HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գեղամասարցի ամուսինները ահազանգում են` իրենց տունը գյուղապետի «նշանառության» տակ է

Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում բնակվող ամուսիններ Մարտիկ Գուլինյանն ու Սուսաննա Մանուկյանը կանգնած են իրենց տունը կորցնելու վտանգի առաջ: 1993 թվականին նույն գյուղի բնակչուհի Մարիա Պետրոսյանից ներքին առքուվաճառքի պայմանագրով` առանց նոտարական վավերացման գնել են բնակելի տուն հողամասով: Նրանք այս տարիների ընթացքում մի քանի անգամ փորձել են տունը սեփականաշնորհել, սակայն բոլոր ջանքերը ապարդյուն են անցել.

«Գյուղապետը ասեց, որ էս փախստականների գյուղ ա, ու հենց մնացած գյուղացիների վկայականները տան, ձերն էլ հետը կգրանցենք: 2010 թվականից սկսած վկայականները տրվել են, բայց մերը անընդհատ ձգձվում էր, որովհետև գյուղապետը գումար էր ուզում»,- ասում է Մարտիկ Գուլինյանը:

«Մենք որ եկանք, Մարիա Պետրոսյանը քաղաքացիություն չուներ, Ադրբեջանում էր գրանցված: Նոտարում ասեցին, քանի ինքը քաղաքացի չի, մենք գործարք չենք կատարում, բայց դե մենք էլ ներքին առքուվաճառք ունենք: Տունը մեզ ծախելուց հետո Մարիա Պետրոսյանը գնացել է գյուղից, հետո իմացել ենք, որ նույն թվին մահացել ա»,- ավելացնում է Սուսաննա Մանուկյանը:

2013 թվականի հունվարին մահանում է Մարիա Պետրոսյանի որդին՝ Համլետ Պետրոսյանը, ով ըստ ամուսինների՝ իրենց երբևիցե ոչ մի պահանջ չի ներկայացրել, նույնիսկ շնորհակալություն է հայտնել «ավերակ» տունը գնելու համար: Հոր մահից մի քանի օր հետո հայտնվում է նրա որդին՝ Լևոն Պետրոսյանը, և ասում, որ տատի հետ համասեփականատեր է եղել և չի տվել իր համաձայնությունը տունը վաճառելու համար: Սակայն ընտանիքի անդամների գրանցամատյանի քաղվածքում նշված է, որ Պետրոսյանների ընտանիքի միակ անդամը Մարիա Պետրոսյանն է և միայն նա է գրանցված ծխամատյանում: Սակայն հետո հայտնվել է ընտանիքի անդամների գրանցամատյանի մեկ այլ քաղվածք, որտեղ Մարիա Պետրոսյանի անունը ջնջված է և կողքին ավելացված է Լևոն Պետրոսյանի անունը:

Սակայն Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վարդենիսի անձնագրային խմբի ուղարկած գրությունը փաստում է, որ Լևոն Պետրոսյանը Գեղամասար համայնքում չի հաշվառվել, այլ հաշվառված է եղել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

2013 թվականի ապրիլի 10-ին Լևոն Պետրոսյանը դիմել է անշարժ գույքի կադաստրի Վարդենիսի ստորաբաժանում՝ պահանջելով տրամադրել վիճարկվող հարցերի վերաբերյալ տեղեկանք՝ դիմումին կից ներկայացնելով գյուղապետ Գարեգին Բեգյանի տված տեղեկանքները, ինչպես նաև չափագրող Մկրտիչ Մկրտչյանի կողմից կազմված հատակագիծը: Մարտիկ Գուլինյանը պատմում է, որ Մկրտչյանը օգտվել է իրենց՝ տանը չլինելու հանգամանքից, գաղտնի մուտք է գործել տարածք, կատարել է չափագրումներ՝ ներառելով նաև նոր  կառույցները՝ իբրև թե դրանք վաղուց են եղել:

Նույն թվականի ապրիլի 15-ին գյուղապետի կողմից տեղեկանք է տրվել, որ Մարիա Պետրոսյանի մահից հետո Լևոն Պետրոսյանն է համարվում տան միակ տնօրինողը և հարկ վճարողը: Սակայն ամուսինները պնդում են, որ տան հետ կապված բոլոր հարկային պարտավորությունները այս տարիների ընթացքում իրենք են կատարել:

Մարտիկ Գուլինյանը մեզ ցույց տվեց նաև 2013 թվականի մարտի 29-ին գյուղապետ Գարեգին Բեգյանի կողմից տված տեղեկանքը հանգուցյալ Մարիա Պետրոսյանի անունով. «Էդ տեղեկանքը տեսնելուց հետո մեր փաստաբանը էնքան խնդաց, ուշքը գնաց»,- ծիծաղելով պատմում է Սուսաննա Մանուկյանը՝ հավելելով, որ դա Բեգյանի թույլ տված հերթական կեղծիքներից մեկն է:

Ձեռքի տակ ունենալով գյուղապետարանի տարամադրած փաստաթղթերը, որոնք ամուսինները կեղծ են համարում, ինչպես նաև չափագրող Մկրտիչ Մկրտչյանի կազմած հատակագիծը՝ Լևոն Պետրոսյանը դիմել է նոտարական գրասենյակ և 2013 թվականի ապրիլի 17-ին ստացել է ժառանգության իրավունքի վկայագիր, որի հիման վրա էլ Կադաստրում կատարել է սեփականության գրանցում:

Ստանալով իրեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` Լևոն Պետրոսյանը 2013 թվականի հուլիսի 1-ին բնակելի տնից վտարելու պահաջով հայց է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Մարտիկ Գուլինյանն ու Սուսաննա Մանուկյանը հակընդդեմ հայց են ներկայացրել ժառանգությունը անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Դատական նիստը նախագահել է դատավոր Վանիկ Վարդանյանը:  Հիշեցնենք, որ վերջինիս այս տարվա հունիս ամսին մեղադրանք էր  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով (դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) :

Դատարանը վճռել էր Լևոն Պետրոսյանի ներկայացած հայցը բավարարել, իսկ ամուսինների հակընդդեմ հայցը՝ մերժել: Մարտիկ Գուլինյանն ու Սուսաննա Մանուկյանը վճիռը բողոքարկել էին Վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Նիստը նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյանը ուժի մեջ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած  վճիռը և մերժել էր ամուսինների բողոքը, ինչից հետո նրանք այս որոշումը բողոքարկել էին Վճռաբեկ դատարանում, որտեղից բողոքը վերադարձրել էին:

2015 թվականի հուլիսի 16-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը որոշել է կատարողական վարույթ հարուցել՝ Մարտիկ Գուլինյանին և Սուսաննա Մանուկյանին  վտարել Լևոն Պետրոսյանին պատկանող Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի Կենտրոնական խճուղու թիվ 13 հասցեում գտնվող բնակելի տնից: Ամուսինների ներկայացրած բողոքի համաձայն՝ վճիռը այս պահին կասեցված է:

2016 թվականի հուլիսի 15-ին Մարտիկ Գուլինյանն ու Սուսաննա Մանուկյանը հայց են ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Գեղամասար համայնքի ղեկավար Գարեգին Բեկյանի և ՀՀ Վարդենիսի նոտարական տարածքի նոտար Տիգրան Սարգսյանի՝ պահանջելով Լևոն Համլետի Պետրոսյանի տվյալների գրանցումը և 17.04.2013թ. թիվ 18 որոշումը, ինչպես նաև նոտարի կողմից 17.04.2013թ. տրված թիվ 463 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը առ ոչինչ ճանաչել և որպես հետևանք կադաստրում 22.04.2013թ. կատարված իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչել: Ամուսինների ներկայացրած հայցը մերժվել է, ինչից հետո նրանք վճիռը բողոքարկել են Վարչական վերաքննիչ դատարանում: Առաջին նիստը նշանակված է 2018 թվականի նոյեմբերի 28-ին:

Ամուսինները պնդում են, որ դատարանը հաշվի չի առել իրենց ներկայացրած փաստարկները: Մասնավորապես, գյուղապետարանի կողմից՝ 2002 թվականին տրված տեղեկանքն այն մասին, որ Մարտիկ Գուլինյանը իր ընտանիքի հետ ապրում է Գեղամասար գյուղում և ունի սեփական բնակարան: Այս տեղեկանքը ստանալու համար ամուսիններն իրենց ներքին առքուվաճառքի պայմանագիրը հանձնել են Բեգյանին և մինչև օրս չեն կարողանում հետ ստանալ:

Ամուսինները այս ամբողջ պատմության գլխավոր մեղավոր են համարում համայնքի ղեկավար Գարեգին Բեգյանին, ով ներկա է եղել բոլոր դատական նիստերին: Նրանք պնդում են, թե Բեգյանը Լևոն Պետրոսյանին օգտագործում է որպես միջոց՝ իրենց գույքին տիրանալու համար:

«Էս տունը Լևոնին պետք չի: Գյուղապետը դրան բերել ա, սարքել ա սեփականատեր, որ հետ մի երկու կոպեկ տա ու հողը դարձնի իրենը: Մեր տան դիմաց ինքը վուլկանիզացիա ունի, ուզում ա մեր հողի մեջ էլ ավտոլվացման կետ բացի: Հանդիպելուց մի քանի անգամ մեզ արդեն ասել ա՝ ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք արեք, սաղի բերանը փակելու եմ»,- պատմում է Մարտիկ Գուլինյանը՝ ավելացնելով, որ իր համար ամենացավալին այն է, որ «մարդ իրա հալալ քրտինքը էսօրվա դրությամբ չի կարում հանգիստ վայելի»: Հարկ է նշել, Գեղամասար համայնքի միջով է անցնում Մ-14 միջպետական ճանապարհը, իսկ վիճարկելի տունը գտնվում է հենց ճամփեզրին:

Ուշագրավն այն է, որ Լևոն Պետրոսյանին ամուսինները ընդամենը մեկ անգամ են տեսել՝ 2013 թվականի փետրվարին, այն օրը, երբ նա եկել է և նրանց իր պահանջներն է ներկայացրել տան նկատմամբ: Նա ապրում է Ղազախստանի Հանրապետությունում: Նրա փոխարեն դատական բոլոր նիստերին եղել է իր ներկայացուցիչը: Սուսաննա Մանուկյանը նշում է, որ շատ հնարավոր է՝ հիմա տեսնի և չճանաչի նրան: Ըստ ամուսինների՝ սա ևս մեկ անգամ փաստում է, որ Լևոն Պետրոսյանը ոչ մի հետաքրքրություն չունի այդ տան նկատմամբ, և գույքին տիրանալը 2000-2005 և 2008 թվականից մինչև օրս համայնքը ղեկավարող Գարեգին Բեգյանի շահադիտական ցանկությունն է:

Համայնքապետը մեզ հետ զրույցի ընթացքում հերքեց ամուսինների հայտնած տեղեկությունը. «Էնքան հող ունեմ, իմ ինչին ա պետք նրանց հողը: Կամ ավտոլվացման կետ. գյուղում 4 հատ կա, էլ ի՞նչ ենք անում: Վուլկանիզացիա ունեմ, տրակտոր ունեմ, դեմ-դիմացը հողեր ունեմ, գյուղի վերևը հողեր ունեմ: Իմ ինչին ա պետք էդ նավսոտ հողը, խի ես էդքան տխմա՞ր եմ»:

Գարեգին Բեգյանը նշեց նաև, որ Մարտիկ Գուլինյանն ու Սուսաննա Մանուկյանը Մարիա Պետրոսյանի մահվանից 3-4 տարի հետո են եկել, նրա հետ ոչ մի գործարք չեն ունեցել. «Մարիա Պետրոսյանի մահից հետո էդ տանը մի հատ զինվորական էր ապրում: Անունը Ժորա էր, ինչ էր: Թե էդ մարդուց հետո տան բանալին ոնց ա հայտնվել իրանց ձեռքում, էդ չգիտեմ: Իրանք էդ կնոջ մահվանից 3-4 տարի հետո են եկել»: Սակայն Բեգյանի արտահայտած այդ միտքը հերքում է գեղամասարցիների հավաստիացումները, որը նույնպես դատարանում հաշվի չի առնվել:

Մեր այն դիտարկմանը, թե ինչպես կարող է Գեղամասար համայնքում երբեք չհաշվառված անձը հայտնվել ընտանիքի գրանցամատյանի քաղվածքում, համայնքապետը չկարողացավ պատասխան տալ:

«Օր օրի անհանգստացած սպասում ենք, որ հանկարծ մեզ ի վերջո տանից դուրս չհանեն»,- պատմում են հաշմանդամության կարգ ունեցող Մարտիկ Գուլինյանն ու Սուսաննա Մանուկյանը՝ ցույց տալով իրենց տան գործին վերաբերվող փաստաթղթերի կույտը:

Մեկնաբանություններ (1)

Արմեն
Մեր երկրում կան համայնքի ղեկավարներ, որոնք ուղակի պատուհաս են մեզ համար: Տվյալ դեպքում քրեական հանցագործություն կատարած անձի հետ գործ ունենք, որը կեղծել է փաստաթղթեր և տվել կեղծ տեղեկատվություն:Տիրապետման մասին տեղեկանք տրվել է մի մարդու, որը նույնիսկ չի բնակվել նշված տանը: Ամուսիններին առաջարկում եմ փոխել փաստաբանին, քանի որ ակնհայտ փաստական հանգամանքներ կան գործում որոնք ուղակի լավ չեն ներկայացվել դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter