HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծավանից նմուշառված ջրում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ. վարակվածների թիվը հասնում է 30-ի

Գայանե Սարգսյան

Մեծավանի բնակչուհի Լիլիթ Խանաղյանին հանդիպեցինք Լոռու մարզի Տաշիրի բժշկական կենտրոնում: Երիտասարդ մայրիկը մոտ մեկ շաբաթ է` ստացիոնար բուժում է ստանում կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Պատճառը գյուղում տարածված հիվանդությունն է. սեպտեմբերի 19-ին Մեծավանում գրանցվել է դիզենտերիայի առաջին դեպքը:

Դեպքը, սակայն, միակը չի եղել: Մեկ շաբաթվա ընթացքում հիվանդությանը բնորոշ ախտանշաններով նախ Մեծավանի առողջության առաջնային պահպանման կենտրոն, ապա Տաշիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 15 մարդ:

Տեղափոխվածներից ամենակրտսերը եղել է 1, ամենավագը՝ 74 տարեկան: Հիվանդացածների մեջ մեծ թիվ են կազմել հատկապես երեխաները: Եղել են դեպքեր, երբ գրեթե միաժամանակ հիվանդացել են նույն ընտանիքի մի քանի անդամներ:

Դեպքերի հետ կապված ահազանգ է  ստացվել նաև հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղում, որի աշխատակիցներն անմիջապես մեկնել են Մեծավան, կատարել համապատասխան նմուշառումներ: Կատարված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Մեծավանի ջրի ներքին ցանցից վերցված նմուշառման ջուրը չի համապատասխանում խմելու ջրի սանիտարական կանոններին ու նորմերին, հետևաբար` այն խմելու համար պիտանի չէ:

Մասնաճյուղի աշխատակիցները Մեծավանում կատարվել են տնայցեր, որոնց ընթացքում հայտնաբերվել է ևս 15 հիվանդ, ովքեր ամբուլատոր բուժում են ստացել գյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոնում:

«Այդ ջուրը պետք է չխմվեր: Ջրի մեջ հայտնաբերվել է շիգելա՝ դիզենտերիայի հարուցիչը»,- մեզ հետ զրույցի ընթացքում հաստատեց հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով վարակի պատճառը եղել է ջրի ներքին ցանցի կեղտոտվածությունը: Գյուղ մեկնած աշխատանքային խմբի կողմից տեղում կատարվել է ջրի ներքին ցանցի գերքլորացում՝ խողովակների մաքրման համար: Ա. Հովհաննիսյանի հավաստմամբ՝  մաքրման աշխատանքներից հետո կատարված կրկնակի հետազոտության արդյունքերով ջուրը մաքուր է եղել:

Ա. Հովհաննիսյանը նշում է, որ վարակի նոր դեպքերը բացառելու համար Մեծավանի համայնքապետին առաջարկվել է պարբերաբար ախտահանման ու քլորացման աշխատանքներ իրականացնել, ինչը մինչ հիվանդության բռնկումը չի կատարվել:  

Տաշիրի բժշկական կենտրոնի փոխտնօրենը վերջին տարիներին դեզինտերիայի բռնկման դեպք չի հիշում: Ասում է՝ վերջին 5-6 տարիներին նման բռնկում չեն ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter