HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի կոնսերվատորիայի դիպլոմներ` Վիեննայում սովորող ուսանողներին

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, որպես Վիեննայի Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի պաշտոնական գործընկեր, ապօրինաբար տնօրինում է Երևանի պետական կոնսերվատորիայի դիպլոմները՝ դրանք շնորհելով կոնսերվատորիա չհաճախած ուսանողներին:

2015թ. հունիսին «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, որպես Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի պաշտոնական գործընկեր, Երևանի պետական կոնսերվատորիայի եւ Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի համատեղ կրթությունը գովազդող նամակ էր ուղարկել Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների 11-րդ մրցույթի բոլոր մասնակիցներին: Նամակով հայտնում էին, որ մրցույթի մասնակիցներին հնարավորություն է տրվում Վագներ կոնսերվատորիայի ընդունելության համար լսումն անցնել անմիջապես Երևանում:

Համաձայն ուղարկված բրոշյուրի՝ Վիեննայի Ռիխարդ Վագների կոնսերվատորիայում կարելի է ստանալ արտիստի դիպլոմ, որի վճարը կազմում է տարեկան 4900 եվրո: Կոնսերվատորիան ակադեմիական կոչումներ շնորհելու իրավունք չունի, սակայն ուսանողները արտիստի դիպլոմից բացի` կարող են ստանալ նաև բակալավրի կամ մագիստրոսի կոչում` շնորհիվ Երևանի պետական կոնսերվատրիայի հետ համագործակցության: Ուսանողներն այս դիպլոմները ստանում են առանց Երևանի կոնսերվատորիայի դասընթացներին հաճախելու և պետք է Երևան գան միայն ավարտական քննություն հանձնելու համար` հավելյալ 3600 եվրո վճարելով: Փաստորեն, ուսանողները դիպլոմներ են ստանում ընդհանրապես առանց ակադեմիական դասընթացների հաճախելու, եթե հաշվի առնենք, որ Վագներ կոնսերվատորիան, ըստ օրենքի, իրավազոր չէ դրանք կազմակերպելու և չի կազմակերպում: Վիեննայից կարելի է ստանալ նույնիսկ ասպիրանտի կոչում, այս անգամ` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից` վճարելով տարեկան 3600 եվրո:

Մինչ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը և Ռիխարդ Վագներ կոնսերվատորիան գովազդում էին Վիեննայում սովորելու և Երևանի կոնսերվատորիայի դիպլոմ ստանալու հեռանկարները, և՛ Երևանի կոնսերվատորիան, և՛ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հերքում էին ​​Երևանի կոնսերվատորիայի ու Վագներ կոնսերվատորիայի համագործակցության փաստը: Չնայած «Համագործակցության մասին համաձայնագիր» է ստորագրվել 2014թ. սեպտեմբերի 27-ին` «այն երբեք չի իրականացել» և, հետևաբար, երկու կոնսերվատորիաներում միաժամանակ սովորող հայ կամ արտասահմանցի ուսանողներ չկան: Այս մասին են պնդում երկու հաստատությունները «Հետք»-ին ուղարկած պատասխաններում:

Սակայն, ավստրիացի մեր գործընկերներին տված առաջին հարցազրույցում Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի տնօրեն Միրզա Կապետանովիչը հպարտանում էր` պատմելով, որ իր մի քանի ուսանողներ 2017թ. հունիսին առաջին համատեղ դիպլոմները կստանան. երեքը` Հայաստանում և վեցը` Բոսնիայում: Հայաստանի ԿԳՆ-ից ստացված պատասխանը ներկայացնելուց հետո Կապետանովիչը հանկարծակի և կտրուկ ամեն ինչ հերքեց:

Չնայած պահպանվել են և՛ ձայնագրությունը, և՛ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի ուղարկած գովազդային բրոշյուրը, և՛ Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի կայքում առկա տեղեկությունը` Կապետանովիչը փորձում է ժխտել համագործակցությունը` խոստովանելով, որ Վագներ կոնսերվատորիան համալսարան չէ, հետևաբար՝ ակադեմիական կոչումներ շնորհել չի կարող:

Նշենք, որ ավստրիական օրենքի համաձայն՝ Ավստրիայում կոնսերվատորիան, ի տարբերություն համալսարանի, կարող է շնորհել արտիստի ​​դիպլոմներ, բայց ոչ ակադեմիական աստիճաններ: Սակայն, քանի որ շատ ուսանողներ բակալավրի կամ մագիստրոսի կոչումներն ավելի գրավիչ են համարում, Վագներ կոնսերվատորիան որոշեց «համագործակցել» արտասահմանյան բուհերի հետ: Ընտրությունը կանգ առավ Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի և Բոսնիայի Դոբայ քաղաքի Սլոբոմիր Պ մասնավոր համալսարանի վրա, թերևս այն պատճառով, որ քիչ համալսարաններ կհամաձայնեն իրենց կոչումներն անվանարկել՝ շնորհելով դրանք Վագների կոնսերվատորիայի` մասնագիտական ցածր, սիրողական մակարդակի ուսանողներին, որոնք անգամ ակադեմիական դասընթացների չեն հաճախել: Այսպիսով, Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի համագործակցությունը կայացավ Սմբատյան ընտանիքի և Սլոբոմիր Պ մասնավոր համալսարանի հիմնադիր Սլոբոդան Պավլովիչի հետ:

Բացի ԱՕԿՍ-ի շենքի և Չայկովսկու դպրոցի տարածքների սեփականացումից, «Դել Ջեզու» հիմնադրամի և Swissgart-ի հետ կասկածելի համագործակցությունից և Խաչատրյանի անվան մրցույթում տեղ գտած կեղծարարություններից` Արմեն Սմբատյանը մեղադրվել է նաև Հայաստանի մշակութային բյուջեի մի մասն իր ընտանիքի անդամներին ուղղելու մեջ: Նրա որդին` Սերգեյը, համարվում է խոշոր շահառուներից մեկը. 2016թ. միայն իր «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ի համար երիտասարդ դիրիժորը կառավարությունից ստացել է 100,8 մլն դրամ: Իսկ նրա հիմնած Երիտասարդական նվագախումբը անմիջապես ստացավ պետական կարգավիճակ՝ անկախ Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի մասնագիտական ակնհայտորեն ցածր մակարդակից, որը քննարկում են հանդիսատեսից մինչև մասնագետ:

2002-2010թթ. Արմեն Սմբատյանը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանն էր: Մամուլը պարբերաբար անդրադառնում է Արմեն Սմբատյանի անվան հետ կապված սկանդալային պատմություններին:

Ռիխարդ Վագների կոնսերվատորիայի մյուս գործընկերը` Սլոբոդան Պավլովիչը, ներգրավված էր փողերի լվացման սկանդալի մեջ: 2015թ. փետրվարին նա և երեք այլ կասկածյալներ ձերբակալվեցին մի գործով, որով անցնում է նաև Բոսնիայի Սերբական Հանրապետության ներկայիս նախագահ Միլորադ Դոդիկը: Ի թիվս այլ բաների, նրանց կասկածում են պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ:

Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի մյուս երկու գործընկերներն են «Դել Ջեզու» գոյություն չունեցող հիմնադրամը և Ինո Միրկովիչի` կեղծարարությամբ հայտնի Swissgart գործակալությունը, որոնց մենք արդեն մանրամասն անդրադարձել ենք: Չնայած մեր հետազոտության ընթացքում Ռիխարդ Վագների կոնսերվատորիան իր կայքից հեռացրեց դրանց լոգոները` վկայությունը պահպանվել է առցանց արխիվում:

Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի գործընկերները` կոնսերվատորիայի կայքում / 4 նոյեմբերի, 2016

Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի գովազդների ձեռագիրը՝ հիմնված կեղծված և չափազանցված տեղեկությունների վրա, մեզ ծանոթ է Սմբատյան ընտանիքի ամբողջ գործունեությունից: Վագներ կոնսերվատորիան` իբրև «աշխարհի առաջատար երաժշտական ​​դպրոցներից մեկը», առաջարկում է «ամենահայտնի երաժիշտներին նույն տանիքի ներքո աշխատել» և «ուսուցման ամենաբարձր որակ», որի արդյունքում իր ուսանողները «հաղթում են խոշոր մրցույթներ» և դասվում «մեր ժամանակների լավագույն մենակատարների շարքերը»:

Ի հակասություն համաշխարհային առաջնակարգ հաստատության հպարտ ինքնանկարագրման՝ Ռիխարդ Վագներ կոնսերվատորիան զբաղեցնում է ընդամենը մի քանի սենյակ Վիեննայի 12-րդ անշուք թաղամասի Längenfeldgasse մետրոյի մերձակա մի շենքի երկրորդ հարկում, որի առաջին հարկում ինչ-որ զեղչային ծառայությունների կենտրոն է: Ռիխարդ Վագների կայքում ներկայացված դասախոսների մեծ մասն իրականում չի դասավանդում կոնսերվատորիայում. ոմանք այս 4 տարիների ընթացքում ընդամենը վարպետության մեկօրյա դասընթաց են անցկացրել, իսկ մի մասն ընդհանրապես հերքել է այդ տեղեկությունը:

Կայքում ներկայացված 40 դասախոսների մի մասը նույնիսկ տեղյակ չէ, որ աշխատում է Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայում: Օրինակ` Ստանիսլավ Տիխոնովը զարմացած է, որ ֆակուլտետի անդամ է: Չնայած նա մի քանի տարի առաջ համաձայնել էր մի ուսանող վերցնել, սակայն դասավանդումը «անձնական և կազմակերպչական պատճառներով չկայացավ»: Ռոման Պատկոլոն ևս ժխտում է իր ներգրավվածությունը կոնսերվատորիայի դասավանդման պրոցեսում. «Պետք է որ ինչ-որ թյուրիմացություն լինի»: «Ես չեմ դասավանդում և վարպետության դասեր չեմ տալիս Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայում»,- գրում է նա:

Ինչ վերաբերում է Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի ընդունելության պահանջներին, ապա չափանիշներն այստեղ խիստ ցածր են: Չնայած սովորաբար միջազգային հաստատություններն իրենց կայքում ներկայացնում են դիմորդների, ընդունվողների և օտարերկրյա ուսանողների թիվը (օրինակ՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում` MDW, 600 դիմորդից ընդունվում է 100 ուսանող), Վագներ կոնսերվատորիան այդ թվերը չի պահում և չի հրապարակում: Այդ վիճակագրությունը չտրամադրեց նաև Վիեննայի քաղաքային կրթության մարմինը (Vienna Municipal Education Authority): Նշենք, որ ավստրիական DOSSIER առցանց լրատվամիջոցը դատի է տվել նրանց` տեղեկատվության ազատության օրենքի ոտնահարման փաստով: Նույնիսկ ներգաղթի և քաղաքացիության համար պատասխանատու Վիեննայի քաղաքային վարչությունը չունի տեղեկություն, թե քանի ուսանող է դիմել բնակության թույլտվություն ստանալու համար, և որ հաստատություններ են դիմել նրանք:

Ինչևէ, իրենք՝ ուսանողները, վկայում են, որ այստեղ ընդունվելու համար մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն: Մարտին Լ.-ի դեպքը (անունը փոխված է գաղտնիության համար) ցույց է տալիս, որ հեշտ է ընդունվել Ռիխարդ Վագներ կոնսերվատորիա: Այսպես, նա 2013-ին ընդունվեց մեներգություն սովորելու՝ առանց նախկինում երգեցողության որևէ դաս ստանալու: Այլ հարցազրույցներում ևս դպրոցում գրանցված ուսանողները նկարագրեցին ընդունելության քննությունն իբրև «շատ հեշտ»: Բացի երաժշտական գործիքի առկայությունից, դիմորդներից պահանջվում է նոտաների տարրական իմացություն՝ առանց երաժշտական ​​տեսության խորը գիտելիքների: Ըստ ուսանողների՝ գերմաներենի իմացության կամ ցանկացած այլ վկայագրի անհրաժեշտություն չկա: Ի հակադրություն՝ Երաժշտության և կատարողական արվեստի համալսարանը բազմաստիճան ընդունման կարգ ունի, որը թեստավորում է ակուստիկայի և երաժշտության տեսության գիտելիքները, պահանջում ուսանողի հիմնական գործիքի և դաշնամուրի ունկնդրում և B1 մակարդակի գերմաներենի իմացություն:

Կապետանովիչն ինքն էլ հպարտանում է, որ յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել ընդունելության քննություններին և համարում է դա մարդու իրավունքների բաղկացուցիչ մաս: Որպես օրինակ նա նշում է իրանցի մի ուսանողի, որի մասին նամակ էր ստացել Իրանի հյուպատոսությունից: Ուսանողին ավստրիական վիզա էր հարկավոր Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի ընդունելության քննության համար, սակայն հյուպատոսարանը գրում էր, որ «…չի կարող պատկերացնել, թե ինչու պետք է օդորակման արհեստավորը ցանկանա սովորել դասական երաժշտություն»:

Ուսանողների մոտ 80 տոկոսն օտարերկրացիներ են, որոնցից ոմանք դիմում են ավստրիական կացության թույլտվություն ստանալու և Վիեննայում ապրելու առավելությունից օգտվելու համար: Ասիական կամ իրանյան շուկայի համար հաճախ բավարար է Վիեննայի ցանկացած հաստատության արտիստի դիպլոմը, իսկ Երևանի պետական կոնսերվատորիայից կամ Բոսնիայից ստացված ակադեմիական կոչումներն առավել քան արդարացնում են ուսման բարձր վարձերը (համեմատության համար՝ անգամ Վիեննայի երաժշտության և արվեստի համալսարանում վարձը տարեկան մոտ 1500 եվրո է` Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների ուսանողների համար):

Այսպիսով, Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի ուսանողները, որոնք ցածր մասնագիտական գիտելիքներ ունեն և ակադեմիական դասընթացների չեն հաճախում, հեշտությամբ ձեռք են բերում Վիեննայի կացության իրավունք: Ավստրիացի լրագողներին անհանգստացնում են Ավստրիայի անփույթ վերահսկողությունը, օրենքի բացթողումներն ու տեղեկատվության ազատության ոտնահարումը: Չեն վերահսկվում «կոնսերվատորիա» և «երաժշտական ​​ակադեմիա» հաստատություններին տրվող անվանումները, հավատարմագրերը և ոչ էլ դրանց կրթության որակը, արդյունքում՝ կեղծ դիպլոմների և վարպետության դասերի շահարկում, օֆշորային ընկերությունների խորհրդատվություններ եւ ձևական ընկերությունների (shell company) կասկածելի համագործակցություն:

Պատասխանելով «Հետք»-ի հարցերին` Արմեն Սմբատյանը կրկնեց «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամի տնօրենի հայտնածը, թե «Դել Ջեզու» հիմնադրամի հետ համագործակցություն եղել է միայն մեկ անգամ` 2015թ-ին, հետևապես տեղեկություններ չունի հիմնադրամի գործունեության և գտնվելու վայրի մասին:

Ինչ վերաբերում է Վիեննայի Ռիխարդ Վագների կոնսերվատորիայի հետ համագործակցությանը, Սմբատյանը պատասխանել է. «Վիեննայի Ռիխարդ Վագների կոնսերվատորիան երբևիցե չի հանդիսացել և չի համարվել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական գործընկեր»: Ավելին, նա առաջին անգամ է լսում Միրզա Կապետանովիչի մասին:

Այս ամենին զուգահեռ Հայաստանում բարգավաճում է Սմբատյանների մշակութային կայսրությունը, ՀՀ կրթամշակութային բյուջեի զգալի մասը կենտրոնանում է Սմբատյան ընտանիքի ձեռքում, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մշակութային հարցերում խորհուրդներ է տալիս իր խորհրդական Արմեն Սմբատյանը:

Գլխավոր լուսանկարում` Վիեննայի Ռիխարդ Վագների կոնսերվատորիայի շենքը


Հետազոտությունն իրականցվել է Ռոբերտ Բոշ հիմնադրամի օժանդակությամբ' «Դոսիեր» լրատվամիջոցի հետ համատեղ

Մեկնաբանություններ (4)

Диана
С ума можно сойти, каждая статья, о клане с «творческой» направленностью Смбатянов, содержит стопку фактов о коррупции.
Արմեն
սմբատյանների տեսակի շնորհիվ հայ մարդիկ զզվում, հեռանում ու լքում են ՀՀ կոչվող պետությունը, «Հետք» ի տեսակի շնորհիվ՝ կարոտում Հայաստան Հայրենիքը ու վերադառնում ...
astghik
Մեղավոր է ոչ միայն Հայաստանի կոռումպացված իշխանությունը, այլ մեր մտավորականությունը, որ ստորաքարշորեն ժպտալով ծառայում է սմբատյաններին, հետևից բամբասելով և հանդիսատեսը, որ հանդուրժում է սերգեյի աղաղակող տգիտությունը և նվագախմբի խայտառակ կակաֆոնիան:
Владимир
Больно ребята, жулики и мошенники с улыбкой милой на лице, безнаказанно съедают нашу и так нищую страну....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter