Հինգշաբթի, 19 հոկտեմբերի

Լարված իրավիճակ՝ Ջավախքում. ոստիկանները թույլ չեն տալիս տեղացիներին տեղադրել խաչքարը



Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղի բնակիչներն այսօր ցանկացել են խաչքար տեղադրել Գումբուրդո գյուղի եկեղեցու բակում թաղված հին շիրիմների հիշատակին: Սակայն ոստիկանությունը ժամանել է գյուղ և արգելել խաչքարի տեղադրումը՝ շրջափակելով եկեղեցու տարածքը:

«Հետք»-ի հետ զրույցում Գումբուրդոյի բնակիչներից մեկը (խնդրեց չնշել իր անունը) պատմեց, որ գյուղացիները շարունակում են պնդել, որ խաչքարը պետք է տեղադրեն: Իսկ ոստիկանությունը շարունակում է ուժեր կուտակել և ամրացնել շրջափակումը: Հնչել են կրակոցներ և հատուկ ջոկատայիններ ժամանել, կան ձերբակալվածներ:  

Գումբուրդոյում է գտնվում Սբ. Համբարձման եկեղեցին, որտեղ Վրաստանի կառավարությունը` ի դեմս Մշակութային ժառանգության պահպանման գործակալության, սկսել է վերականգնման աշխատանքներ իրականացնել: Ընթացքում ոսկորներ են ի հայտ եկել, որոնք այնուհետև կրկին թաղվել են: Եվ գումբուրդոցիները որոշել են դրանց հիշատակն «ամրացնող» խաչքար տեղադրել:

Այս եկեղեցու շուրջ վեճեր նախկինում էլ են ծագել: Վրացական կողմը պնդում է, որ այն վրացական եկեղեցի է և պետք է հանձնվի Վրաց ուղղափառ եկեղեցուն:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր ջավախքյան աշխատության մեջ անդրադարձել է ճարտարապետական բարձրարժեք այս եկեղեցուն՝ նշելով, որ այն ի սկզբանե հունածես եկեղեցիներից մեկն էր եղել՝ հիմնադրված Հովհաննես եպիսկոպոսի կողմից և օծված Սբ. Համբարձման անվամբ:

Ըստ հուշարձանագետի՝ տաճարի կառուցման աշխատանքները շարունակվել են մինչև 11-րդ դարի առաջին քառորդը: «Եկեղեցու տարածքում պահպանված բեկորված խաչքարերը, որոնք փաստում են միջնադարում տեղում հայոց գերեզմանոցի գոյությունը, վերաբերում են առնվազն 15-րդ դարին և անուղղակիորեն վկայում են, որ Սբ. Համբարձման եկեղեցին արդեն այդ ժամանակաշրջանում օծված է եղել որպես հայ-առաքելական և գործել ըստ այդմ»,- գրում է Սամվել Կարապետյանը իր «Ջավախք» գրքում:

Հուշարձանագետի փաստարկներով, 1830-ական թվականներին հինավուրց գյուղատեղիում հաստատված Կարնո նահանգի հայ գաղթականները փառավոր տաճարը գտել են լքված ու կիսավեր: Նրանք այդ եկեղեցու արևմտյան խաչաթևի հատվածը, որից կանգուն էին մնացել միայն պատերը, փայտածածկով նորոգելուց հետո հոգևոր իշխանության թույլտվությամբ օծել են Սբ. Համբարձման անունով և դարձրել ծխական եկեղեցի, բայց արդեն 1860-ականներին վրաց հոգևորականությունը վեճ է հարուցել եկեղեցին հայերի կողմից յուրացնելու կապակցությամբ:

Այնուհետև ավերակ և ամայի է մնացել մինչև խորհրդային կարգերի հաստատումը: Իսկ վերջին օծմամբ եկեղեցու արևմտյան խաչաթևը մնում է որպես հայոց ծխական եկեղեցի: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. yervant16:43 - 30 սեպտեմբերի, 2017
Չէի կրնար հաւատալ որ քրիստոնեայ վրացիները մեզ այսքան կը սիրեն -
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ