Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ուխտագնացություն դեպի Հայաստան


Նորա Սուրուզյանը (Sourouzian) օպերային երգչուհի է և ապրում է Կոպենհագենում: Նա կիսով չափ հայ է, կիսով չափ՝ ֆրանսիացի: Մասնագիտության բերումով շրջել է աշխարհի տարբեր երկրներում, երգել օպերային միջազգային բարձրակարգ թատրոններում, շփվել աշխարհի մեծանուն երգիչների և դիրիժորների հետ: Եվ այս աշխարհագրության, շփումների ու ճանապարհն այս բարձրագոչ աստիճաններով միայն շարունակելու ձգտման փոխարեն, նա մի օր ուսապարկ ու սպորտային կոշիկներ է վերցրել, ինչ-որ տեղից՝ հարմար մի ձեռնափայտ ու բռնել լեռներով, անճանապարհ ճանապարհներով ու անհայտ ուղղություններով քայլելու ուղին: Նպատակն ուրիշ էր՝ հասկանալ, թե ով է իրականում ինքը և ինչու է այդքան կապված իր հայկական արմատներին: Նորան իր արկածային ու դժվար ճամփորդության անունը «Ուխտագնացություն» է դրել, որը, սակայն, բազմադարյա եկեղեցու կամ տաճարի փոխարեն, տարել է նրան գյուղեգյուղ, տնետուն, լեռների ու դաշտերի միջով դեպի մարդիկ:

«Մարդկանց ճանաչելու ամենալավ ձևը նրանց հետ անմիջական շփումն է»,- ասել է Նորան ու ճանապարհ ընկել` ինքն իրեն գտնելու:

«Մեծ մամաս սովորություն ուներ սեղանին միշտ կանաչի դնելու,- պատմում է Նորան,- նա փոքրիկ պարտեզ ուներ, որտեղ տարբեր համերով կանաչիներ էր աճեցնում և միշտ դնում էր ճաշի սեղանին: Նա անգիր գիտեր, թե դրանցից որը առողջության համար որքանով է կարևոր: Ես կարծում էի, որ դա մեծ մորս առանձնահատկությունն է, սովորություն է, որ միայն նա է այդպիսին: Հիմա գիտեմ, որ բոլոր հայ տատիկներն ու կանայքն են այդպիսին: Նրանք ուշադիր են բնության բարիքներին և գիտեն՝ ինչպես շփվել բնության հետ: Նրանք հոգատար են իրենց հարազատների հանդեպ և ուզում են ամեն կերպ պաշտպանել նրանց: Փոքրիկ դետալներ են սրանք, բայց նաև շատ կարևոր, որով առանձնանում է ազգային բնավորությունն ու մարդու մոտեցումը կյանքին»:

Տուրիստին առաջարկվող երևանյան բազմազան հյուրանոցների ու ռեստորանների փոխարեն՝ նա նախընտրել է գյուղական վայրերը, երբեմն գիշերել անծանոթ մարդկանց տներում, շփվել գյուղացիների հետ, սովորել պանիր ու մածուն սարքել, ապրել գյուղացու հոգսի ու անսահման մեծ, հյուրընկալ սրտի տպավորությամբ: Նա քայլել է Գառնիից մինչև Եղեգնաձորի հեռավոր գյուղերը, հասել Գորիս, Տաթև, հետո այցելել Գյումրի՝ հաղթահարելով ցուրտն ու բոլոր տեսակի անհարմարությունները:

Նորայի մայրը ֆրանսուհի է՝ Մարսելից: Հայրը հայ է, ով ծնվել է Սիրիայում, մեծացել Լիբանանում, հետո տեղափոխվել Կանադա: «Ես Կանադայում եմ ծնվել,- պատմում է նա,- Հայրս հիմա Հայաստանում է ապրում, արդեն 11 տարի»:  Ուսանելու տարիներին, Նորան կարճ ժամանակով տեղափոխվել է Ֆրանսիա: Հայաստանում մինչ այդ եղել էր մի քանի անգամ, բայց այդ այցելությունները կիսատ զգացողություններ ու անպատասխան մտքեր էին թողել, որովհետև «տուրիստիկ» կանգառներ էին հիմնականում:  «Ես ուզեցի առաջին հերթին ինքս ինձ հասկանալ, թե ինչու՞ եմ ավելի շատ հայ ինձ զգում, ինչու՞ եմ այսքան սիրում այս լեռները: Ուզում էի երկար ու հանգիստ նայել ուզածս քարին, մարդուն, բնությանը: Այդ պատճառով որոշեցի բացահայտել Հայաստանը ոչ թե որպես տուրիստ, ապրելով Երևանի կենտրոնում գտնվող որևէ հյուրանոցում, այցելելով հայտնի ու տեսարժան վայրեր, այլ շրջելով երկրով, ապրելով իմ հայրենակիցների նման»:

Նորան երգելուց բացի մի նախասիրություն էլ ունի. նա հիանալի լուսանկարիչ է: Այս անսովոր ճամփորդության ողջ ընթացքում նա գրառումներ էր անում իր տպավորություններից և լուսանկարներ տեղադրում սեփական բլոգում https://noratravelsite.com/ : Այստեղ նաև պատմում էր իր դժվարությունների ու արկածների մասին՝ չջեռուցվող գիշերակացների, հրաշալի բնության, մեծահոգի մարդկանց, լավաշի անմոռանալի համի, գարնան կեսին առատ տեղացող ձյան, անակնկալ արևի ու լեռների մասին: Իր օտարազգի ընկերները, ովքեր բլոգում հաղորդակից էին հրապարակումներին, գրեթե բոլոր նկարների տակ զարմացած գրառումներ են թողել. «Նորա, որտե՞ղ ես, այս ի՜նչ հեքիաթային տեսարան է,  որտե՞ղ է այս երկիրը գտնվում»:

«Վախ չունեի, անշուշտ, միայն մի քիչ շներից եմ վախեցել և իմ սպորտային կոշիկներից, որոնց վրա դրել էի ամենամեծ պարտականությունը՝ հաղթահարել Հայաստանի սարսափելի ճանապարհները»:- կատակում է Նորան: Իսկ ահա մարդիկ… նրան հանդիպած մարդիկ եղել են իր որոնումների ամենամեծ ձեռքբերումները: «Նրանք հետաքրքրվում են անծանոթով, անպայման բարևում են և հարցնում «Ո՞նց ես»: Իսկ երբ ես էի հարցնում, մեկը չեղավ, որ պատասխաներ՝ «Լավ եմ» կամ «Գեշ եմ», փոխարենը՝ «Ոչինչ»: Այդ ոչինչը ո՞րն է,- բարձրաձայն ծիծաղում է Նորան, ով անգամ իրեն անհասկանալի այդ պատասխանի մեջ ջերմություն է հայտնաբերել- եթե պատահում էր, որ ասում էին լավ եմ՝ զարմանում էի ու անչափ ուրախանում»:

Նորան հիմա հաստատ գիտե, որ ցանկացած երկիր ու ժողովրդի ճանաչելու լավագույն տարբերակը հասարակ մարդու հետ շփումն է, նրա սոցիալական պայմաններն ու մտածելակերպը հասկանալը: Հատկապես այս վերջին երկուսը նրա կարծիքով երկրի հայելին են՝ իրական պատկերի արտացոլմամբ:

Չնայած կենցաղային դժվարություններին, քարքարոտ ու աներևակայելի ճանապարհներին՝ նա ամենուր հոգատարություն, պարզություն ու օգնելու պատրաստակամություն է տեսել: «Մարդիկ դժվար են ապրում, բայց բարի են, մեծահոգաբար բացում են իրենց դռները անծանոթ հայի առջև ու իսկույն շրջապատում նրան ջերմությամբ,- ասում է նա ու ավելացնում,- նման բան Եվրոպայում երբեք չես հանդիպի»: Մեկն անհանգստացել էր ձեռնափայտի բարակությունից ու տեղում ավելի ամուրով փոխարինել: Էշին մրգեր բարձած մի պապիկ էլ ստիպել էր գոնե իր խնձորներից վերցնել: «Մի մեծ ընտանիքի էր նման այս ամենը, բավական էր ասեի, որ հայ եմ, անմիջապես օգնելու պատրաստակամությունն ավելի մեծանում էր»:

Մարդկանց ու բնության հրաշքները բացահայտելուց բացի՝ Նորան այս ճամփորդության ընթացքում գտել է իր բազմաթիվ հարցերի շատ պատասխաններ, բայց՝ ավելացրել նաև նորերը: Հանդիպել է ազգային նոր առանձնահատկությունների, տխրել, երջանկացել ու այս ամենից իր համար հետևություններ արել: «Հայերը հոգատար են, հյուրընկալ, ջերմ, աշխատասեր: Մենք ոչ միայն խելացի, այլև զորավոր ազգ ենք,- ասում է Նորան,- մենք ամեն ինչ դժվարությամբ ենք ստեղծում, որովհետև պայմաններն են այդպիսին: Իզուր չի ասված՝ քարից հաց քամող ժողովուրդ ենք: Բայց, ինչ խոսք, զարմացնող երևույթներ էլ կան, որոնք այդպես էլ չհասկացա՝ ինչու՞ ենք թողել, որ բույն դնեն մեր կյանքում»:

Նրա կարծիքով՝  Երևանը խաբուսիկ տպավորություն է թողնում: Թվում է, թե հարուստ ու շքեղ կյանք կա այստեղ: «Բայց բավական է ոտքդ մի քայլ դուրս դնես, և աղքատությունն աչքիդ է զարնում»,- ասում է Նորան: Ցրտին, թե արևին, ամենադժվար ու անպատկերացնելի պայմաններում աշխատող մարդկանց է հանդիպել ու ափսոսացել իրենց կյանքի համար: «Դժվար կյանքով են ապրում, հողին կպած դժվար աշխատանքով, բայց նաև՝ երգով… ներսի աշխարհի մասին է սա միայն ասում: Ամենաաղքատ տունը մտնելիս անգամ մի քանի րոպեում մի գեղեցիկ սեղան է պատրաստվում, քեզ` անծանոթիդ համար: Անշուշտ, ոչ ճոխ ուտելիքներով, բայց ի՜նչ սրտով: Մեր հավատն էլ ենք երգով արտահայտում, մեր ցավն էլ, մեր դժվարությունն էլ: Լսի՛ր մեր շարականները, մեր գեղջկական երգերը: Դրանց մեջ այս ամենի մասին կա»:

Նա անվերջ մտքում համեմատել է իր տեսածն ու զգացածը եվրոպական երկրների հետ, գտել առավելություններ, որոնց երբեք չի հանդիպել զարգացած երկրներում և թերություններ, որոնց կուզենար բացառել. այնպես, ինչպես որ գրեթե բացառված են նույն այդ երկրներում: Նորան անընդհատ հիշում է ճանապարհների վիճակն ու ցուցանակների բացակայությունը, որոնց պատճառով օտարերկրացի ճանապարհորդն այդպես էլ չի հասկանա, թե որտեղ է հայտնվել, եթե ինչ-որ պահ զրկված լինի իր ամենակարող ինտերնետ-քարտեզից: Բայց սա դեռ ոչինչ է, քանի որ՝ «Աղբը ամենամեծ խնդիրն էր,- ասում է նա: Երբ որ քայլում ես առաջին կիլոմետրը, երկրորդը, երրորդը… հոգնում ես, ուզում ես մի տեղ նստել, մի քիչ հանգչել: Ամենուր աղբ է լցված՝ ահավոր շատ, անխղճորեն: Հավաքում էի, որքան ի վիճակի էի, բայց հետն էլ սկսում էի զայրանալ, ինքս ինձ ներսից ուտել: Իսկ երբ հանդիմանում էի որևէ մեկին, անմիջապես հնչում էր մշտական պատասխանը՝  «Ես չեմ, դա մյուսն է արել»: Զարմանում եմ՝ ինչու՞ է այսպես: Բոլորի տներն, ազնիվ խոսք, մաս-մաքուր է, բայց դուրսը՝ սարսափելի աղբ: Արարատյան դաշտում ամենուր պլաստիկ շշեր ու տոպրակներ են»: Նորան այս տեսարանները նկարագրելիս, փորձում է նաև հիմնավորումներ փնտրել: Նա ասում է, որ հավանաբար այդ խնդիրը բնորոշ է աղքատ երկրներին և որպես օրինակ հիշում, որ նույնը տեսել է Թունիսում, Ալժիրում, Մարոկկոյում, Եգիպտոսում: Բայց մի քանի վայրկյան լռելուց հետո ավելի վստահ եզրակացնում է. «Վստահ էլ չեմ, որ սա է գլխավոր պատճառը: Ես կարծում եմ, որ սա կրթության, դաստիարակության խնդիր է»:  Նորան համոզված է, որ սա մեծագույն խնդիր է Հայաստանի համար և կառավարությունը պարտավոր է ճիշտ ծրագիր մշակել՝ անհապաղ և մանրամասն կառուցվածքով: 

Նրա համար այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչպե՞ս կարելի է շարունակ դժգոհել կառավարությունից, բայց կրկին ընտրել այն: «Ինձ հանդիպած մարդիկ բոլորն էլ դժգոհ էին երկրի ղեկավարներից, տեղական կառավարիչներից,  նրանց կառավարելու մոտեցումից հիասթափված էին, բայց ոմանք փորձում էին հավատալ, որ մի բան փոխվելու է,- պատմում է Նորան:- Ես զարմանում եմ, եթե այս կամ այն իշխանավորը վատ է աշխատում, ուրեմն ինչու՞ են այդ նույն մարդիկ նրանց ընտրում, ինչու՞ աշխատողին չեն ընտրում… չգիտեմ ու չեմ կարողանում հասկանալ այս մեկը: Միգուցե միամի՞տ ենք, դյուրահավա՞տ: Չեմ հասկանում: Հայաստանցին ի՛նքը պիտի սարքի իր երկիրը»:

Տարօրինակ է եղել Գորիսի հյուրանոցներից մեկում ոստիկանների գիշերային խրախճանքը: Ասում է, որ նրանք եկել էին առավոտյան ընթացող ընտրությունների կարգը պահպանելու նպատակով: « Մտածեցի, որ վաղը նրանց համար պատասխանատու օր է և, բնականաբար, պիտի կենտրոնանան սպասվող բարդ աշխատանքի նախապատրաստման վրա: Հետն էլ ուրախացա, որ հիմա ավելի ապահով վայրում եմ: Բայց մտան թե չէ, հյուրանոցն աղմուկի ձայներով լցվեց, իսկ գիշերվա կեսին սկսվեց նրանց խրախճանքը՝ ահավոր բարձր երաժշտությամբ: Մինչդեռ առավոտը պիտի բացվեր Հայաստանի խորհրդարանական ընտրության հանդեպ մեծ պատասխանատվությամբ»:

Ամենածանր տպավորությունն իր վրա թողել են լքված տներն ու քանդված գործարանները, Գյումրիում՝ երկրաշարժի դեռևս մնացող հետքերը: « Այն, ինչ չհաջողվեց իրականացնել թուրքական կառավարությանը, կկարծեմ, որ մեր իշխանությանն է հաջողվում,- ասում է Նորան:- Որչափ լքված գյուղեր, նախկին ֆերմաներ, ներկա դպրոցներ եմ տեսել: Թուրքի ուզածը ի՞նչն էր՝ Հայաստանն ամեն գնով դատարկել. Հիմա մեր հայրենիքում, մեր հողի վրա ի՞նչ ունենք. մարդ չի մնում, այս ի՞նչ ահավոր բան է»:

Հայերն էլ, նրա կարծիքով, ֆրանսիացիների նման սիրում են կենաց ասել: Բայց եթե ֆրանսիացու զրգացող բաժակը բավարարվում է մի՝ «Կենա՛ցդ» բառով, ապա հայինն ամփոփում է նրա ցանկությունների, հիշողությունների ու տագնապների մի երկարուձիգ շարք: Նորայի այցելած բոլոր գյուղերում բանակում ծառայող որդիներ են ունեցել, որոշ գյուղերում՝ պատերազմում զոհվածներ: Նա տխրել է այն փաստից, որ սովորական «Կենա՛ցդ»-ը մշտապես իր տեղը զիջել է առաջնային «Անփորձանք ծառայության»-ը: Նրանք երկրին խաղաղություն են մաղթել և  զրնգացող բաժակների արանքից Նորան տեսել է մայրերի տագնապած աչքերը: «Աշխարհում պատերազմները միշտ են եղել և եղել են միայն հանուն շահերի, միայն փողի համար,- մեկնաբանում է նա:- Պատերազմների արդյունքում մի կողմը շահում է և ավելի է հարստանում: Իսկ ո՞վ է վճարում դրա դիմաց՝ մայրը, չարքաշ կյանքով վաստակող գյուղացին, հասարակ ժողովուրդը: Եվ ինչքան դեպի հարավ էի քայլում, այնքան ավելի ուժեղ էի զգում պատերազմի ներկայությունը մարդկանց կյանքում»:

«Սփյուռքի հայերը երբեմն մակերեսային պատկերացում ունեն հայաստանցիների ու, ընդհանրապես, հայերի մասին,- համոզված է Նորան:- Նրանք կարող են քննադատել՝ միայն տեսնելով բացասականը՝ այստեղ հայերը խաբում են, փող շատ են վերցնում, երկիրը լքում են և այլն, և այլն: Բայց շատ սխալ է միայն այս բաներով դատելը: Ես պիտի ասեմ, որ հակառակ այդ մտածումի՝ ես Երևանից դուրս ճիշտ հակառակը տեսա: Գալ, ապրել է պետք, ներսից ճանաչել է պետք, հետո նոր՝ դատողություններ անել»:

Ամենապարզ օրինակը նկարագրելու համար նա հիշում է իր ճամփորդությունից որոշ դրվագներ ու դրանով փաստում իր եզրահանգումը  տեղացու խառնվածքի և սխալ ընկալման շուրջ: «Ես ինձ զգում էի մի ամուր ընտանիքում: Զգում էի, որ նրանք իմ եղբայրներն են, հայրս, հորեղբայրս և պապս,- ասում է նա:- Հայը ծույլ չէ, նա կպած է իր հողին ու նրան միայն ստեղծելու հնարավորություն է պետք տալ»:

Որպես առանձնահատկություն նա նշում է նաև հայերի կատակասիրությունը, որն իր կարծիքով երբեմն սփյուռքահայերի համար, կախված ընկալման տարբերություններից, դժվար է հասկանալ: «Ամենադժվար պահին անգամ կատակում են, իսկ դա էնքան ուժեղ բանի մասին է խոսում»:

նկարում՝ Նորա Սուրուզյանը Կարմենի դերում

Գյումրի այցելությունից հետո Նորա Սուրուզյանն արդեն ստիպված էր Կոպենհագեն վերադառնալ: Նրան սպասում էին աշխարհահռչակ բեմերն ու հանրահայտ օպերային իր դերերը: Ասում է, որ իր տպավորությունները դեռ երկար են մնալու իր մեջ և օգնելու են ավելի մոտ զգալ իր մարմնավորած կերպարներն ու բնավորությունները, երկրայինից վեր թվացող այդ բազմագույն արվեստը: Իսկ հետո, ծափահարությունների ու անծայրածիր հեռուներում թափառող օդանավակայանների աղմուկից դուրս, պատրաստվում է շարունակել գծագրել իրեն սպասող բացահայտումների ապագա քայլուղին:

«Շատ դժվար ճանապարհորդություն էր, խոստովանում եմ, բայց մի վայրկյան անգամ չեմ փոշմանել:- ասում է նա հրաժեշտից առաջ:- Ես անընդհատ զարմանալու, բացահայտելու ու միայն սիրով շրջապատված լինելու մեջ էի: Մի վայրկյան փոշմանած չկամ: Թերևս միայն մի բանի համար, որ չկարողացա մինչև Ղարաբաղ հասնել: Բայց դա մեծ խնդիր չէ, շուտով՝ հաջորդ այցիս, անպայման կիրականացնեմ: Ապրեցի այնպիսի պահեր, որ կարդալով կամ պատմելով չէի կարող հասկանալ: Ես այն իմ կյանքով ապրեցի, իմ աչքերով տեսա, իմ մաշկիս վրա զգացի … Ամենամեծ նվերն ինձ համար ինքս ինձ ճանաչելն էր ու հասկանալը, որ հայը զորավոր է: Իզուր չէ, որ չնայած մեր բոլոր զրկանքներին ու օտարների կողմից ոչնչացման փորձերին՝ մենք մնում ենք, իսկ մնացողը զորավոր է: Բայց պիտի հասկանանք նաև, որ մեր երկիրը մեր հարստությունն է, մեր տունը, որը աղտոտել, վիրավորել ու կորցնել չի կարելի: Պիտի հասկանանք, որ ոչ ոք, մեզնից բացի, այն չի շենացնելու… չգիտեմ, բայց նաև գիտեմ, որ ես հայ եմ և անսահման սիրում եմ իմ ժողովրդին»:

Լուսանկարները՝ Նորա Սուրուզյանի

Գլխավոր լուսանկարը վերցված է երգչուհու կայքից՝ http://www.norasourouzian.com


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։