Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Հետքի» լրագրողը՝ «Թվապատում-2017»-ի մրցանակակիր



«Հետքի» լրագրող Հրանտ Գալստյանը հաղթող է ճանաչվել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ամենամյա «Թվապատում» մրցույթի «Դիտակ» անվանակարգում։

Նրա «Ապրիլի զոհերը» հոդվածը ժյուրիի կողմից ճանաչվել է որպես տարվա լավագույն հետաքննական նյութ։

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 29-ի երեկոյան Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ Հրանտ Գալստյանը, խոսելով իր հետաքննական հոդվածի մասին, նշեց, որ նպատակն է եղել քննել հիպոթեզը, թե ապրիլյան զոհերի մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են։

Լրագրողը կարեւորեց փակ թեմաները, ինչպիսին բանակն է, հնարավորինս ուսումնասիրելն ու հանրային դատին ներկայացնելը։

«Թվապատում-2017»-ին են ներկայացվել ավելի քան 130 աշխատանքներ 36 լրատվամիջոցից։

«Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթի «գործող անձ» անվանակարգի լավագույն մրցանակը շնորհվեց Հասմիկ Խաչատրյանին՝ Daphne.am նախագծի «Բռնությունից ազատ բիզնես լեդի» պատմության հերոսին: Հոդվածի հեղինակը Լիլիթ Առաքելյանն է։

Ampop.am բացատրական լրագրության նախագծի թիմը՝ Սուրեն Դեհերյանի գլխավորությամբ, արժանացավ «Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում» մրցանակին։

«Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում» անվանակարգում ժյուրին հիմնական հաղթողին այդպես էլ չի որոշել։ Փոխարենը մրցանակներ շնորհվեցին Սուսան Բադալյանին՝ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Պետության պոզիտիվ պարտավորությունը. միայնակ տարեցների խնամք» պատմության, եւ Անուշ Մուրադյանին՝ «Ազատություն» ռադիոկայանում հրապարակված «Հաշմանդամության կարգ ունեցողների թիվը կրճատվում է, քաղաքացիները բողոքում են» պատմության համար:

Լավագույն  թվային պատմության համար հատուկ մրցանակ շնորհվեց Ժաննա Պողոսյանին (Civilnet.am)՝ «Թլիկ. ամենօրյա պայքար ջրի համար» տեսանյութի համար։

«Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի արտադրած «Ճանապարհ» ֆիլմի հեղինակ Անժելա Ֆրանգյանը ստացավ հատուկ մրցանակ՝ մասնագիտական բարձր որակի եւ հերոսների հետ յուրահատուկ աշխատանքի համար:

«Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդաշարի «Հանուն հավասարության» թողարկման հեղինակներ Սոնա Աբրահամյանը եւ Աելիտա Չիլինգարյանը հատուկ մրցանակի արժանացան սոցիալական կարեւոր թեմայի բազմակողմանի լուսաբանման համար:

Mediamax.am-ի լրագրող Լուսինե Ղարիբյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի երիտասարդ ուսուցիչների մասին պատմությունների համար ստացավ խրախուսական մրցանակ։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը պատվոգրեր հանձնեց երեք աշխատանքների հեղինակների՝ Թեհմինե Ենոքյանին` «Փուչիկ արդարադատություն» ֆիլմի, «Հետքի» լրագրողներ Զարուհի Մեջլումյանին եւ Գրիշա Բալասանյանին՝ «Բանտային սնունդը» հոդվածաշարի, Ռուզաննա Գիշյանին եւ Արուս Հակոբյանին՝ «Գյուղամեջ արևին ամենամոտ գյուղը Բասեն»  ֆիլմի համար:  

«Թվապատում» մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուսի հետ համատեղ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ