Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի

«Սասնա ծռեր-3». դատավոր Արտուշ Գաբրիելյանը 18 ամբաստանյալների գործից մաս անջատեց



Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր «Սասնա ծռեր»-ի 18 անդամի գործից մաս անջատեց: Այսօրվա նիստին դեռևս բոլոր պաշտպանները դահլիճ չէին մտել, երբ դատավորը հայտարարեց, թե հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:

Դահլիճում ներկա գտնվողներին և փաստաբաններին թվաց, թե Արտուշ Գաբրիելյանը հերթական անգամ գնացել է բացակա փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու, սակայն 40 րոպե անց խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը հրապարակեց գործից մաս անջատելու վերաբերյալ վերը նշված որոշումը:

Այսպիսով, ամբաստանյալներ Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանի, Տիգրան Մանուկյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Թորոս Թորոսյանի, Գևորկ Իրիցյանի, Հովհաննես Հարությունյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Հակոբյանի Վարդան Գերավետյանի վերաբերյալ գործն այլևս Արտուշ Գաբրիելյանի վարույթում չի քննվի, իսկ ամբաստանյալներ Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթայանի, Վարդգես Գևորգյանի գործը կմնա Գաբրիելյանի վարույթում:

Լրագրողների հետ զրույցում գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ այսօր կայացված որոշումը խոսում է այն մասին, որ ի սկզբանե իրավասու անձինք չեն կարողացել սթափ գնահատել իրավիճակը:

«Գործը տրոհելու առումով լուրջ մտածելիքներ կան. չեմ ցանկանում պարզաբանել, բայց բոլոր շահագրգիռ անձանց համար ամեն ինչ պարզ է»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Արդեն գործից անջատված մասով ամբաստանյալներ Մարտիրոս Հակոբյանի և Արամ Հակոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը կարծիք հայտնեց, որ գործերի անջատումը արդարադատության շահերից չի բխում:

«Առաջին տարանջատումը արեցին, կարծում եմ, ինչ-որ տեխնիկական նպատակներով, հիմա էլ անում են դատավորին փոխելու նպատակով: Սա ոչ թե իրավունքից ու օրենքից եկող որոշում էր, այլ՝ նպատակահարմարություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը և նշեց, որ գործի վերաբերյալ նույն ապացույցները տարբեր դատարաններում պետք է հետազոտվեն, ինչն իմաստազուրկ է:

«Որոշումից իր առաջին տպավորությունն այն էր, որ իրենց համար կարևորություն ունեցող ամբաստանյալների մասը անջատվել է և կհանձնվի մեկ այլ դատավորի, իսկ մնացած մասով գործը կմնա Արտուշ Գաբրիելյանի վարույթում»,- ասաց Երվանդ Վարոսյանը՝ չբացառելով, որ նույն տրամաբանությամբ կարող են մաս անջատել նաև 14-ի վերաբերյալ գործից:

Հիշեցնենք, որ դատարանում այս պահին քննվում է «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ մեկ այլ գործ ևս, որով անցնում է 14 ամբաստանյալ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ