HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարվածության նոր ալիք է սպասվում Ջավախքում. այս անգամ՝ Տաբածղուր գյուղում

Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ մրցակից ուժերը փորձում են լարվածության տարբեր ալիքներ առաջացնել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Այդ նպատակով օգտագործում են տեղի հայ բնակիչներին և նրանց հուզող հիմնախնդիրները՝ հրահրելով նորանոր միջադեպեր:

Օրերս Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած խաչքարի տեղադրումը բախման առիթ դարձավ և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց՝ ռուս-ադրբեջանական սադրանքից մինչև վիճահարույց եկեղեցիների հարցին լուծում չտված հայ-վրացական եղբայրական հարաբերությունների անորոշ կարգավիճակ:

«Հետք»-ը քիչ առաջ ահազանգ ստացավ նաև Սամցխե-Ջավախքի Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի բնակիչներից: Այստեղ էլ կրկին թեժացել է Տաբածղուր լճում ձկնորսության հարցը: Հիշեցնենք՝ Տաբածղուր լիճը վարձակալության պայմանագրով հանձնվել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» ՍՊԸ-ին, որը գյուղացիներին արգելել էր այլևս լճից օգտվել:

Վարդան Այվազյանի մտերիմներն այս ամառ հայտարարել են, որ իրենք իբրև թե այլևս գործ չունեն լճի հետ, և լճի նկատմամբ իրենց իրավունքը վաճառել են Տաբածղուր գյուղում գտնվող հյուրանոցի սեփականատիրոջը՝ Զազա Սարալիձեին: Սակայն գյուղացիները չեն հավատում Այվազյանի այս քայլին և վստահ են, որ նա պարզապես ցանկացել է թիկունքում մնալ՝ իր անվան հետագա շահարկումից խուսափելու համար: Փոխարենը վրացի գործընկերոջն է լիազորություններ տվել հարցը վերջնականապես լուծելու և լիճը գյուղացիներից խլելու նպատակով:  

Ինչ է տեղի ունեցել իրականում: Համաձայն Վրաստանի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի փաստաթղթերի, «Լճեր» ՍՊԸ-ի բաժնեմասն այս տարվա հունիսի 11-ին Վարդան Այվազյանի զարմիկը՝ Արմեն Այվազյանը, ով ընկերության 100 տոկոս բաժնեմասի իրավատերն էր, վաճառել է բաժնեմասի 50% -ը Զազա Սարալիձեին: Մնացյալ 50 % -ը դեռևս Այվազյանի զարմիկի անվամբ է:

Այն, որ Արմեն Այվազյանն անմիջականորեն կապ ունի Վարդան Այվազյանի հետ, ցույց է տալիս նաև ՀՀ ընկերությունների պետական ռեգիստրում Այվազյանների ընտանիքին պատկանող ընկերություններում Արմենի ներկայությունը: Օրինակ՝ «Այգես» ՍՊԸ-ում, որը պատկանում է Վարդան Այվազյանի որդուն՝ Սուրեն Ավյազյանին, Արմեն Այվազյանը տնօրեն է:

«Լճեր» ՍՊԸ-ի բաժնեմասի առք ու վաճառքի պայմանագրում գործարքի գինը կազմել է 125 հազար դոլարին համարժեք լարի, որը գնորդը պարտավորվել է վճարել 3 տարվա ընթացքում:

Զազա Սարալիձեին այս գործարքում ներկայացնում է Խաշուր քաղաքում գրանցված հայազգի Գիորգի Կարաղյանը:

«Հետք»-ի հետ զրույցում Տաբածղուր գյուղի բնակիչ Հովհաննեսը պատմեց, որ հոկտեմբերի 5-ին լճի նոր համասեփականտերն այցելելու է գյուղ, սպառնացել են, որ հատուկ ջոկատայիններ են բերելու, որպեսզի լճի հարցը վերջնականապես կարգավորեն: Սակայն Տաբածղուր գյուղի բնակիչները մարտական են տրամադրված:

Բացի դրանից, գյուղացու ասելով, նոր համասեփականատերը Վրաստանի ընդդիմության թևի ներկայացուցիչ է, և այս հարցը ևս քաղաքական նպատակներով է ցանկանում օգտագործել: Հետևաբար, հոկտեմբերի 5-ին ողջ գյուղը ոտքի է կանգնելու, որպեսզի թույլ չտա ո´չ քաղաքականացնել հարցը, ո´չ էլ լճին տիրանալ: 

Մեկնաբանություններ (1)

GB
Georgia needs Turkic herds assistance, in order to remain a fake Christian nation!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter