Շաբաթ, 25 նոյեմբերի

Սմբատյանների մշակութային կայսրությունը․ կասկածելի համագործակցություն շվեյցարական հիմնադրամի և վիեննական կոնսերվատորիայի հետ


«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և «Դել Ջեզու» հիմնադրամի համագործակցությունը

Հայաստանի մշակութային կյանքում աննախադեպ իրադարձություն էր Երևանում 2015 թվականի հունիսին Անտոնիո Ստրադիվարիուսի, Նիկոլո Գալիանոյի և աշխարհահռչակ այլ վարպետների պատրաստած ջութակների ցուցահանդես-վաճառքը:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և «Դել Ջեզու» հիմնադրամի համագործակցության շնորհիվ՝ Արամ Խաչատրյանի անվան 11-րդ մրցույթի շրջանակներում։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» միջազգային հիմնադրամը ներկայացրեց «Դել Ջեզու» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Դումիտրեսկուին, որը ժամանել էր Երևան՝ անձամբ ներկայացնելու գործիքները և Խաչատրյանի մրցույթի դափնեկրին պարգևատրելու Ժան Բատիստ Վիյոմի ջութակով՝ 1 տարի նվագելու իրավունքով (միջազգային աճուրդային տներում նման ջութակների գինը կարող է անցնել 200 հազար եվրոն)։

Հայաստանի մամուլը լուսաբանեց այս «բացառիկ» իրադարձությունը։ Հայկական հեռուստաընկերությունները ռեպորտաժներ ներկայացրին ցուցահանդեսի վայրից:

Սկիզբ առած համագործակցությունը տևական էր լինելու, սակայն վերջերս «Հետք»-ին ուղարկված պատասխանում «Արամ Խաչատրյան-մրցույթ» միջազգային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմանը հայտարարեց, որ համագործակցությունը միայն մեկ անգամ է եղել՝ «Դել Ջեզուի» առաջարկի հիման վրա, և հետագայում նրանք այլևս չեն առնչվել:

Մեր ուսումնասիրությունը որեւէ արդյունք այդպես էլ չտվեց. համագործակցող կողմերից մեկը՝ «շվեյցարական հայտնի» «Դել Ջեզու» հիմնադրամը, գրանցված չէ Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի ընկերությունների ռեգիստրում, հիմնադրամի առցանց հղումը դատարկ է, իսկ համացանցում որևէ տեղեկություն չկա թանկարժեք գործիքներ ունեցող մասնավոր հիմնադրամի մասին։

Առցանց արխիվի միջոցով պարզվեց, որ հիմնադրամը գործել է Շվեյցարիայում և Լիխտենշտեյնում, իսկ կայքը գրանցվել է 2008թ-ին և հիմնականում դատարկ է եղել:

Հայտարարություն delgesu.am կայքում, 2014/01/05, domaintools.com

Հայաստանում «Դել Ջեզու» հիմնադրամի տնօրեն ներկայացված Ռոբերտ Դումիտրեսկուն ամիսներ առաջ ավստրիացի մեր գործընկերների հետ հարցազրույցում հայտարարեց, որ ինքը «Դել Ջեզու»-ի տնօրենը չէ և համագործակցել է «Դել Ջեզու»-ի հետ՝ միայն «Արամ Խաչատրյան-մրցույթի» շրջանակներում: Դեռ ավելին՝ նա ավելացրեց, որ իր տպավորությունը ինչպես «Դել Ջեզու»-ից, այնպես էլ՝ «Արամ Խաչատրյան-մրցույթից» խիստ բացասական է, իսկ Խաչատրյանի մրցույթի դափնեկիր Իվա Միլետիչը, որին ինքը «Դել Ջեզու»-ի կողմից պարգևատրել է Վիյոմի ջութակով, արժանի չէր դափնեկրի կոչմանը:

Նշենք, որ Ռոբերտ Դումիտրեսկուն ռումինացի ջութակահար է, որ հանդես է գալիս շվեյցարական Սանկտ-Գալեն Սիմֆոնիկ նվագախմբի կազմում:

Ի՞նչ առեղծված է թաքնված «Դել Ջեզու»-ի հետևում, և ինչո՞ւ են դրա հետ նախկինում կապ ունեցողները հրաժարվում հիմնադրամի անվան հետ իրենց ունեցած առնչություններից:

Մեր հարցմանը, թե որ կազմակերպությունն է Հայաստան ներկրել Երևանում ցուցադրված և վաճառքի հանված ջութակները, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտնել է հետևյալը. «2015թ. հունիս ամսին Արամ Խաչատրյանի անվան մրցույթի շրջանակներում Երևանում կազմակերպված «Դել Ջեզու» հիմնադրամին պատկանող ջութակների ներմուծման, վաճառքի, ինչպես նաև դրանց ապահովագրման վերաբերյալ տեղեկատվության ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը չի տիրապետում»: Սա նշանակում է, որ թանկարժեք այս ջութակները Հայաստան են ներկրվել «անհայտ» ճանապարհով:

Հետագա ուսումնասիրություններից պարզվեց, որ Ռոբերտ Դումիտրեսկուն էլի է հանդես եկել իբրև «Դել Ջեզու»-ի տնօրեն և, որպես այդպիսին, 2015-ի փետրվարին անձամբ Մոսկվա է բերել հիմնադրամի 2 ջութակ՝ պատրաստված 1768թ. Լանդոլֆի և 1886թ. Պոստիլյոնե վարպետների կողմից՝ համապատասխանաբար 250 հազար և 100 հազար եվրո արժողությամբ: Ջութակները, իբրև թե վաճառքի նպատակով, նա հանձնել է «Դել Ջեզու»-ի Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Բերեզնիցկուն՝ ալտիստ և Չայկովսկու կոնսերվատորիայի նախկին դասախոսին, որն էլ իր հերթին՝ պոտենցիալ գնորդների միջնորդներին: Այնուհետև Բերեզնիցկին հայտարարել է, որ ջութակները գողացել են:

Սակայն կասկածելի գողության գործը Ռուսաստանի դատախազությունում կարճվել է՝ ջութակը հափշտակողի ինքնությունը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: Ռուսական Московский Комсомолец թերթի փորձագետն այս պատմության մեջ ամենատարօրինակը համարում է «Դել Ջեզու» հիմնադրամի ոչ խելամիտ և անշրջահայաց գործողությունները, որոնք հակասում են ոչ միայն շվեյցարական իրավական մշակույթի սկզբունքներին, այլև երաժշտական գործիքների ապահովագրության պահանջներին: Նա կասկածելի և ավելորդ է համարում նաև միջնորդի դերն այս պատմության մեջ:

Պակաս կասկածելի չէ նաև այն փաստը, որ ըստ վերոհիշյալ հոդվածի՝ ջութակների «գողության» դեպքից հետո «Դել Ջեզուն» վերանվանվել է Գուարների հիմնադրամ (Guarneri Foundation):

Մենք փորձեցինք հասկանալ այդ անվանափոխության պատճառը և պարզել, թե որտեղ և ում անունով է գրանցված այն: Պարզվեց, որ Guarneri Foundation-ի անունից հանդես է գալիս Միխայիլ Բերեզնիցկին, սակայն այն գրանցված չէ ընկերությունների ռեգիստրում, իսկ Ռոբերտ Դումիտրեսկուն տնօրենն է Guarneri Society GmbH-ի, որը գրանցված է Շվեյցարիայի Սենտ-Գալլեն քաղաքի Hӧhenweg 7, 9000 հասցեում:

Դումիտրեսկուն հրաժարվեց Guarneri Foundation-ի հետ ունեցած իր որևէ առնչությունից, իսկ Միխայիլ Բերեզնիցկին ընդհանրապես հրաժարվեց հարցազրույցից: Անպատասխան մնացին նաև մեր հարցերը՝ ինչպես Մոսկվայում «գողացված», այնպես էլ Հայաստան բերված ջութակներն ապահովագրած կազմակերպության տվյալների և ապահովագրության մանրամասների վերաբերյալ:

Միխայիլ Բերեզնիցկին Ռոբերտ Դումիտրեսկուն

Այսպիսով, «Դել Ջեզու» հիմնադրամի փոխարեն՝ դրա ներկայացուցիչներ Ռոբերտ Դումիտրեսկուն և Միխայիլ Բերեզնիցկին անհայտ նպատակներով հիմնել են երկու տարբեր, սակայն միանման անուններով և միևնույն գործունեությամբ (երաժշտական գործիքների առք, վաճառք, գնահատում, և այլն) զբաղվող՝ Գուարների հիմնադրամներ: Պարզ չէ, թե արդյոք այս երկու ընկերությունները փոխկապակցված են:

Այս գործարքները հասկանալու փորձերը մեզ ուղղեցին դեպի «Դել Ջեզու»-ի համագործակից «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ, որը, սակայն, հրաժարվեց «Հետք»-ին տրամադրել իրենց համագործակցության վերաբերյալ պայմանագիրը՝ համարելով այն կոնֆիդենցիալ:

Մնում է միայն տարակուսել, թե ինչպես և ինչ նպատակով է «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամը պայմանագիր կնքել անհայտ հիմնադրամի և դրա «անհայտ» տնօրենի հետ: Եվ ինչո՞ւ բոլոր միջազգային հանրահռչակ, հեղինակավոր մրցույթներից «Դել Ջեզու» հիմնադրամը որոշեց պարգևատրել միայն Արամ Խաչատրյանի անվան հեղինակազրկված մրցույթի «դափնեկրին»:

Երևանում ցուցադրված ջութակներից երկուսը / կադր Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժից

Երբ ավստրիական DOSSIER թերթի մեր գործընկերները հեռախոսազանգով հետաքրքրվեցին «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամի եւ «Դել Ջեզու»-ի համագործակցությամբ, «Արամ Խաչատրյան-մրցույթ»-ի աշխատակիցը պատասխանեց, որ «Դել Ջեզու» հիմնադրամը գրասենյակ ունի իրենց մոտ, և ավելացրեց, որ դրան վերաբերող մնացած հարցերին պատասխանելուց առաջ պետք է խորհրդակցի Սերգեյ Սմբատյանի հետ, որից հետո նա կկապվի ավստրիացի լրագրողների հետ:

Նշենք որ Սերգեյ Սմբատյանը de jure հիմնադրամի կազմում չէ, իսկ «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամից ոչ մի պատասխան չստացվեց: «Դել Ջեզու» հիմնադրամը գրանցված չէ ՀՀ ընկերությունների ռեգիստրում, իսկ Սայաթ-Նովա 1 ա հասցեն Երևանի պետական կոնսերվատորիայի հասցեն է, որի շենքում են ինչպես «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամը, այնպես էլ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Սերգեյ Սմբատյանի հիմնադրած «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Դել Ջեզու» հիմնադրամի գործունեությունը գերազանցապես կապված է «Արամ Խաչատրյան-մրցույթ հիմնադրամի» և Վիեննայի Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի հետ: Շրջանն ավելի է նեղանում, երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ «Արամ Խաչատրյան-մրցույթ հիմնադրամը» ներկայանում է իբրև Վիեննայի Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի պաշտոնական գործընկեր: Մինչ Վիեննայի Ռիխարդ Վագներ կոնսերվատորիային և Արամ Խաչատրյանի անվան 11-րդ մրցույթին մանրամասն անդրադառնալը, հակիրճ ներկայացնենք «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամը:

Այն Սմբատյանների ընտանեկան բիզնեսի մի մասն է. նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը հիմնադրամի հիմնադիրն ու հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Հիմնադրամի «պաշտոնական նվագախումբը» Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Արմեն Սմբատյանի որդի Սերգեյ Սմբատյանը։

Հիմնադրամի գործադիր տնօրենը և Երիտասարդական նվագախմբի գլխավոր տնօրենն Աննա Տեր-Հովակիմյանն է, որը Սմբատյան ընտանիքի հետ գործակցում է երկար տարիներ։ Նա Շահեն Շահինյանի՝ Երևանի պետական կոնսերվատորիայի գործող ռեկտոր և «Խաչատրյանի-մրցույթ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամի կինն է:

Անգամ մրցույթի աուդիտը տարեկան հաշվետվության համար իրականացնում է Գոռ Վարդանյանը՝ Արմեն Սմբատյանի համագործակիցը ԱՕԿՍ-ի շենքի յուրացման գործում: Գոռ Վարդանյանը նմանապես համագործակցել է Երևանի Չայկովսկու անվան դպրոցին պատկանող պետական տարածքի յուրացման գործում: Հիշեցնենք, որ Չայկովսկու անվան դպրոցը մոտ 30 տարի de jure գլխավորել է Արմեն Սմբատյանի մայրը՝ հանգուցյալ Տատյանա Հայրապետյանը, իսկ de facto այն գտնվում է Արմեն Սմբատյանի վերահսկողության տակ:

Սա պատմության սկիզբն է ընդամենը։

Գլխավոր լուսանկարում` Արմեն Սմբատյանը, Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի տնօրեն Միրզա Կապետանովիչը և «Դել Ջեզու» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Դումիտրեսկուն` Երևանի պետական կոնսերվատորիայի ֆոնին


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (5)
1. Артем12:44 - 11 նոյեմբերի, 2017
А ведь посадют Сережку в Европе, это же не Армения.
2. Владимир13:01 - 11 նոյեմբերի, 2017
это фактически организованная преступная группировка, международные жулики. А нам вешают лапшу на уши про борьбу с коррупцией и преступностью...
3. Ваагн13:47 - 11 նոյեմբերի, 2017
Не знаю с чего это, но после того как прочел статью мне российский бывший министр Улюкаев приснился в наручниках...
4. Հակոբ Կարապետյան23:40 - 11 նոյեմբերի, 2017
Կեցցե՜ք, հոյակապ գործ եք արել, ուղղակի հիանալ կարելի է Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմով և ազնիվ հետևողականությամբ, բայց ավա՛ղ, ոչինչ չի փոխվելու, Սմբատյաններն առաջվա պես, առանց դույզն իսկ շեղվելու իրենց նպատակներից, պիտի շարունակեն իրենց ԱԶԳԱՆՎԵԵԵԵԵԵՐ և մանավաբդ ՀԱՅԱՆՊԱԱԱԱ՛ՍՏ գործունեությունը:
5. Մարիամ 13:36 - 17 նոյեմբերի, 2017
Իսկ սա ինչպե՞ս են մեկնաբանում Սմբատյանները։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։