Շաբաթ, 22 սեպտեմբերի

Գրիգորը հաշվել է վնասի չափը, և չի բացառվում` ջրային պետական կոմիտեի դեմ դատարան դիմի



Գրիգոր Ներսիսյանն այս տարի 40 տոննա դեղձի կորուստ է ունեցել: Նրա հաշվարկներով` եթե կիլոգրամը նվազագույնը 150 դրամով էլ վաճառեր, կստանար 6 միլիոն դրամ եկամուտ: Մինչդեռ նախորդ տարի դեղձը վաճառել են 250-300 դրամով: Պատճառն այն է, որ Գրիգորի մոտ 5 հեկտար այգին, որից 1 հեկտարը՝ նորատունկ, վերջին անգամ ոռոգվել է հուլիս ամսին:

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի ոռոգման ջրի բացակայության և գյուղացիների կրած վնասներին արդեն անդրադարձել ենք: Ջրի սակավությունից ու չորությունից դեղձը ծառերի վրա թառամել է, ընկել ապրանքային տեսքից և թափվել ծառերի տակ: Ով հասցրել 40 դրամով հանձնել է վերամշակող գործարաններին և հունվար-փետրվար ամիսներին սպասում է հանձնած դեղձի գումարին, ով էլ ոչ՝ երազում է հորդառատ անձրևների մասին, որ գոնե ծառերը փրկվեն:

«Փոքր ծառերն արդեն չորացման եզրին են, մեծերը էլի շատ, թե քիչ դիմանում են չորությանը:  2,7 հեկտար տարածքից միայն 40 տոննա դեղձ եմ կորցրել: Եթե բախտներս բերի գոնե ծառերը չչորանան, վստահ չեմ, որ եկող տարի այս ծառերը բերք կտան»,- ասում է Գրիգոր Ներսիսյանը:

Նա մասնագետներ է հրավիրել, կազմել են ջրի բացակայության պատճառով այգուն հասցրած վնասի չափի վերաբերյալ արձանագրություն: Վերջնական վնասի չափը ճշտելուց հետո չի բացառվում, որ մասնագիտությամբ իրավաբան Գրիգորը՝ ընդդեմ Ջրային պետական կոմիտեի, դիմի դատարան:

Ասում է, երբ գյուղացիները ժամանակին չեն վճարում ոռոգման ջրի դիմաց ՋՕԸ-երը գյուղացիների դեմ դիմում են դատարաններ, հիմա դատարան դիմելու հերթը գյուղացիներինն է, քանի որ միլիոնների հասնող վնասներ են կրել:

Նա բանկերում ունի մոտ 4 միլիոն դրամի վարկ և արդեն ունի ժամկետանց պարտավորություններ: 14%-ով վերցրած վարկը մարելու համար պետք է այգու բերքը վաճառեր, սակայն չի վաճառել և հայտնվել է «սև ցուցակում»:


Գրիգոր Ներսիսյանի այգին մայր ջրանցքից մոտ 50 մետր է հեռու, սակայն այգի եկող առուներում ջրի նշույլ չկա: Մայր ջրանցքում քիչ քանակությամբ ջուր կար, որը ո´չ առուներին է հասնում, ո´չ էլ պոմպակայաններին: Չեն օգնել նույնիսկ գյուղացիների կողմից ջրանցքը ավազով լցված պարկերով փակելու և եղած ջուրը պոմպակայաններին հասցնելու փորձերը: Ջուրը չհոսելու պատճառով արդեն նեխել էր: Գյուղացիները դիմել են «Արմավիր» ՋՕԸ-ին, այնտեղից պատասխանել են, թե ջրամբարներում ջուր չկա, և իրենց ուժերից վեր է գյուղացուն ջուր հասցնելը:

«Առանց ամաչելու ինտենսիվ գյուղատնտեսությունից են խոսում, ամոթ չեք անում, եթերից ինչեր եք խոսում, ժողովրդի աչքին թոզ փչում: Ոռոգման կաթիլային համակարգից են խոսում, ախր գյուղացին պատրա՞ստ է կաթիլային համակարգին, կամ՝ կաթիլային  համակարգին անցնելու համար էլ ջուր է պետք, ամիսներով ջուր չեն տալիս: Ես եմ անհարմար զգում, որ երկրի վարչապետը հեռուստատեսությամբ ինտենսիվ գյուղատնտեսությունից է խոսում: Անտեղյակ մարդը կմտածի, թե գյուղացին թամբալ է, հող չի մշակում, սպասում է երկնքից մանանա թափվի, ղեկավարներն էլ գյուղացու մասին են մտածում»,- ասում է Գրիգոր Ներսիսյանը:


Նրա կարծիքով՝ երբ տարվա սկզբին արդեն պարզ էր, որ ամառվա ամիսները խիստ չորային են լինելու պատկան մարմինները պետք է մտածեին ջրի այլընտրանքային աղբյուրների մասին: Նա նույնպես մատնանշեց խորքային հորերը՝ ասելով, որ Լենուղիում կան խորքային հորեր, բայց «կոմունիստական տարիների կառուցածն է, չի աշխատում»: Դրանք պետք է նորոգեին, վերազինեին և գյուղացիներին ապահովեին ջրով: Եթե պետական մարմիններն իրենց գործը պատշաճ անեին, այսօր գյուղացին միլիոնների հասնող վնասների մասին չէր խոսի, բերքն էլ չէր թափվի ոտքերի տակ:


«15 տարվա այգի է: Այս տարի եկամուտ չստացա, չորացավ գնաց, բա ծառե՞րս, բա իմ 15 տարվա տանջա՞նքը, բա որ ամբողջությամբ ծառերը չորանան ու չվերականգնվեն, իմ տարիների ամբողջ աշխատանքը կլցվի ջուրը»,-ձայնը դողալով` ասում է Գրիգոր Նազարյանը և քայլում չորացող այգու կողքով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ