HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ՏԱՍԻՍ-ն ու դատարանը փոխադարձաբար կանխել են դրամաշնորհի վատնումը

Համաշխարհային բանկն իր հերթին կասեցրել է Դատական ուսուցման կենտրոնին հատկացրած ֆինանսական օժանդակությունը, մինչեւ...

Դատարանների նախագահների խորհրդի (ԴՆԽ) նախագահ Հենրիկ Դանիելյանի գրության հիման վրա 2001թ. ապրիլին Տասիս-ը (Tacis) պաշտոնապես սառեցրեց Դատական ուսուցման կենտրոնին (ԴՈՒԿ) տրամադրված 1 մլն էքյուի դրամաշնորհային ծրագիրը: Դոնոր կազմակերպություններին անհասկանալի էր, թե ինչո՞ւ դատարանում չընդունեցին Տասիս-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատական համակարգի զորեղացում» ծրագիրը: Իբրեւ սառեցնելու պատճառ Տասիս-ը նշել է, որ ԴՆԽ-ն ծրագիրը համակարգողի հարցում համաձայնության չի եկել: Համաշխարհային բանկը դատաիրավական համակարգի բարեփոխումներին տրամադրած վարկային ծրագրում կարեւոր դեր էր հատկացրել կենտրոնի գործունեությանն ու ֆինանսավորմանը եւ նկատի ունենալով ծրագիրը սառեցնելու մասին Տասիս-ի հիշյալ ձեւակերպումը` 2000թ. դեկտեմբերի 14-ին ԴՆԽ-ի հետ ստորագրած վարկային համաձայնագրում գրել է` կենտրոնին միջոցներ չեն տրամադրի բարեփոխումների վարկից մինչեւ համապատասխան վիճակի բերելը:

«Դատարանի նախագահների խորհրդի ակնկալիքները բացարձակապես չէր համապատասխանում իրականությանը: Երբ նրանք ընդունեցին եւ ողջունեցին Տասիս ծրագիրը, կարծում էին դա գումար է, այնինչ խորհրդատվություն էր»,- ծրագիրը սառեցնելու պատճառն այսպես մեկնաբանեց Եվրամիության հանձնաժողովի ծրագրերի պատասխանատու Դավիթ Ավագյանը:

«Ես հասկացա, որ եթե նրանց հետ գործարքի մեջ մտնեի, համատեղ զեկուցագրեր կգրեինք, գումարը դուրս կգրեին` կկիսվեինք: Բայց, չեմ կարող խաբել իմ երկրին, թե 1 մլն էքյու բերեցին` դատական համակարգը հզորացրին»,- դոնոր կազմակերպության մեղադրանքին ի պատասխան հայտնեց Վճռաբեկ դատարանի եւ ԴՆԽ-ի նախագահ Հենրիկ Դանիելյանը, որը ծրագիրը ստորագրած կողմն էր, եւ այն սառեցնելու միակ պատճառ է համարում դոնոր կազմակերպության չներկայանալը:

ԴՆԽ-ի եւ Տասիս-ի միջեւ կնքված 1 մլն էքյուի դրամաշնորհային ծրագիրը ստորագրվել էր 1999թ. դեկտեմբերին եւ տեւելու էր 18 ամիս`մինչեւ 2001թ. օգոստոսի 15-ը: Դ. Ավագյանն ընդունեց, որ ծրագիրը բավականին ուշացումով է սկսվել, ասելով` երբ խմբի ղեկավարը ժամանեց Հայաստան, հայկական կողմը հայտնեց, որ նրա ունակությունները չեն համապատասխանում իրենց ընտրած ուղղությանը:

«Նա բարձր պաշտոնյա դատավոր էր, եվրոպական էքսպերտ: ԴՆԽ-ն որոշեց, որ Դատական Ուսուցման կենտրոնին ավելի նպատակահարմար է գործնական աշխատանքի փորձառություն ունեցող մասնագետ: Այդ պատճառով աշխատանքները բավականին հետաձգվեցին: Մի քանի անգամ մասնագետներ ժամանեցին Հայաստան եւ պարզվեց, որ հայկական կողմն ընդհանրապես չի ցանկանում ծրագիրն իրականացնել այն ձեւով, ինչպես հաստատվել էր: Մինչդեռ, ԴՈւԿ-ի ներկայացուցիչը մասնակցել եւ իր կարծիքն էր արտահայտել տենդերի ժամանակ: Այսինքն, նա մասնակցել էր ընտրությանը»,- հայտնեց Դավիթ Ավագյանը:

Լավատեղյակ անձանց պնդումների համաձայն, ԴՆԽ-ի նախագահ Հենրիկ Դանիելյանը բավականին ժամանակ հապաղում էր ստորագրել համաձայնագիրը եւ ստորագրեց միայն այն ժամանակ, երբ նրան «պարտադրեցին»: Պրն Դանիելյանը մեզ հետ ունեցած զրույցում հաստատեց, որ չէր ցանկանում ստորագրել համաձայնագիրը: «Ես չէի ստորագրում, պնդեցին, թե շատ կարեւոր ծրագիր է, ԱՊՀ մյուս երկրներում այս ձեւով է իրականացվել: Ի վերջո, ընդառաջելով Տասիս-ի ներկայացուցիչների`համաձայնագիրը ստորագրեցինք` պայմանով, որ հաստատելուց հետո ծրագրում փոփոխություններ կկատարվեն»:

«Տասիս-ի ծրագիրը մենք արդեն իրագործել էինք»

ԴՆԽ-ի նախագահը հայտնեց, որ Տասիս-ի ծրագիրն սկսվել էր մշակվել դեռեւս Գերագույն դատարանի գործունեության ժամանակ: Սակայն, երբ 99թ. դատական նոր համակարգի ձեւավորումից հետո դատավորների վերապատրաստման հարցը օրահաս խնդիր էր դարձել, քանի որ օրենսդրությունը լուրջ փոփոխությունների էր ենթարկվել` Դատարանների նախագահների խորհուրդն իր նախաձեռնությամբ ստեղծեց Դատական ուսուցման կենտրոնը:

Կենտրոնն իր գործունեությունն սկսել է 99թ. հունվարից: Գերմանական (GTZ) եւ ամերիկյան( USAID) կառավարությունների օժանդակությամբ դասընթացներ են կազմակերպել: Ընթացքում Տասիս-ը ներկայացրել է իր ծրագիրն այն ձեւով, որն արդեն իրենք իրականացրել էին` ստեղծել էին կենտրոնը, սեմինարներ էին կազմակերպվել, ուստի առաջարկել էին վերանայել ծրագիրը: «Թե չէ 1 մլն էքյու են տալիս իրենց խորհրդատուներին, նրանք ի՞նչ պետք է անեին, երբ մենք առաջին քայլերն արել ենք` կառույցը ստեղծել ենք»,- հայտնեց պրն Դանիելյանը:

Ինչեւէ, համաձայնագիրը ստորագրելուց հետո Բրյուսելում Տասիս-ը մրցույթ է կազմակերպել: Պարոն Դանիելյանի ասելով, 3-4 փորձառու կազմակերպության հայտեր են ներկայացրել իրենց, որոնցից երկուսը` հոլանդական: Ներկայացված ծրագրերից նախապատվությունը տվել են հոլանդական կազմակերպություններից մեկին: «Մեր ներկայացուցիչը` Դատավորների վերապատրաստման աշխատանքային խմբի նախագահ Արման Մկրտումյանը, որը մեկ ձայնի իրավունք ուներ` մրցույթի ժամանակ պնդում է, որ ամենահաջող ծրագիրը նրանցն է, գտնում ենք, որ նրանք պետք է իրականացնեն ծրագիրը: Բոլորովին անհիմն պատճառաբանությամբ մեզ մերժել են: Իրականում նրանք մրցույթում շահող էին համարել հոլանդական մի կազմակերպության` Լեյնդի համալսարանի միջազգային իրավական համագործակցության կենտրոնին, որն անպատասխանատու դուրս եկավ: Տասիս-ից մեկն այս կազմակերպությանը «պաս» էր տվել, որ կարող են գնալ Հայաստան, ենթադրելով, որ Զիմբաբվե են գնում, փող կաշխատեն: Չէին մտածում աշխատելու մասին ու չեկան: Երբ մարդը չի գալիս, չի աշխատում, ի՞նչ կարող ես անել»,- ավելացրեց պրն Դանիելյանը:

Եվրամիության հանձնաժողովի ծրագրերի պատասխանատուի ասելով, կապալառու կազմակերպության կողմից միայն սկզբում է ծրագիրը վատ իրագործվել: «Նրանք 4-5 անգամ ժամանեցին այստեղ եւ փորձեցին աշխատելու համար ընդհանուր եզրեր գտնել, կողմնորոշվել, թե ինչ են անելու հետագայում, սակայն այդպես էլ համաձայնության չեկան : Կապալառուի սխալն այն էր, որ աշխատանքային եզրեր չի գտել եւ շատ դանդաղկոտ է եղել: Հայկական կողմի սխալն այն էր, որ համագործակցող կողմին չէր բացատրել, թե ինչպիսի խորհրդատվություն են ակնկալում: Ասեր, որ իրենց խորհրդատվություն է անհրաժեշտ այս ոլորտում կամ դատարանին այդ ոլորտում խորհրդատվություն պետք չէ: Այնուամենայնիվ, գուցե այն պատճառով, որ ծրագիրն ուշ սկսվեց կամ գուցե այն պատճառով, որ հայկական կողմը չի ընկալել, թե ինչի մասին է բուն ծրագիրը, ի վերջո գնահատելով իրավիճակը որոշեցին, որ այդ ծրագիրն այն չէ, ինչ իրենց հարկավոր է եւ խնդրեցին սառեցնել»,- ծրագիրը սառեցնելու պատճառներն այսպես մեկնաբանեց Դավիթ Ավագյանը:

Այնուհետեւ իր տարակուսանքն արտահայտեց, թե հայկական կողմն ինչպե՞ս կարող էր չգիտակցել` ինչ ծրագիր է լինելու, երբ ստորագրել էր ծրագրի վավերացման հավաստագիրը: «Հավանություն ենք տալիս ծրագրի պայմաններին եւ պատրաստ ենք ընդունել նրանում շարադրված տեխնիկական օգնությունը: Ընդունում ենք, որ ծրագրի պայմաններում նշված ծառայությունը ապահովող փորձագետներն ընտրվելու են համաձայն Եվրոպական Հանձնաժողովի ընդունած ընթացակարգի, ինչպես նշված է Եվրամիության եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված Ընդհանուր Դրույթներում»:

ԴՆԽ-ի նախագահը պնդում է, որ ծրագիրը սառեցնելու պատճառը ոչ թե նրանց ուշանալն է եղել, այլ` չներկայանալը: Համաձայնագիրը կնքվել է 99թ. դեկտեմբերին, 2000թ. հունվարին պետք է սկսեին աշխատանքը, սակայն փետրվարին նոր երեւացին: Պրն Դանիելյանը հավաստեց, որ իրենք ժամանակին իրականացրել են համաձայնագրով ստանձնած պարտավորությունները` մարտ ամսին վճռաբեկ դատարանի շենքում երկու աշխատասենյակ են հատկացրել նրանց: «Բերել էին, մեր հասկացությամբ, մարզային դատարանի նախագահի տեղակալի, պրակտիկ դատավոր, որը պետք է ծրագրի համակարգողը լիներ: Ես ներկայացրի, թե ինչ ենք արել եւ ինչ պետք է անի կազմակերպությունը: Նա հենց իմ աշխատասենյակում ասաց, թե իր պատկերացմամբ զրոյից պետք է սկսեր աշխատանքը: Հիմա անելիք չունի եւ հրաժարվեց աշխատելուց: Խոստացան նոր համակարգող հրավիրել»:

Պրն Դանիելյանը պատմեց, որ ապրիլ ամսին ներկայացել է նոր ղեկավարը` ազգությամբ արաբ, որը ե'ւ իրավաբանությունից, ե'ւ դատական համակարգից «գաղափար չուներ», սակայն իրենք առանձնապես կարեւորություն չեն տվել դրան: Խոստման համաձայն, նոր համակարգողը պետք է վերադառնար 15 օրից եւ իր աշխատակազմով սկսեր աշխատանքը: Բայց չի վերադարձել: «Նրանք գալիս տեսնում էին, որ մենք ավելին գիտենք, քան իրենք պետք է սովորեցնեն»,- ավելացրեց պրն Դանիելյանը:

«Խորհրդատվությունը թանկ հաճույք է եւ Եվրոպայից բավականին լավ փորձագետներ են գալիս խորհրդատվություն ապահովելու նպատակով: Դատարանում չէին ընդունում Տասիս-ի հրավիրած խորհրդատուներին, մինչեւ մյուսին էին հրավիրում` ամիսներ էր անցնում»,-ուշացման պատճառներն այսպես բացատրեց Եվրամիության հանձնաժողովի ծրագրերի պատասխանատուն:

ԴՆԽ-ի նախագահը հայտնեց, թե հարկադրված էր օգոստոսին նամակով Տասիս-ին ծանուցել, որ միջնորդ կազմակերպությունը մինչ օրս չի եկել, չի աշխատում եւ խնդրել է նոր մրցույթ նշանակել: Ծրագրի ձախողման մասին նամակով տեղեկացրել է նաեւ Հայաստանում Եվրամիության անդամ երկրների դեսպաններին: «Արդեն պատճառաբանություններ եմ լսում` Բրյուսելից ինձ ասում են, որ նա ուզում է աշխատանքային թիմ ստեղծել` դուք առարկում եք անձերի հարցում: Ինձ համար նշանակություն չունի, թե նրա թիմում ով կլինի, ես այդպիսի պահանջ չեմ դրել»:

Տեղեկացրեց, որ վերջին անգամ ծրագրի ղեկավարը Դատարանի նախագահների խորհրդին է ներկայացել նոյեմբերի կեսերին: Ինքը նրան չի ընդունել, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանն է ընդունել եւ ասել է, որ նրանց վարքագիծն անընդունելի է, աշխատանք չեն կատարում: 15 օր ժամանակ է տվել` կգաք-կաշխատեք`լավ, չէ` ...: «Նա հասկացել էր, որ երեւի իր մտադրությունն այստեղ չէր կարող իրականացնել: Ենթադրում էի, որ արդեն իսկ մեր կատարած աշխատանքը պետք է իրենցը ցույց տային եւ գումարը յուրացնեին: Ես հասկացա, որ եթե նրանց հետ գործարքի մեջ մտնեի, համատեղ զեկուցագրեր կգրեինք, գումարը դուրս կգրեին` կկիսվեինք: Չեմ կարող խաբել իմ երկրին, որ 1 մլն էքյու բերեցին` դատական համակարգը հզորացրին»:

Ամեն դեպքում, մեկ տարուց ավելի ծրագիրն ընթացքում է համարվել եւ իրազեկ անձանց պնդումների համաձայն, հսկայական գումարներ են մսխվել: Նոյեմբեր ամսին Տասիս-ը աուդիտ է կատարել ԴՆԽ-ում`` ակտի մեջ գրելով, որ ԴՆԽ-ն կոորդինատորի հարցում համաձայնության չի եկել: Վճռաբեկ դատարանի նախագահը հայտնեց, որ այս ձեւակերպումը տարակուսանք է առաջացրել, սակայն, Տասիս-ի պատասխանատուներն էլ չեն թաքցրել իրենց զարմանքը ասելով` առաջին դեպքն է, որ գումարից հրաժարվում են: «Ես նրանց պատասխանեցի, չգիտեմ ինչ գումար եք գրել ծախսերի մեջ, բայց չէի կարող թույլ տալ ինչ-որ «գործ անողներ» գումարներ աշխատեն մեր հաշվին»: Մեր այն հարցին, թե ինչքա՞ն գումար է ծախսվել եւ ի՞նչ աշխատանքներ են տարվել այդ ընթացքում, Դ. Ավագյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե ինչքան գումար է ծախսվել, դա վերահսկվում է եվրոպական հանձնաժողովի կողմից, որը վճարում է»:

Այդուհանդերձ, գնահատելով դատարանի պատասխանատուների` ծրագիրը սառեցնելու նախաձեռնությունը, Դավիթ Ավագյանն ավելացրեց. «Եթե նրանք ուշացնեին, ապա գումարներն անարդյունք կծախսվեին: Հիմա մենք քննարկում ենք այդ գումարները Հայաստանում, այլ ծրագրի շրջանակում օգտագործելու համար»: Ավելացրեց, որ Տասիս-ը Հայաստանում գործում է 1991թ. եւ մինչեւ օրս 200-ից ավելի ծրագիր է իրականացրել` հիմնականում խորհրդատվական ոլորտում եւ որքան հիշում է, առաջին ծրագիրն է, որ սառեցվել է:

Ի դեպ, ծրագիրը խորհրդատվական էր կոչվում, բայց նրանով նաեւ տեխնիկական աջակցություն էր նախատեսվում կենտրոնին` 150 հազար դոլարին համարժեք սարքավորումներ` համակարգիչներ, տպիչներ, պատճենահանման, կարման սարքեր եւ այլն: Գումարի 10%-ը հատկացվելու էր օրենքների մեկնաբանմանն ու տարածմանը դատական համակարգում, Դատավորներին եւ հասարակությանը Հայաստանի օրենսդրության զարգացման եւ փոփոխությունների մասին կանոնավոր տեղեկացմանը, ուսուցանողների ուսուցմանը եվրոպական երկրներում եւ այլն:

ՀԲ-ն կենտրոնին ֆինանսավորումը կսկսի այն ժամանակ, երբ...

Դատարանի նախագահների խորհուրդը ժամանակին լրջորեն չի վերաբերվել Տասիս-ի կողմից արձանագրված`»ԴՆԽ-ն կոորդինատորի հարցում համաձայնության չի եկել» ձեւակերպմանը, սակայն, դոնոր կազմակերպությունները դրանից որոշակի հետեւություններ են արել: Մասնավորապես, Համաշխարհային բանկը, որ դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցում մեծ դեր է վերապահում ԴՈւԿ-ի գործունեությանը` վարկային ծրագրից կենտրոնին հատկացումները նախատեսում էր սկսել այնտեղից, որտեղ կավարտեր Տասիս-ը: Այսինքն, նրանք 18 ամսում պետք է ստեղծեին այն բազան, որին հիմնվելու էր Համաշխարհային բանկի դատաիրավական վարկային ծրագիրը:

Թեպետ ԴՆԽ-ի նախագահը հավատացնում է, որ իրենք արդեն ստեղծել են ուսումնական կենտրոնը, սակայն 2001թ. մայիսի 9-13-ը ՀԲ-ի եւ ԴՆԽ-ի ղեկավարության համատեղ քննարկումների արդյունքում ստորագրված Հուշագրի բովանդակությունից պարզ է դառնում, որ կենտրոնը ներկայիս վիճակով, չի բավարարում ընդունված չափանիշներին: «Դրությունն առանձնապես դժվարանում է նրանով, որ Տասիս-ի դրամաշնորհը վերջերս չեղյալ է արվել` Տասիս-ի փորձագետների հետ հայաստանյան գործընկերների անբավարար համագործակցության եւ դրամաշնորհի իրականացման հիմնական կազմակերպական հարցերում համաձայնության պակասի պատճառով:Հետեւաբար, Դատավորների վերապատրաստման կենտրոնը զրկվել է մոտ ապագայում ֆինանսական զգալի օժանդակություն ստանալու հնարավորությունից...»

Մինչեւ դատաիրավական համակարգի բարեփոխումների վարկը հաստատելը` ՀԲ-ն ուսումնասիրություն է անցկացրել, թե ինչպիսին պետք է լինի կենտրոնը, ի՞նչ դեր է նրան վերապահված, որը կկողմնորոշեր` վարկային ծրագրում կենտրոնին հատկացումներ կատարելու հարցում: ՀԲ-ն գտնում է, որ կենտրոնի գործունեության շրջանակը շատ ավելի լայն է, քան դատավորների վերապատրաստումն է: Այնտեղ պետք է ուսուցանվեն`դատարանում եւ դրսում դատավորների էթիկայի եւ վարքի հասկացությունները, դատական նիստերը վարելու գիտելիքներն ու հմտությունները, դատական նիստի ղեկավարման փորձը, դատարանների կազմակերպման եւ ղեկավարման գիտելիքներ եւ հմտություններ, ֆինանսների եւ կադրերի ղեկավարում, ներառյալ` համակարգչային հիմնական հմտությունների ուսուցանում եւ այլն:

Որքանով մեզ հաջողվեց պարզել` Համաշխարհային բանկի վարկային ծրագիրը հաստատվեց առանց այդ բաղադրիչի հստակեցման, քանի որ ՀԲ-ն ի սկզբանե խիստ է մոտեցել հարցին` 2000թ. դեկտեմբերի 14-ին ԴՆԽ-ի հետ ստորագրված վարկային համաձայնագրում ամրագրվել է. «Կենտրոնին միջոցներ չեն տրամադրի բարեփոխումների վարկից` մինչեւ համապատասխան վիճակի բերելը, ինչը որ նախատեսված էր մյուս ծրագրերով»` չցանկանալով Տասիս-ի դրամաշնորհով նախատեսված, բայց չիրականացված ծրագիրն իրենց վրա վերցնել: Նշել են նաեւ, որ Կենտրոնի ֆինանսավորումը վարկային ծրագրից կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ վերը հիշատակված բացթողումները, մասնավորապես դատավորների վերապատրաստման կենտրոնի ղեկավարման ու կազմակերպման կառուցվածքի հարցերը լուծվեն:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter