HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կարսի պայմանագրից մինչև Արցախի ու Հայաստանի միավորում. «զինված խմբի» գործով վկան պատմում է խմբին իր առնչությունը

Դատարան հրավիրված վկան` Իշխան Քիշմիրյանը, հենց նմանատիպ թեմաներով է առնչվել «զինված խմբի» գործով անցնող անձանցից ոմանց հետ:

Քիշմիրյանը դատարանին պատմեց, որ ցանկացել է ֆիլմ նկարահանել Արևմտյան Հայաստանում  «Ազգային դիվանգիտության պատմության» մասին, որի համար ֆինանսավորում է փնտրել: Վկայի գնահատմամբ`ֆիլմը  նկարահանելու համար 20 հազար եվրո է հարկավոր եղել:

Ըստ Քիշմիրյանի`դատարանում տված ցուցմունքի` ինքը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ամբաստանյալ Արա Պողոսյանի հետ: Վերջինս վկային ասել է, որ դեմ է Հայաստանում սահմանադրական փոփոխություններին և պայքարում է այդ փոփոխությունների վերաբերյալ 2015-ի դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանդրական հանրաքվեի դեմ: Արա Պապյանն, ըստ Քիշմիրյանի ցուցմունքի, այս հարցով է իրեն դիմել և  համագործակցության առաջարկ արել, ապա վկան պատմել է իր ֆիլմի գաղափարի մասին, և Պապյանն իրեն խոստացել է ծանոթացնել մարդկանց հետ, ովքեր կարող են ֆինանսավորել ֆիլմը:

Պողոսյանի միջոցով Քիշմիրյանը ծանոթացել է «զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի հետ, ով խոստացել է ֆինանսավորել Քիշմիրյանին, սակայն, ըստ վկայի, այդպես էլ Վարդանյանն իրեն որևէ գումար չի տվել:

Վկայի խոսքով՝ ինքը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել  և՛ Արթուր Վարդանյանի,  և՛ Արա Պողոսյանի հետ: Այդ հանդիպումների ժամանակ Արթուր Վարդանյանը ասել է, որ պետք է սահմանադրական հանրաքվեի օրը հանրաքվե անցկացնել Արցախը Հայաստանին միացնելու վերաբերյալ:

Մեղադրող դատախազի հարցին ՝ Արթուր Վարդանյանն իշխանություններից բողոքե՞լ է, վկան դրական պատասխան տվեց, իսկ նախաքննական իր ցուցմունքում էլ, որն ընթերցվեց դատարանում, Քիշմիրյանը գրել էր, թե Արթուր Վարդանյանը, գործով ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանն (Ապարը) ու այլ անձինք, որոնց ինքը ճանաչել է, հայհոյանքներ են հնչեցրել իշխանությունների հասցեին, որն իրեն դուր չի եկել:

Ըստ Քիշմիրյանի՝ Արթուր Վարդանյանը զրույցների ժամանակ  ասել է, թե Հայաստանին անհրաժեշտ է իշխանափոխություն, բայց զինված հեղաշրջում անելու մասին խոսք չի գնացել. խոսքը եղել է սփյուռքի ճնշման ներքո խաղաղ ճանապարհով իշխանափոխության մասին:

Վկայի խոսքով՝ Արթուր Վարդանյանն իրեն ասել է նաև, թե այլ երկրներում Հայաստանի դեսպանատները զբաղված են կոռուպցիայով, դա դիվանագիտություն չէ,  և որ օտարերկրյա պետություններում Հայաստանի դեսպանները չեն ծառայում Հայաստանի Հանրապետությանը:

Վարդանյանն, ըստ վկայի,  առաջարկել է ստեղծել երիտասարդ դիվանագետների ակումբ՝ նոր դիվանագիտական կադրեր պատրաստելու համար, որը չի ստեղծվել:

Արթուր Վարդանյանը ասել է նաև, որ Հայաստանը 37 երկրների հետ պետք է հակաահաբեկչական կոալիցիա կազմի.  սկզբում կոալիցիան պետք է պայքարի Սիրիայում, հետո՝ Թուրքիայի դեմ, բայց քանի որ ներկա իշխանությունները դրան չեն գնում, դրա համար էլ  պետք է իշխանափոխություն:

Քիշմիրյանը նախաքննական իր ցուցմունքում նշել է նաև, որ սփյուռքը 37 միլիարդ կտրամադրի՝ Հայաստանի արտաքին պարտքը մարելու համար:

Վկայի  խոսքով՝ ինքը Արթուր Վարդանյանի ասածներին առանձնապես լուրջ չի վերաբերել, սակայն դա ցույց չի տվել, քանի որ ակնկալել է, որ ֆիլմի համար ֆինասավորումը կտրամադրի, ինչը միակ բանն է եղել, որն իրեն հետաքրքրում էր:

Մինչդեռ  նախաքննական իր ցուցմունքում վկան գրել էր այն մասին, որ ամբաստանյալ Արա Պապյանի հետ խոսել են հեղափոխության մասին, Պապյանն իրեն ասել է, որ հեղափոխության առաջին փուլի մասին իրեն ոչինչ ասել չի կարող, քանի որ ինքն էլ չգիտի: Իսկ իշխանափոխությունից հետո, ըստ Քիշմիրյանի նախաքննական ցուցմունքի՝ Պապյանն իրեն՝ Քիշմիրյանին պատկերացրել է   Արտաքին քաղաքականության ոլորտում՝ որպես  նախարար կամ որևէ երկրում դեսպան: Այս  ցուցմունքի հրապարակումից հետո Քիշմիրյանը հայտարարեց, որ սա ևս իր համար անլուրջ խոսակցություն է եղել և որ իրեն իշխանափոխությունից հետո որևէ մեկը որևէ պաշտոն չի խոստացել:

Քիշմիրյանի ցուցմունքի համաձայն՝ Արա Պողոսյանն իրեն  առաջարկել է մասնակցել ազգային ճակատի ստեղծմանը, բայց «ճակատ» բառը վկայի արժեհամակարգին չի համապատասխանում  և նա չի համաձայնել: Դատարանում վկան հայտատարեց, որ ինքը «ճակատ» բառը վտանգավոր է համարել:

Անդրադառնալով  ֆիլմին՝  Քիշմիրյանը նշեց, որ այն վավերագրական էր լինելու, ընդգրկելու էր մինչև 1918 թվականը Հայաստանի վերաբերյալ կնքված մի շարք պայմանագրերի, որոնց թվում՝ Կարսի պայմանագրերին: Ֆիլմը նկարահանելու համար համապատասխան նկարահանող խումբը լինելու  Արցախում,  Հայաստանի պատմական վայրերում՝ Կիլիկիայում, Ջավախքում, Արևմտյան Հայաստանի մի շարք վայրերում:

Ամբաստանյալ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը վկային հարցրեց, թե ըստ ֆիլմի սցենարի՝ դրանում ոստիկանական համազգեստով, զենքով մարդիկ լինելու էին, թե՞ ոչ, և վկան ասաց, որ լինելու էին:

Քիշմիրյանը նշեց նաև, որ ծանոթ է նաև  Հայր Անտոնի հետ՝ Նկարիչների միության շենքում մեկ անգամ հանդիպել, բայց չեն զրուցել: Քիշմիրյանը հանդիպել, բայց չի զրուցել նաև Հանրային հեռուստընկերության լրագրող  Արման Հայրապետյանի հետ:

Նշենք, որ այս վկայի նախաքննական ցուցմունքը տևել է 4 ժամ, և դրանում ոչ միայն  վերը նշված հանգամանքներ էին, այլ նաև Քիշմիրյանի մոտեցումները Հայաստանի արտաքին քաղաքականության, պատմության վերաբերյալ:

Այսօր դատարանն ավարտեց վկաների հարցաքննությունը: Հաջորդ դատական նիստին կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter