HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ընդդիմությունը կզրկվի ևս մեկ գործիքից․ ԱԺ-ն քննարկում է Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքը

91 գրանցված պատգամավորներով մեկնարկեց ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը: Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը քվեարկության ներկայացրեց օրակարգը, որից հետո երկրորդ ընթերցմամբ սկսվեցին «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության քննարկումները։

Այս նախաձեռնությունը ընդդիմադիր պատգամավորների կողմից բնորոշվեց որպես Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների լիազորությունների կրճատման փորձ։ Տեղեկացնենք, որ ըստ Երևանի մասին ՏԻՄ օրենքի՝ Երևանի ավագանու որևէ խմբակցություն կարող է տեղական հանրաքվե կատարելու առաջարկությամբ հանդես գալ։ Կառավարությունը, սակայն, առաջարկում է «որևէ խմբակցություն» բառերը փոխարինել անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդ բառերով։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մտքերի փոխանակման ժամանակ հայտարարեց, որ Երևանի ավագանու խմբակցությունը պետք է իրավասություն ունենա իր տեսակետը ներկայացնել տեղական հանրաքվեի վերաբերյալ։

«Այդ առաջարկը, սակայն, մերժվել է կառավարության կողմից, և տպավորությունն այնպիսին է,  որ իրենք բոլոր նախագծերը հրեշտակի տեսքով համապատասխանեցնում են սահմանադրությանն ու նախագծերը սղցնում են։ Սա հետընթաց է, ավագանու խմբակցությունն ընդամենը առաջարկով պետք է հանդես գար, ինչի՞ց եք վախենում»,- ասաց Զոհրաբյանը՝ դիմելով խորհրդարանական մեծամասնությանը։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ իրենց խմբակցությունը գրավոր առաջարկությամբ է հանդես եկել, ինչը մերժվել է գործադիրի կողմից։

«Հարցն ընդամենն այն է, թե Երևանի ավագանու խմբակցությունն իրավունք կունենա՞ հանդես գալ քաղաքային հանրաքվեի առաջարկությամբ, թե ոչ։ Ընդ որում, այդ առաջարկությունը չի նշանակում,  որ այն պետք է տեղի ունենա, պարզապես ավագանին պետք է քննարկի ու որոշում կայացնի։ Սակայն մեծամասնությունը որոշել է այդ իրավունքը վերցնել»,- ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ իշխող ուժը որքան բարձր է գոռում ժողովրդավարության մասին, նույնքան ինտենսիվ էլ վերացվում է այդ գործիքները։

Փաշինյանի ելույթին արձագանքեց հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նրա համոզմամբ՝ ընդդիմությունը պարզապես շահարկում է այն հարցը, թե զրկվում է հանրաքվե կատարելու իրավունքից, այն դեպքում, երբ այդ գործիքը անգործության մատնված է եղել հենց ընդդիմության կողմից։

Քննարկմանը մասնակցեց նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, թե փոփոխությունը կատարվել է փոփոխված սահմանադրությանը համապատասխանեցվելու համար։ Շարմազանովը, դիմելով ընդդիմադիրներին, կոչ արեց համախոհներ գտնել ոչ միայն ընդդիմադիրների, այլև իշխանության ներկայացուցիչների մեջ և այդ կերպ ապահովել հանրաքվեի առաջարկությամբ հանդես գալու համար պահանջվող 1/3 մասը։

Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց, որ օրինակ խորհրդարանում մեկ երրորդով հրավիրված նիստերի ժամանակ երբեք քվորում չի ապահովվել։

«Ընտրական օրենսգիրքը դուք եք ընդունել, այնպես ընդունեիք, որ խմբակցությունը 50-60 հոգանոց լիներ»,- ասաց Փաշինյանը։

Հարցի քննարկումը երկրորդ ընթերցմամբ ավարտվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter