Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ինքնաշեն սառնարանները Քաղցրաշենում խաղողի գին են «թելադրում»


Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղը հայտնի է խաղողի մշակությամբ: Տարիների ընթացքում գյուղացիներն այնքան են հմտացել խաղողագործության մեջ, որ սկսել են միրգը երկար պահելու տարբերակներ մշակել և կառուցել են ինքնաշեն սառնարաններ: Գյուղում ամեն 3-րդ տունն իր բակում սառնարան ունի: Սառնարանների միջին տարողությունը 10 տոննա է:

Սառնարան կոչվածը երկաթե արկղիկ չէ, ինչպիսին յուրաքանչյուրս ունենք մեր տանը: Այն քարե շինություն է: Ջերմամեկուսացրել են, տեղադրել սառեցնող հարմարանքներ, ջերմակարգավորիչ և շարժիչներ: Սառնարանը պատրաստ է: Միջին հաշվարկներով` նման սառնարան ունենալու համար անհրաժեշտ է 600-800 հազար դրամ:

Համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արտակ Եղիազարյանը պատմեց, որ գյուղում գրեթե բոլոր խաղողագործները սառնարաններ ունեն: Ինքը ևս 1996 թվականին տան բակում ինքնաշեն սառնարան է կառուցել և մինչ օրս աշխատացնում է: Այնտեղ խաղող է պահում, սակայն սալորի և դեղձի համար պատրաստվում է այլ սառնարան կառուցել:

Խաղողի սառնարաններում հնարավոր չէ այլ միրգ պահել: Պատճառն այն է, որ խաղողը պահեստավորելուց հետո ներսում ծծումբի փոշի են այրում: Արտակի ասելով՝ եթե ցանկանում են խաղողը երկար պահել, ծծումի գազերով խաղողը մշակելը պարտադիր է, հակառակ դեպքում շատ շուտ նեխման պրոցես կզարգանա: Իսկ սալորին և մեծ կորիզավոր այլ մրգերի դեպքում ծծումբ չեն տալիս:

Արտակի սառնարանը համեմատաբար մեծ է՝ 20 տոննա: Արդեն սկսել է խաղողի պահեստավորումը: Այգում կամ տան բակում լավ որակի խաղողն առանձնացնում են, հեռացնում վնասված հատիկները և դասավորելով արկղերի մեջ` տեղափոխում են սառնարան:

Եթե ջերմաստիճանը ճիշտ ընտրվի, խաղողը կարող են պահել մինչև հաջորդ տարվա մայիս ամիս: Արտակը երկար պահելու փորձ ունի: Ասում է` այդ դեպքում ջերմաստիճանը չպետք է բարձրանա +2 աստիճանից:

«Հիմա շատ է լինում ծախսը՝ մինչև 30.000 դրամ, սակայն ցրտերն ընկնելուն պես ջերաստիճանն ընկնում է և ծախսը քիչ է լինում: Քանի որ ցրտի դեպքում սառնարանը երկար դադարներով է աշխատում»,- ասում է Արտակ Եղիազարյանը՝ հավելելով, որ իրենց համար խաղողի, մրգի սառնարանները փրկություն են:

«Այս տարի խաղողս քիչ է: Սկզբում լավ խաղողը բերում տեղավորում եմ սառնարաններում, որպեսզի չփչանա, հետո մտածում եմ մնացածը իրացնելու մասին: Մտածում եմ, որ սառնարանում պահած խաղողս կկարողանամ վաճառել 250-300 դրամով»,- նշում է Արտակը:

Քաղցրաշենում գյուղացիները մրգերի փոխանակում են անում և այդպես օգնում միմյանց: Օրինակ, Արտակը մեծ կորիզավոր մրգերի սառնարան չունի և իր սալորը հարևանի սառնարանում է պահում, նույն հարևանն էլ իր խաղողը բերելու է Արտակի սառնարան։

Միջանկյալ լուծում է նաև մինչև խաղողի պահեստավորումը այնտեղ դեղձ ու սալոր պահելը:

Ռոման Սուսունյանը խաղողի սառնարանում դեղձ է պահել, սակայն զուտ այն պատճառով, որ ծառերի տակ չմնա և կարողանան քիչ-քիչ վաճառել: Այս տարի դեղձը դժվար է վաճառել և չեն կարողացել մինչև խաղողի բերքահավաքն ամբողջությամբ իրացնել:

Ռոմանը պատմեց, որ նախորդ տարի 250-300 դրամով բեռնատար ավտոմեքենաները գյուղից դեղձ են գնել, այս տարի 100-150 դրամով են տանում: Իսկ եթե ծառերի տակ է թափվում, արդեն գինն ընկնում է մինչև 30 դրամ:

«Սրա վրա միլիոնների ծախս ենք արել, 100 դրամով տանում են, մեզ կեսն էլ չի մնում: Անցյալ տարի նստում էինք տանը, ֆուռի տերերը գալիս 300-ով դեղձ էին ուզում, ասում էինք՝ չէ, կես ժամ հետո գալիս 350 դրամով էի ուզում, այս տարի մենք ենք խնդրում, որ 150 դրամով տանեն»,- ասում է Ռոման Սուսունյանը:

Նրա ասելով՝ այս տարի դեղձը շատ էր, ինչն էլ էականորեն ազդեց մրգի որակի վրա: Համատարած միրգը մանր է եղել և չի ունեցել ապրանքային լավ տեսք:

Օրինակ՝ Ռոմանը 2000 քմ դեղձի այգի ունի և այս տարի ստացել է 8 տոննա բերք: Նույն այգուց նախորդ տարիներին 6-7 տոննա է դեղձ քաղել:

«Հիմա խաղողը, որ դնեմ, կարող եմ երկար պահել: Խաղողի դեպքում ես եմ գին թելադրում, իսկ դեղձի դեպքում չի լինում, շատ-շատ կարող եմ 2 ամիս պահել: Թառամած դեղձ ո՞վ կառնի»,- ասում է Ռոմանը և ցույց տալիս սառնարանում պահվող դեղձը, որը սկսում է թառամել:

Ռոմանը պատմեց, որ այս տարի շատ են տուժել: Եթե նախորդ տարի «նարինջ» դեղձը 400 դրամով է վաճառել, այս տարի նույն դեղձի գինն առավելագույնը 200 դրամ է: Ասում է, եթե 150 դրամով վաճառի, ծախսերը հանած իրեն 50 դրամ է մնում կիլոգրամի մեջ: Դեռ ծառերի վրա էլ աշնանը հասնող դեղձ ունի, սակայն հինը չի հասցրել վաճառել:

Նա դժգոհեց նաև այս տարվա ոռոգման ջրի մատակարարումից:10 օրը մեկ մի քանի օրով մայր ջրանցքը փակել են և չեն կարողացել ծառերը ժամանակին ոռոգել ու լավ որակի բերք ստանալ:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։