Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ֆերդինանտ Առաքելյան․ «Ֆիդայինիզմը 90-ականների ամենամեծ փորձանքն էր»



Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի հետ դժվար է զրուցել։ Նա կարող է ասել բաներ, որ մեր օրերում միանշանակ չեն ընդունվում։ Նա պետական որեւէ կոչում ու պարգեւ չունի, ՀՀԿ-ին չի անդամակցել, կոմունիստ չի եղել, մեղադրում է ՀՀՇ-ին, փորձում Միկոյանին փրկել իր ասած «լիբերալ քաղաքական ուժերից»։

Մարզահամերգային համալիրի «Վերածնունդ» բարձրաքանդակի եւ Գյումրիում տեղադրված «Աշոտ Ողորմած» թագավորի արձանի հեղինակի հետ զրուցում ենք երեւանյան սրճարաններից մեկում։

Հարեւանությամբ՝ այգում, Հայաստանի անկախությանը նվիրված համերգ է, որտեղ ինչ-որ կարգախոսներ են հնչում։

- Էս լոզունգներին՝ «հպարտ ենք, որ հայ ենք», «հպարտ ենք, որ անկախ ենք», ինչպե՞ս եք վերաբերվում։

- Դրանք ընդամենը բառեր են։ Բառը կա, բայց ոգին չկա։ Մերոնք դեռ չեն հասկանում՝ ինչ է անկախությունը։ Հեգնում էին կոմունիստներին լոզունգների համար, բայց լոզունգներից այն կողմ դեռ չենք անցել։

Մենք պատրաստ չէինք անկախությանը։ Անկախությունը նրա համար էր, որ էդքան ժողովուրդը փախչե՞ր երկրից։ Անկախությունը նրա համար էր, որ ինչ ունենք-չունենք փակեի՞նք, վաճառեի՞նք։ Ինչեւէ, ունենք անկախություն, եկեք բարի լինենք՝ սիրենք, փայփայենք էդ անկախությունը։

Մենք պատրաստ չէինք անկախության։

- Եթե պատրաստ չէինք, ինչպե՞ս սկսվեց շարժումը։

- Կրակը վերածվեց հրդեհի։ ԽՍՀՄ-ը փլուզվում էր։ Շարժումը սկսվեց ծայրահեղ ազգայնականությամբ։ Գերմանական ժողովուրդն ինչու՞ պարտվեց․ որովհետեւ ծայրահեղ ազգայնականություն կար տակը։ Հայաստանում էլ ասում էին՝ մենք, մենք, մենք։

Էսքան թալանչի կա էս երկրում, գող կա, ոչ մեկի երեխան չի հարցնում՝ էս ունեցվածքը որտեղի՞ց, ուրիշի երեխայի բաժինն ինչի՞ ես գողացել։ Ոչ ոք չի ամաչում իր թալանածի համար։ Իսկ նման բան կասեին, գողի ձեռքը կբռնեին, եթե մենք քաղաքակիրթ ժողովուրդ լինեինք։ Մենք տգետ ժողովուրդ ենք, ես նման բան ասելու համարձակություն ունեմ։ Մենք խորը տգիտության մեջ ենք։ Եթե մենք պատրաստ էինք անկախության, ինչու՞ նման բեւեռացված իրականություն ունեցանք՝ ծայրահեղ հարուստ, ծայրահեղ աղքատ։ Դե հիմա ասեք՝ սա ազգայի՞ն պետություն է, լիբերա՞լ է, ինչ է․․․

Երկու հոգին վերցրեցին հարյուրի ունեցվածքը։ Էն գլխից իշխանության եկան մարդիկ, որոնք մի գոմ չէին կառուցել, երկիր ինչպե՞ս պետք է կառուցեին։ Ես բախտ եմ ունեցել իմ ամբողջ կյանքում աշխատել մեծամեծ մարդկանց հետ, ովքեր գիտեին ինչ է պետություն կառուցելը։ Իսկ ազգայնականները հրապարակում կանչում էին․ «Ընկերներ, գողեր են կոմունիստները․․․ Ընկերնե՛ր, մենք տուն չունենք, նրանք մետրո կառուցեցին, ընկերնե՛ր, համալիր են սարքում»։ Այսպես էինք գնում անկախանալու։

- Շարժման լիդերները դեռ 70-ականներից սովետական ռեժիմի դեմ ընդհատակյա պայքար տարած մարդիկ էին։ Ձեզ դուր չեկավ, որ նրանք կոմունիստներին զրկեցին իշխանությունի՞ց։

- Մյուս երկրներում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում, կոմունիստները մնացին իշխանության եւ չավերեցին։ Մենք վերցրինք ու ավերեցինք։ Մեզ մոտ իշխանություն վերցնողը տգետ էր։ Կոմունիստները, համամիտ եմ, 20 տոկոս թերություն ունեին, բայց 80 տոկոս էլ կառուցող էին։

- Անկախության 26 տարիների ամենամեծ հիասթափությունը ո՞րն է։

- Ժողովրդի փախուստը, արտագաղթը։ Դրանից սարսափելի բան չկա։ Երբ երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց, Հայաստանում շատ վատ էր, բայց մեր հայրենակիցները գաղթօջախներից վերադարձան։ Շատ ծանր դրություն էր, բայց քարավանները գալիս էին։ Իսկ կատարյալ երկիր ժառանգություն ստանալով, 21-րդ դարում հեռանում են։ Որովհետեւ հիասթափված են ու հուսալքված, որ 10 հոգի հարստացավ, իսկ շուրջը միլիոնավոր աղքատներ են։

Տեսեք, քանդեցի՞ն կրթությունը՝ քանդեցին, քանդեցի՞ն առողջապահությունը՝ քանդեցին, գյուղատնտեսությունն ավերված է ծայրեծայր։

Իսկ ամենամեծ փորձանքը, որ կար անկախության առաջին տարիներին, ֆիդայինիզմն էր։

Նրանք մտան իշխանություն ու բացասական դեր ունեցան պետականության կառուցման գործում։ Ֆիդայիները, նաեւ այսօրվա գեներալիտետը, կռվեցին, եկան ասին՝ մենք կռվել ենք, էս երկիրը մերն է։ Էս ծառն իմն է, էս սարն իմն է, մենք հաղթել ենք․․․․ Դա տգիտությունից է գալիս։ Ֆիդայինիզմը տգիտության նորմ է։

ԽՍՀՄ ամենամեծ զորավարը Ժուկովն էր։ Նա , ինչ է, եկավ կանգնեց Կարմիր հրապարակում ու ասաց՝ Կրեմլը իմն է, էս շենքն ի՞մն է։ Ոչ։ Նա պատերազմից հետո գնաց Սիբիրում ծառայեց, հետո Օդեսայում բանդիտիզմի դեմ էր պայքարում։ Իսկ մերոնք եկան ու ասացին՝ մենք կռվել ենք, սա մերն է, նա մերն է։ Դրան տոն տվողը նաեւ Վազգեն Սարգսյանն էր։ Նախ՝ միայն իրենք չեն կռվել։ Եռաբլուրի էրեխեքն էլ են կռվել, էն հաց թխող, գուլպա գործող մայրերն էլ են կռվել, քանդակագործներս էլ ենք կռվել։ Բայց քանի որ մենք տգետ ենք, ֆիդայինիզմը դարձավ ազգի սիմվոլը, մտավ իշխանություն ու քանդեց երկիրը։

Նրանք չգիտեին՝ ինչ բան է արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը։ Հետո՞ ինչ, որ գնացել, կռվել ես։ Բոլորն են կռվել։

- Անկախության 26 տարիների ամենամեծ ձեռքբերումը ի՞նչն եք համարում։

- Միանշանակ Արցախի ազատագրումը։ Ուրիշ ոչինչ։ Ստեղծեցինք պետականության մի փոքրիկ գունդ, որը գոնե հիմա ավելի լավ վիճակում է, քան նախկինում։

- Դուք ասում եք, որ սովետական մարդ եք։ Հիմա քաղաքական որոշ շրջանակներ բարձրացրել են ԽՍՀՄ տարիներին արված անվանակոչությունները վերանայելու հարցը։ Մասնավորապես Անաստաս Միկոյանի մասին արդեն դպրոցական երեխան էլ գիտի շատ բացասական բաներ։ Ի՞նչ կարծիքի եք՝ պե՞տք է անվանափոխել փողոցները։

- Նախ ասեմ, որ ես կոմունիստ չեմ եղել։ Կարեն Դեմիրճյանը հրահանգել էր՝ բոլոր քանդակագործներն անդամակցեն կուսակցությանը։ Ես չեմ մտել, որպեսզի չկորցնեմ իմ անկախությունը։

Հիմա՝ Միկոյանի մասին։ 1937 թվականին Ստալինը նամակ է ստանում Հայաստանից, որի տակ ստորագրած է եղել Գրիգորի Հարությունյանը։ Նա գրել էր՝ եկեք վերացնենք Էջմիածինը, որովհետեւ դա լրտեսական կենտրոն է, որ կրոնը խանգարում է եւ այլն։ Ստալինն իր մոտ էր հրավիրել Գրիգորի Հարությունյանին, որը 17 տարի ղեկավարեց Հայաստանը, այն էլ՝ արտակարգ։ Ստալինն ասել է՝ էս ի՞նչ ես ստորագրել, ինչպե՞ս կարելի է ժողովրդի ձեռքից վերցնել հավատքը եւ վերացնել Էջմիածինը, կաթողիկոսությունը։ Հարությունյանը պատասխանել է, որ դա իր նախաձեռնությունը չէ, ակտիվն է այդպես պահանջում։ Ստալինը հորդորել է Հարությունյանին՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, էնպես աշխատեք, որ լրտեսներ չլինեն։

Ստալինից հետո Հարությունյանը մտնում է Միկոյանի մոտ, վերջինս ասում է՝ Գրիգորի Արտեմեւիչ, գնում ես, ինչքան գյուղերի եկեղեցի կա, պետականացնում եւ պահեստ ես սարքում, որպեսզի պաշտպանվեն քանդելուց։

Դուք մի կողմն եք նայում, երկրորդ կողմն էլ նայեք։ Երկրորդ կարեւոր դեպքը։ Կոմպոզիտոր Դունաեւսկին Ստալինին նամակ է գրում, թե՝ Արամ Խաչատրյանը սովետական բանվորին թողել, Սպարտակի մասին է բալետ գրում։ Միկոյանը, հասկանալով, որ Խաչատրյանին կործանելու են, թաքուն կանչում, նրան խորհուրդ է տալիս՝ լսի, պլենումի ժամանակ կարտաբերես Լենինի խոսքերը, որ Սպարտակը սիմվոլն է ռեվոլյուցիայի։ Ու էդպես Խաչատրյանը փրկվում է։

Միկոյանը նաեւ Մարտիրոս Սարյանին է փրկել։ Ու էլի շատերի։ Բայց ինչու՞ են 37 թիվը հանել, դարձրել դրոշ։ Նախ՝ ո՞վ է աքսորել էդ բոլորին։ Ո՞վ սպանեց Չարենցին, աքսորեց Բակունցին՝ մենք։ Մտավորականներն իրար դեմ բողոքներ են գրել։ Ստալինը գիտե՞ր, թե Չարենցն իր մասին ինչ է ասել։ Երբեք։

Հորեղբայրս 18 տարի Սիբիրում նստել է որպես քաղբանտարկյալ։ Արխիվները որ բացվեցին, փաստաթղթերին ծանոթացանք։ Գյուղի երկու չոբան հորեղբորս դեմ գրել էին, թե նա իբր դաշնակացական է։ Հորեղբայրս չգիտեր` Դաշնակցությունն ինչ բան է։

Էդ ամենը մենք մեր ձեռքով ենք արել։

70-ական թվականներին մի հայտնի նկարիչ իմ դեմ գրել էր ՊԱԿ-ին։ Մարիուս Յուզբաշյանն ինձ կանչեց, ասաց՝ էդ տղայի հետ գործ չունես։

- Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական արձաններին։

- Վերջերս քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել Արամ Մանուկյանի արձանի համար։ Ինձ էլ առաջարկ եղավ մասնակցել մրցույթին։ Հրաժարվեցի։ Ես քաղաքական գործիչների արձան չեմ քանդակի։ Որովհետեւ նա դաշնակ է։ Վաղը հնչակը կգա, կասի դաշնակի արձանը հանենք եւ իրենը կտեղադրի։ Հետո կգան ռամկավարները ու նույնը կանեն։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Մանվել Հակոբյան09:51 - 2 հոկտեմբերի, 2017
հիմար հիմար դուրս է տալիս քանդակագործը, գերմանական ժողովուրդը պարտվեց, որովհետև օրական 30 տանկ էին թողարկում, իսկ սովետը 70, իսկ ԱՄՆ-ն 90: Միկոյանին պաշտպանելով էլ արդեն մնացած իր էությունն է պարզ, նման...ներին պետք է երկրից արտաքսել, թող գնան սիբիրում ապրեն, միգուցե զգան ինչի միջով են անցել միլիոնավոր մարդիկ իր բոլշևիկ կումիռների ձեռքով:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ