Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հայկական ստարտափ ակադեմիա՝ նոր մշակույթ ստարտափ էկոհամակարգում


Մանե Գևորգյան

Հոկտեմբերի 16-ից Հայաստանում կգործի առաջին հայկական ստարտափ ակադեմիան՝ Armenia Startup Academy, որի նպատակն է անհրաժեշտ գիտելիքի և փորձի շնորհիվ զարգացնել հայկական ստարտափ էկոհամակարգն ու ստեղծել մի միջավայր, որտեղ առաջ կգան համաշխարհային մակարդակով ասելիք ունեցող տեխնոլոգիական ստարտափներ։ Այն կօգնի ստարտափերներին ստեղծել արտադրանք, որի կարիքն իրոք կա և որի համար մարդիկ պատրաստ են վճարել։

Ակադեմիան SmartGateVC-ի հիմնադիրների կողմից ստեղծված Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։

Հայկական ստարտափ ակադեմիային մինչև հոկտեմբերի 9-ը կարող են դիմել բոլոր այն ստարտափները, որոնք արդեն իսկ ինչ-որ գործունեություն են իրականացնում։ Քանի որ սա նախաաքսելերացիոն ծրագիր է, ստարտափները պետք է ավարտած լինեն նախնական գաղափարի համար նախատեսված ինկուբացիոն շրջանը։

Հայտադիմումների և հարցազրույցների հիման վրա կընտրվի առավելագույնը 15 ստարտափ։ Կրթական այս ծրագիրի տևողությունը 12 շաբաթ է:

Առաջին 4 շաբաթը նախատեսված է մասնագետների օգնությամբ ստարտափի հետ կապված ներքին և արտաքին գործոնների հստակեցման համար։ Այդ ընթացքում պետք է պարզել՝ ինչպես է հնարավոր բարձրացնել հիմնադիրների աշխատանքային արդյունավետությունը, քննարկել արտադրանքի որակի բարելավման տարբերակները, հստակեցնել շուկան ու հասկանալ՝ ովքեր են հնարավոր ներդրողները։

Երկրորդ 4 շաբաթվա ընթացքում կընտրվի հիմնական շուկան (market selection) ու կմշակվի, և վերջում պատրաստ կլինի ստարտափի «go to market» ռազմավարությունը։ Հաշվի կառնվեն բազմաթիվ գործոններ՝ տվյալ շուկայում հնարավոր աքսելերատորները, օգտագործողների վարքագիծը, տվյալ շուկայում արտադրանքի զարգացման հեռանկարը և այլն։

Վերջին 4 շաբաթը նախատեսված է market validation-ին պատրաստվելուն։ Նախատեսվում է, որ ծրագրի վերջում ստարտափները ներդրումների շնորհիվ իրենց գործունեությունը որոշ ժամանակ կշարունակեն արդեն իսկ ընտրած շուկայում կամ որևէ գլոբալ աքսելերատոր կընդունվեն՝ մինչ այդ եղած բիզնես ենթադրությունները (business assumptions) հստակեցնելու համար։

Հայկական ստարտափ ակադեմիայի գաղափարի հիմքում Սիլիկոնյան հովտում կիրառվող որոշ ծրագրեր են, որոնք, իհարկե, մշակվել և հարմարեցվել են հայկական իրականությանը։ Ծրագրի իրականացմանը աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաև արտասահմանում ապրող հայ համայնքի տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցները։ Նրանցից շատերը որպես մենթոր ներգրավված կլինեն ծրագրում կամ պարզապես իրենց խորհուրդներով կօգնեն ստարտափերներին։

Ծրագիրը հիմնականում նախատեսված է ընտրված ստարտափների համար, սակայն հանրային միջոցառումները բաց կլինեն բոլոր ցանկացողների համար։ Մասնակցության տեսանկյունից սահմանափակումներ չկան։ Նախատեսվում է, որ մասնակիցները օրվա մեծ մասը կանցկացնեն հատուկ co-working տարածքում, որը կունենա նաև հանդիպումների համար նախատեսված սենյակներ։

Ակադեմիայում ստարտափների հետ աշխատելու են տարբեր մասնագետներ՝ մենթորներ՝ ձեռներեցության ոլորտում փորձառու մարդիկ, որոնք պատրաստ են իրենց փորձը շարունակաբար կիսել ստարտափերների հետ, դասընթացավարներ, instructors, entrepreneurial assistants, որոնք կոնկրետ ոլորտների վերաբերյալ հստակ գիտելիք կփոխանցեն և հրավիրված խոսնակներ, որոնք տարբեր հետաքրքիր թեմաների շուրջ դասախոսություններ կկարդան։ Նախապես առանձնացվել է 5 կարևոր ոլորտ՝ Growth hacking, Product analytics, Costomer development, Sales, Communication and Culture: Մի քանի շաբաթվա ընթացքում այս թեմաներն ամբողջ խորությամբ ուսումնասիրել են նախապես ընտրված 7 երիտասարդ մասնագետները, որոնք էլ ծրագրի շրջանակում այդ գիտելիքը կփոխացեն ստարտափերներին։ Ակադեմիայի ընձեռած կարևոր հնարավորություններից մեկն է լինելու նաև customer development tracking անելու մեթոդաբանությունից օգտվելը։ Հասանելիության տեսանկյունից քիչ օգտագործվող այս մեթոդի շնորհիվ հնարավոր կլինի հստակեցնել customer segment-ը, value proposition-ը և օպտիմալացնել վաճառքի ուղիները։

SmartGateVC-ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանի խոսքերով՝ ակադեմիայի կրթական ծրագիրը նախատեսված է ոչ միայն տեսական և գործնական գիտելիք տրամադրելու, այլև ստարտափը ներդրողների տեսանկյունից հնարավորինս պատրաստի դարձնելու համար. «Վենչուրային ներդրումներ կարտարողները նախքան որոշում կայացնելը ստուգում են ստարտափի հետ կապված հնարավոր 10 ասպեկտները։ Գոյություն ունեն տեխնիկական, շուկայական, ֆինանսական, իրավական, թիմի, հաճախորդների հետ կապված և այլ due diligence գործընթացներ։ Մեր ծրագրում ներառված են համապատասխան թեմաներ հենց այս տասը ասպեկտներից յուրաքանչյուրին ամեն շաբաթ անդրադառնալու համար»։

Յուրաքանչյուր 3 շաբաթը մեկ ստարտափերներն իրենց ելույթ-ներկայացումների ընթացքում կամփոփեն արված աշխատանքների արդյունքները։ Այս ամբողջ ընթացքում, ինչպես նաև վերջին օրը ներկա կլինեն տարբեր ներդրողներ։ SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանն ասում է. «Քանի որ վենչուրային ներդրումների դեպքում շատ ընդունված են համաներդրումները, մենք անում ենք ամեն ինչ, որ ակադեմիայում ներդրողները ծանոթանան, շփվեն, հետևեն ստարտափների գործունեությանը, որ հետո ներդրումներ անենք ոչ միայն մենք, այլև մյուսները»։

Հայկական ստարտափ ակադեմիայի այս ծրագիրն ավարտելուց հետո ստարտափները պատրաստ կլինեն անկախ զարգանալու կամ մասնակցելու աքսելարատոր ծրագրի՝ ունենալով 6-12 ամսվա նախատեսվող գործողությունների պլանը։


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։