ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Դատական դեպարտամենտի ղեկավարը առանց զննվելու մուտք է գործում դատարան



Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ դատական նիստին, ինչպես հայտնի է, փաստաբաններից ոմանք և որոշ դատական կարգադրիչներ զննության ու խուզարկության թեմայով շարունակ վիճում են: Այն բանից հետո, երբ զննության ժամանակ մետաղորսիչ սարքն ազդանշան է արձակում, փաստաբաններին առաջարկվում է ազատվել իրենց մոտ եղած այն իրերից, որոնք մետաղորսիչ սարքի ազդանշանի պատճառ են դառնում: Փաստաբանները նշում են, որ իրենց մոտ արգելված իր չկա, սակայն կարգադիչները, առանց այդ մասին հավաստիանալու, նրանց մուտքը դատարան արգելում են: Իսկ այդ մասին հավաստիանալու միակ տարբերակը դատարանում համապատասխան սկաներ սարքավորման բացակայության պայմաններում այն է, որ փաստաբանները դատարկեն իրենց պայուսակի պարունակությունը, ինչը վերջիններս չեն անում:

Դատական դեպարտամենտը կարգադրիչների նման գործելաոճը բացատրում է դատարանում անվտանգությունն ապահովելու հանգամանքով: Ենթադրվում է, որ եթե խնդիրն անվտանգությունն է, ապա պետք է դատարան մուտք գործող ցանկացած անձ զննության ենթարկվի, մինչդեռ դատարան մուտք գործող ոչ բոլոր անձինք են, որ զննվում են:

Այսօր մի քանի լրագրող դատարանի դիմաց էր, երբ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը եկավ դատարան: Լրագրողները ֆիքսեցին, թե ինչպես է Փոլադյանն անարգել մուտք գործում ներս: Փորձեցինք ճշտել` ինչու է դեպարտամենտի ղեկավարն առանց զննության ներս մտնում: Փոլադյանը պատասխանեց, թե ինքն առավոտից դատարանում է, զննվել է: Մեր դիտարկմանը, որ լրագրողները ֆիքսել են, թե Փոլադյանը դատարանի տարածքում չէր, այլ դրսից եկավ, Փոլադյանը պատասխանեց, թե ինքը մշտապես կարգադրիչների ուշադրության կենտրոնում է, ինչպես նաև նշեց, որ դատարան մուտք գործող ցանկացած անձ պետք է զննության ենթարկվի:

Հարցին՝ ինչպես կարգադրիչները հավաստիացան, որ Փոլադյանն իր հետ արգելված իր չի բերել դատարան, Փոլադյանը չպատասխանեց` առաջարկելով այդ մասին հարցնել կարգադրիչներին: Փորձեցինք տվյալ պահին դատարանի տարածքում գտնվող կարգադրիչներից մեկից ստանալ հարցի պատասխանը, սակայն վերջինս հրաժարվեց խոսել` նշելով, թե այդ պահին զբաղված է, ծառայություն է իրականացնում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ