Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Ինգո Արմենիա»-ն «փակել էր տվել» Գառնիի հեթանոսական տաճարը



Շաբաթ օրը` սեպտեմբերի 30-ին, առավոտից ոստիկանական մեքենաները փակել էին Գառնիի հեթանոսական տաճար տանող ճանապարհը: Բոլորին ասվում էր, որ միջոցառում է տեղի ունենալու տաճարում, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը նշում է իր հիմնադրման 20-ամյակը: Զբոսաշրջիկներին Գառնի բերած ավելի քան 50 ավտոբուսի գյուղի խաչմերուկից թույլ չտրվեց առաջ անցնել:

Զբոսավարները շփոթված էին կատարվածից, զբոսաշրջային գործակալություններին չէին տեղեկացրել, որ տաճարի տարածքում միջոցառում է լինելու, եւ այդ օրը Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ է լինելու զբոսաշրջիկների համար: Այս իրավիճակը շարունակվեց մի քանի ժամ, որից հետո զայրացած զբոսավարները եւ զբոսաշրջային գործակալությունները ճանապարհը փակելու վերաբերյալ բացատրություն են պահանջել Գառնի համայնքի ղեկավարից: Համայնքապետը նրանց հայտնել է, որ իրենց նույնպես չեն տեղեկացրել միջոցառման մասին, առավել եւս` իրենց չեն դիմել գյուղի կենտրոնական հատվածը փակելու թույլտվություն ստանալու համար:

Համայնքապետի միջամտությունից հետո` կեսօրն անց, ոստիկաններն իրենց մեքենաները հեռացրին ճանապարհից, սակայն ոչ ոքի թույլ չտրվեց այդ օրը տաճար այցելել, այն դեպքում, երբ միջոցառումը երեկոյան էր տեղի ունենալու:

Դատելով Վահան Արծրունու համերգի եւ Թումանյանի թանգարանում բացված «Խավարում» խորագրով ցուցադրությունն արգելելու վերաբերյալ մշակույթի նախարարի եւ նախարարության ենթակա «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հայտարարություններից, թե հիշյալ միջոցառումները նախապես իրենց հետ համաձայնեցված չեն եղել, կարող ենք ասել, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն վաղուց էր նրանց հետ համաձայնություն ձեռք բերել:

Ինչո՞ւ մշակույթի նախարարությունը եւ իր ՊՈԱԿ-ը ժամանակին հարկ չեն համարել տեղեկացնել զբոսաշրջային կազմակերպություններին, որպեսզի նրանք այդ օրը հյուրերին Գառնի չուղեկցեն:

Զբոսավարներին հաջողվե՞ց աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներին բացատրել, թե ինչ կարեւոր դերակատարություն ունի մեր երկրի կյանքում այդ ապահովագրական ընկերությունը, պետական ինչ կարեւորության իրադարձություն է նրա 20-ամյակը, որի «փարթին» պետք է նշվի Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում: Նրանց հաջողվե՞ց բացատրել, որ Գառնիի հեթանոսական տաճարը լավ գումարի դիմաց «փակել է տվել» մի կազմակերպություն:

Մշակույթի նախարարությունն, իրենց տերմինաբանությամբ ասենք, ի՞նչ հանրահռչակեց այդ օրը, Գառնի այցելած զբոսաշրջիկներին համոզե՞ց, որ Հայաստանը զբոսաշրջային երկիր է հայտարարված:

Հ.Գ. Հաջորդ օրը` առավոտյան, զբոսաշրջիկներն արդեն տաճարում էին, սակայն ժամը 10:00-ին արգելոցի տարածքը դեռեւս մաքրված չէր աղբից, կերուխումի պարագաները նոր-նոր էին հավաքում:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Մինաս17:10 - 2 հոկտեմբերի, 2017
Կարելի է մտածել որ ուրիշ «հաց ուտելու» տեղ չեն ճարել: Գռեհիկ ու զազրելի բան է պատմամշակույթային հուշարձանը զվարճանալու ու զխտկվելու վայր դարձնելը: Հազար ամոթ իրենք իրենց ինտիլիգենտ ներկայացնող փերեզակներին:
2. Սվետլանա22:59 - 2 հոկտեմբերի, 2017
Հետո էլ ասում են՝ տուրիզմ են զարգացնում։ Այ ողորմելիներ, սա էլ հո բիզնես ա, 50 ավտոբուսը քանի՞ տուրիստ կբերեր, քանի՞ տոմս կծախվեր։ պատկերացրեք, մարդիկ գնան Ակրոպոլիսը տեսնելու, ասեն՝ չէ, փակ ա, տեղական մի ընկերությւոն էնտեղ փորներն ա լցնում։ Ինգո Արմենիա, քեզ բոյկոտել ա պետք, գեղցի չտեսներ եք դուք, ամոթ ձեզ։
3. Հասմիկ Ա. Ա.11:51 - 3 հոկտեմբերի, 2017
Ով ուզի, որտեղ ուզի, ի՜նչ ուզի համապատասխան փողի դիմաց կարող է անել, բացառությամբ հայ մշակույթի, հայ ազգային մտածողության, հայոց պետականության հետ կապված միջոցառումների: Խոսքեր չկան ուղղակի:
4. Արմեն17:54 - 3 հոկտեմբերի, 2017
Վաղը պետք է ԱՊՊԱ անեմ, տարբերություն չկա թե ում մոտ կանեմ, բայց հաստատ ԻՆԳՈ չեմ անելու: Ամոթաաա...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ