞ք մեկուկես ամիս նա համերգի կազմակերպչական աշխատանքներ է տարել՝ «չֆահմելով» տարածքի հետ կապված հարցը համաձայնեցնել նախարարության հետ։

«Հետք»-ը հոլդինգին գրավոր հարցում է ուղարկել այս եւ այլ հարցերի շուրջ, դեռ պատասխան չի ստացել։

Ի դեպ, Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում տարածել է նաեւ տոմսերի վաճառքի դինամիկան՝ հրապարակված tomsarkgh.am կայքում։ Տոմսերի վաճառքի ընդամենը 5-րդ օրը, ինչպես երեւում է նկարից, արդեն իրացվել էր տոմսերի կեսից ավելին։ Ընդ որում տոմսերն արժեցել են 10-20 հազար դրամ։ Ըստ կոմպոզիտորի` սա բացառիկ դինամիկա է։

Ցավ ու հիասթափություն

Բոլոր երաժիշտները, որ ներգրավված էին «Մաշտոց-Կոմիտաս» նախագծում, հիասթափված են տեղի ունեցածով։

Իսկ երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը՝ շարականների եւ հայկական երաժշտության ամենանշանավոր կատարողներից մեկը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սարսափելի ցավ եմ զգում և ոչ մի տրամաբանական պատասխան չունեմ․․․ Տրամաբանությունից դուրս, տարօրինակ ներքին խաղերի, անկազմակերպ, անլուրջ մոտեցման պատճառով հերթական հիասթափություն...»։

«Հետք»-ի ունեցած տեղեկություններով` «Շարմ» հոլդինգը պատրաստվում է համերգը կազմակերպել արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, եւ ոչ թե Զվարթնոց տաճարում, այլ՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում։

Լուսանկարները՝ հեղինակի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Հասմիկ Ա. Ա.20:25 - 27 սեպտեմբերի, 2017
Մի մաքրություն է մնացել, մի' տրորեք ձեր կեղտոտ, ստրկամտությամբ և ստորաքարշությամբ:
2. Ռուբեն18:21 - 28 սեպտեմբերի, 2017
Ի՞նչու եք նույնացնում անգրագիտության արդյունքում տապալված համերգը բռնաճնշումների զոհերին նվիրված ցուցահանդեսի փակման հետ:Ձեր համեմատականով մի ստվերեք Նարինե Թուխիկյանին, խնդրում եմ: Հոդվածին վերնագիր դնելուց առաջ էլ մի քիչ մտածեք, թե չէ Ռեպրեսիան ուր, Մաշտոցն ու Կոմիտասը ուր...
3. Ռուբենին23:04 - 2 հոկտեմբերի, 2017
Հարգելի Ռուբեն, մի քիչ խորը որ մտածեք, կհասկանաք, որ այստեղ գործ ունենք պետական մակարդակով արվեստագետի գործունեությանը խանգարելու, ավելին՝ արգելելու տգեղ գործի հետ։ Լրիվ ժդանովշչինայի հոտ է գալիս։ Հարգանքներով՝ Սվետլանա Մարգարյան
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ