Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Չարենցավանի համայնքապետը 26 միավոր անշարժ գույք ունի



Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը հուլիսի 1-ի դրությամբ ունեցած գույքի ու եկամուտների հայտարարագիր է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխությունից հետո սա քաղաքապետի առաջին հայտարարագիրն է: Մինչ այդ նա չէր համարվում հայտարարագիր ներկայացնող անձ:

Հակոբ Շահգալդյանը համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն 10 տարի՝ 2007 թվականից: Նա քաղաքապետ ընտրվեց այն ժամանակ, երբ Կոտայքի մարզպետը հայրն էր՝ Կավալենկո Շահգալդյանը, ով պաշտոնավարել է մինչև 2014 թվականը:

Պաշտոնատար անձինք սովորաբար լիարժեք չեն ներկայացնում իրենց ունեցվածքը. կամ դրանք թաքցնում են, կամ՝ գրանցում այլ անձանց անուններով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հակոբ Շահգալդյանը «բիզնեսմենի» համբավ ունի մարզում` նա համեմատաբար «համեստ» հայտարարագիր է ներկայացրել:

Հուլիսի 1-ի դրությամբ Չարենցավանի համայնքապետն ունեցել է թվով 26 անշարժ գույք, որից 2-ը բնակարան, 3-ը՝ ավտոտնակ, 1 հասարակական նշանակության շինություն և 20 կտոր հողամաս:

Հակոբ Շահգալդյանն ունի նաև HYUNDAI SONATA 2.4 և HYUNDAI SONATA 2.5L մակնիշի ավտոմեքենաներ:

Տարբեր ընկերություններում, որոնց անունները օրենքով հրապարակման ենթակա չեն, Հակոբ Շահգալդյանն ունի բաժնեմասեր և բաժնետոմս՝ ընդհանուր 22 միլիոն 580 հազար դրամ արժեքով:

Փոխարենը, որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է ընդամենը մեկ ընկերությունից ստացած շահաբաժինը՝ 3 միլիոն դրամ: 1 միլիոն 326 հազար դրամի եկամուտ էլ Հ. Շահգալդյանին ապահովել է քաղաքապետի աշխատավարձը:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա հուլիսի 1-ի դրությամբ քաղաքապետն իր հաշվին ունեցել է 42 միլիոն դրամ:

Լուսանկարը՝ Չարենցավանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Լուսիկ19:41 - 3 հոկտեմբերի, 2017
Ծանոթանալով հայ տարբեր պաշտոնյաների միայն հայտարագրած ունեցվածքի հետ, հասկանում ես, թե ինչու մեր պետությունը ու ժողովուրդն այս թշվառ վիճակում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ