HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՏԻՄ ընտրություններ 69 համայնքում․ ինչպիսի՞ն են առաջադրումներն Ախթալայում

Այս տարվա նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ ՏԻՄ ընտրություններ են նախատեսված Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում, ինչպես նաև Արարատի, Արտաշատի և Լոռու մարզի Շիրակամուտ համայնքների ղեկավարների՝ արտահերթ ընտրություններ։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակացույցի՝ թեկնածուների առաջադրումները սկսվում են հոկտեմբերի 11-ից, ավարտվում հոկտեմբերի 15-ին՝ երեկոյան 18․00-ին։ Նախընտրական քարոզչության մեկնարկային օրը հոկտեմբերի 24-ն է, ավարտը՝ նոյեմբերի 3-ը։

69 համայնքներից մեկը Լոռու մարզի Ախթալա համայնքն է։

Ախթալան 2008 թվականի նոյեմբերի 21-ից ղեկավարում է հանրապետական Հայկազ Խաչիկյանը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրը։ Ախթալա համայնքի ընտրողների թիվը  5352 է, ընտրական գրավադրման գումարը համայնքի ղեկավարի դեպքում 3 հարյուր հազար դրամ է, իսկ ավագանիների դեպքում՝ 30 հազար դրամ։ Ընտրությունների արդյունքում` կարող է լինել ավագանու 11 անդամ։

ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Հետք»-ի հետ զրույցում չհստակեցրեց, թե գործող ուժը համայնքում ում թեկնածությունն է առաջադրելու։

«Մի քանի օրից պարզ կդառնա, մարզային ու հանրապետական խորհուրդը որոշում կկայացնի, ու դուք որոշումը կտեսնեք»,-ասաց նա։

Փորձեցինք հստակեցնել՝ հնարավո՞ր է կուսակցությունը գործող քաղաքապետի թեկնածությունը չառաջադրի, Նալբանդյանը վրդովվեց՝ կոչ անելով սպասել կուսակցության որոշմանը։

Չնայած ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ի ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ Ախթալայում գործող քաղաքապետն է առաջադրվելու, սակայն Հայկազ Խաչիկյանը մեզ հետ զրույցում ասաց, թե վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Խաչիկյանի խոսքով՝ մեկ շաբաթից պարզ կլինի առաջադրվելու է, թե՞ ոչ։

Ախթալայի նախկին հանրապետական քաղաքապետ Սուրեն Թամազյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ առաջադրվելու է, իսկ  ինքնառաջադրվելու է, թե որևէ այլ կուսակցություն է իր թեկնածությունը առաջադրելու, չհստակեցրեց։ Նշենք, որ Թամազյանն այժմ անկուսակցական է։

Թամազյանի համոզմամբ՝ Խաչիկյան եղբայրների գործոնով պայմանավորված` Ախթալայում լարված ընտրություններ են սպասվում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter